Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում ցորենի գինը շուրջ 17 տոկոսով նվազել է, բայց հացի գնի նվազում չի եղել

Սեպտեմբեր 11,2015 13:52

Այս տարվա գյուղատնտեսական առատ բերքը որեւէ կերպ չի նպաստել բանջարեղենի գների նվազմանը: Համենայնդեպս, օգոստոս ամսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ, մի շարք գյուղատնտեսական ապրանքատեսակներ թանկացել են: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում իր ներկայացրած ցուցանիշներով փաստեց ԱՎԾ գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով ՀՀ սպառողական գների ինդեքսը 2015թ. հունվար -հուլիս ամիսներին:

Ըստ նրա, 2015թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատությամբ, սպառողական գների ինդեքսը կազմել է 104,8 տոկոս:
Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, բանջարեղենից թանկացել է կարտոֆիլը: Մեկ ամսում այս ապրանքատեսակի գինն աճել է 11,8 տոկոսով: Կաղամբը` 51, 1 տոկոսով, կանաչ լոբին 19 տոկոսով է թանկացել, խառը կանաչեղենը` 12,9 տոկոսով, կանաչ սոխը` 44,2 տոկոսով:

Փոխարենն էժանացել է լոլիկը 17 տոկոսով, վարունգը` 17,3 տոկոսով, սոխը` 7 տոկոսով, գազարի գինը իջել է 11 տոկոս, սեղանի ճակնդեղինը` 4 տոկոս, սխտորը, 4,5 տոկոս, սմբուկի գինը երկու անգամ նվազել է:

Եթե անցյալ տարի սպառողը կարտոֆիլի մեկ կիլոգրամը ձեռք է բերել 200 դրամով, այս տարի այն դարձել է 264 դրամ:

Այս տարի ամենաբարձր գնաճը Իջեւան քաղաքում է արձանագրվել: Իսկ ամենաբարձր գնանկումը Կապանում է եղել:

«2015 թվականի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 103,6 տոկոս, պարենային ապրանքների գներն աճել են 2,9 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 6,5 տոկոսով, ծառայությունների սակագները` 1,4 տոկոսով»,-պարզաբանեց Գուրգեն Մարտիրոսյանը:

ԱՎԾ մասնագետն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային տվյալներին: Ըստ նրա, եթե մեր երկրում օգոստոսին 0,1 տոկոս է գնաճ եղել, ապա Ռուսաստանում գնաճը կազմել է 0,4, Բելառուսում` 0,2 տոկոս, Ուկրաինայում գները նվազել են 0,8 տոկոսով, Ղազախստանում գներն աճել են 0,3 տոկոսով, Վրաստանում գնաճը կազմել է 1 տոկոս:

Հուլիսին Եվրամիության 27 երկրներից 22-ում գնանկում է արձանագրվել: Յոթ ամիսների կտրվածքով գները պահպանվել են նույն մակարդակին: Որոշ երկրներում, մասնավորապես` Հունգարիայում, արձանագրվել է գնաճ, Բուլղարիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ռումինիայում, Սլովենիայում, Ֆինլանդիայում գները նվազել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930