Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ընդլայնում է ուսանողների սոցիալական աջակցության ծրագրերը։ Մասնավորապես, հիմնադրամը հայտարարել էր պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում փոխհատուցելու մասին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացնում է, որ հաշվի առնելով բազմաթիվ դիմում-խնդրանքները` ՀԵՀ-ը որոշում է կայացրել իր միջոցների հաշվին փոխհատուցել նաև 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական և միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների կրթավճարը։ «Մենք աստիճանաբար մեր սոցիալական աջակցության ծրագրերում սկսում ենք ընդգրկել նաև ոչ պետական և միջպետական բուհերը՝ հնարավորինս շատ երիտասարդների ներգրավելով մեր ծրագրերում»,- նշում է Կարեն Ավագյանը։
Տեղեկացնենք, որ երկու և ավելի երեխաներ ունեցող ուսանող-ծնողները Հայաստանի երիտասարդական հիմնադրամին պետք է դիմեն անձամբ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 2-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է՝ 13.00-14.00-ն): Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ դիմում (լրացվում է տեղում), 2 լուսանկար 3×4, անձնագրի պատճենը, ստուգման գրքույկի պատճենը, ուսանողական տոմսի պատճենը, տեղեկանք բուհից, ամուսնության վկայականի պատճենը, ամուսնու/կնոջ անձնագրի պատճենը (եթե ամուսնությունը գրանցված է), երեխաների ծննդյան վկայականների պատճենները, փոխանցման հաշիվ` ողջ տարվա ուսման վարձի չափով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն