Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի իրագործած խոշտանգումների գործով նախաքննություն է սկսվել

Սեպտեմբեր 11,2015 13:32

Բելգիայում քաղաքական ապաստան ստացած, ընդդեմ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի՝ Եվրադատարանում 2012թ հաղթած Գրիշա Վիրաբյանը կարծում է, որ Հայաստանը ներկայիս փոխոստիկանապետի՝ տարիներ առաջ կատարած հանցագործության համար պատրաստ է նորից հազարավոր եվրոներ վճարել:

Այսօր «Հայացք» ակումբում նա ասաց, որ իր նկատմամբ խոշտանգումներ կատարած ներկայիս փոխոստիկանապետի գործը այս պահին գտնվում է ՀՔԾ-ում, քրեական գործը վերաբացվել է, նախաքննություն է ընթանում, իր՝ գլխավոր դատախազություն դիմելուց հետո:

Նա հիշեցրեց, որ Եվրադատարանը վեց ամիս ժամանակ էր տվել ՀՀ իշխանություններին՝ պատժելու բոլոր մեղավորներին, բայց Հայաստանը նախընտրեց վճարել 25.000 եվրո բարոյական վնասի եւ 6.000 եվրո՝ փաստաբանական ծախսերի համար:

Թե գործը ՀՔԾ-ում ինչ փուլում է, պարոն Վիրաբյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել, ասաց՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում է, դեռ առերեսումներ են տեղի ունենում:

Պարոն Վիրաբյանը պատմեց, որ իր նկատմամբ ճնշումներ են եղել. «Երկու օր առաջ էլ իմ բարեկամներից մեկին անօրինական ձերբակալել ու բաց են թողել մի քանի ժամ անօրինական պահելուց հետո: Ունեմ հնարավորություն հայտ ներկայացնել Եվրոպա ու իրենց տեղափոխեն այստեղից, բայց չեմ ուզում Հայաստանի անունը նորից չարչրկել Եվրադատարանում»:

Նա ասաց, որ հետեւողական գործը ավարտին է հասցնելու, մինչեւ մեղավորները չպատժվեն. «Իմ առողջությանը լուրջ վնաս է հասցվել, ու թույլ չեմ տա մեղավորների փոխարեն անմեղ մարդիկ պատժվեն: Աշոտ Կարապետյանի պահվածքը հայտնի է, նրան արդարացնելու խնդիր ոչ ոք չպետք է ունենա, հատկապես ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որը Եվրադատարանի վճռից հետո հայտարարեց, թե իրենք գիտեն, թե ինչ կոռումպացված է Եվրադատարանն ու ինչպես է որոշումներ ընդունում: Այդ դեպքում Հայաստանը վեց ամիս ժամանակ ուներ բողոքարկելու, ինչու չբողոքարկեցին ու նախընտրեցին հազարավոր եվրոներ վճարել»:

Հիշեցնենք, որ պարոն Վիրաբյանի նկատմամբ խոշտանգումները տեղի են ունեցել 2004-ի ապրիլի 23-ին Արտաշատի ոստիկանության բաժնում: Նա պատմեց, որ քաղաքական հալածանքների է ենթարկվել հանրահավաքներին ակտիվ մասնակցելու համար ու նախքան խոշտանգումները երեք ամիս հետապնդվել ոստիկանների կողմից:

Արտաշատի ոստիկանության բաժնում նրա նկատմամբ հիմնական խոշտանգումները կատարել է ներկայիս փոխոստիկանապետ, նախկինում Արարատի մարզի ոստիկանության վարչության պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը:

Ըստ նրա, դեպքի օրը Աշոտ Կարապետյանը ուշացումով ներս է մտել ոստիկանության բաժին, թքել իր կողմն ու հարվածել, հետո հրամայել է ձեռնաշղթա հագցնել իրեն ու սկսել ծեծել մոտ քառասուն րոպե: Պարոն Վիրաբյանի պատմելով՝ իր ոտքերի արանքից էր հարվածում կոշիկի սուր ծայրով:

Եվրադատարանը ապացուցված է համարել, որ Վիրաբյանի նկատմամբ հիմնական խոշտանգումներն իրականացրել է Աշոտ Կարապետյանը:

Գրիշա Վիրաբյանը վերջում նաեւ հարց ուղղեց Աշոտ Կարապետյանին՝ ինչո՞ւ չի բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, եթե իրեն մեղավոր չի ճանաչում ու համաձայն չէ ՄԻԵԴ վճռի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930