Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ինտերնետային շահումով խաղերը Հայաստանում կարգելափակվե՞ն

Սեպտեմբեր 11,2015 13:55

«Բոլորդ ժամացույցին եք նայում, մտածում եք`շուտ պրծնենք գնանք»,- այս դիտողությունն այսօր ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում գործընկերներին արեց նիստը նախագահող Վարդան Այվազյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանը նկատեց. «Շոգ ա, տոթ ա, թանկացումից հետո ա հա՞ երեւի»: Նա նկատի ուներ, որ նիստի դահլիճում հովացման համակարգն անջատված էր: «ԱԺ տնտեսվարման կարգին ես ծանոթ չեմ»,- գործընկերոջը հակադարձեց Վարդան Այվազյանը:

Իսկ նիստում քննարկվում էր «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը:

ՀՀ կառավարությունն առաջարկում է ինտերնետային շահումով խաղերի լիցենզիան դադարացնել: Իշխող Հանրապետական խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Վարդան Այվազյանի համոզմամբ, դա հանգեցնելու է ոլորտում մոնոպոլիայի հաստատման, քանի որ անհրաժեշտ պահանջները անհնարին են դարձնում լիցենզավորումը: Այդ կարծիքին է նաեւ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

«Առաջարկում ենք ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման պարզ լիցենզավորման գործընթացը տեղափոխվել բարդ լիցենզավորման դաշտ»,- կառավարության տեսակետը ներկայացրեց հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Վարդան Այվազյանը հետաքրքրվեց` ի՞նչ նպատակ ունի տեղական ինտերնետային շահումով խաղերի լիցենզավորումը բարդացնել, երբ գոյություն ունեն արտասահմանյան նման ինտերնետային կայքեր, որոնք Հայաստանի համար հասանելի են: «Դրսի սայթերը ո՞նց ենք վերահսկելու: Հիմա ես բացում եմ «Եվրոպա բեթ»-ը, ես չէ… Հա, , նաև ես, նենց չի, որ դա ամոթ է, սկսում եմ խաղալ, ո՞նց ենք վերահսկելու: Աստված տվել չի խնայել էդ կայքերը, մտնում ես, սայթը գալիս ա, ապրանքները գալիս ա, պիտի էջը փոխես…»,- բացատրեց Վարդան Այվազյանը:

Վախթանգ Միրումյանն էլ համաձայնեց, թե օտարերկրյա նման կայքերի վերահսկողությունը դժվար է:

Վարդան Այվազյանը համաձայն էր նման կիսալուծմանը. «Ես կողմնակից չեմ, կողմնակից եմ, որ կամ լրիվ բացենք, կամ փակենք, կիսատ-պռատ լուծումը լավ չէ»:

Վախթանգ Միրումյանն էլ ասաց, որ օտար կայքերի վերաբերյալ նախարարությունում տարվում են քննարկումներ, ընդհուպ մինչև դրանց գործունությունը Հայաստանում սահմանափակելու մասով. «Մենք փորձում ենք եղանակ գտնել: Անգամ մտածում ենք այդ կայքերը արգելափակենք: Եղանակները քննարկվում են: Լուծումը պատրաստ չէ, չեմ կարող ներկայացնել, բայց, կրկնում եմ, մենք էլ կիսում ենք այդ տեսակետը, փնտրում ենք լուծում»:

Փոխնախարարը հայտնեց, որ բարդ ընթացակարգը ներառում է եկամուտների աղբյուրի մասին համապատասխան տեղեկանք, նախկինում դատվածություն չունենալու մասին վկայություն և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք, ըստ Վարդան Այվազյանի, գրեթե անհնարին են դարձնում ինտերնետային շահումով խաղի համար լիցենզիա ստանալու կարգը: «Ես անկեղծ ասեմ, անհանգստացած եմ, որ սա էլ ա մենաշնորհային լինելու, եթե այս պայմանները լինեն: Պարզ երևում է, տղերք, սենց չի լինի: Այն պահանջները, որոնք կան, կարող է ես սխալվում եմ, բայց դրանք անհնար են դարձնում լիցենզավորումը: Դրսինը չենք կարող վերահսկել, ներսինն էլ խստացնում ենք… Կիսատ լուծում է ստացվում: Եկեք խիստ վերահսկողություն անենք: Դրա համար կխնդրեմ նայեք հարցը»,- եզրափակեց Վարդան Այվազյանը:

Վախթանգ Միրումյանն, ի վերջո, համաձայնեց: Հարցը դեռ լրացուցիչ կքննարկեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930