Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿՎԱԾ ՀԱՇԻՎ

Սեպտեմբեր 11,2015 10:05

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ վաթսունհինգերորդ

ՓԱԿՎԱԾ ՀԱՇԻՎ

Եվ Ռոլանդը մի քիչ մտածեց ու բաժակը բարձրացնելով ասաց՝ « Ժենյա Ղուկասովնայի կենացը», եւ Շահամիրյանը մի քիչ մտածեց ու բաժակը բարձրացնելով ասաց՝ «թող իր կենացն ըլլա» եւ մի քիչ էլ մտածեց ու Ռոլանդին նայելով ավելացրեց՝ «անկեղծ ըսած՝ ես ատանկ կասկածներ ունեի», եւ Ռոլանդը հարցրեց՝ «ի՞նչ կասկածներ», եւ Շահամիրյանն ասաց՝ «որ իմ հարցով իրեն վերեւներեն կարգադրած էին», եւ Ռոլանդը ժպտալով Շահամիրյանին ասաց՝ «պայմանավորվեցինք, որ շատ չենք խորանում», եւ Շահամիրյանը ժպտալով Ռոլանդին ասաց՝ «մանավանդ որ՝ խորանալեն ոչ մի օգուտ չունինք», եւ Ռոլանդը բաժակը բարձրացնելով ասաց՝ «Ժենյա Ղուկասովնայի կենացը», եւ մենք մեր բաժակները չխկացնելով խմեցինք Ժենյա Ղուկասովնայի կենացը, եւ երբ Շահամիրյանի կոնյակի վերջին կաթիլները մեր կողմից ոչնչացված էին, Ռոլանդը Շահամիրյանին հարցրեց՝ «կարող ա՞ էլի խմելու ցանկություն ունեք», եւ Շահամիրյանը վախեցած հարցրեց՝ «ի՞նչ խմելու», եւ Ռոլանդն ասաց՝ «վերեւում՝ դարակիս մեջ «Ախթամար» կոնյակ ունեմ», եւ Շահամիրյանը հանգստացած ասաց՝ «շնորհակալ եմ, Ռոլանդ եղբայր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իմ հիվանդություններու պարագային ասքանն ալ շատ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ես երեւի արդեն երթամ», եւ Ռոլանդն ասաց՝ «ձեր հարմարությանը նայեք, պարոն Շահամիրյան», եւ Շահամիրյանը հարցրեց՝ «գումարը տիկին Շուրայի՞ն պիտի վճարեմ, չէ նե՝ մատուցողուհուն», եւ Ռոլանդը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ գումար», եւ Շահամիրյանն ասաց՝ «մեր սեղանի հաշիվը», եւ Ռոլանդը ժպտալով Շահամիրյանին ասաց՝ «մեր սեղանի հաշիվը վաղուց փակված ա», եւ Շահամիրյանը զարմացած հարցրեց՝ «ո՞վ է փակել», եւ Ռոլանդն ինձ նայելով՝ Շահամիրյանին ասաց՝ «ես ու Արմոն նախապես հաշիվը փակել ենք», եւ Շահամիրյանն ապշահար նայեց Ռոլանդին, հետո նայեց ինձ, հետո գլուխը կախեց ու հանկարծակի սկսեց հեկեկալ, ու հենց էդ պահին մեր սեղանին մոտեցան գրականության ինստիտուտի տղերքն ու աղջկերքը՝ Բախչինյան Հենրիկը, Ալեքսանյան Արամը, Սեդան, Գայանը, եւ անակնկալի եկած Շահամիրյանը գրպանից թաշկինակը հանելով սկսեց արագ-արագ արցունքներն ու քիթբերանը սրբել, եւ երբ գրականության ինստիտուտի ժողովուրդը տեղավորվեց մեր սեղանի շուրջ, կասկարմիր Շահամիրյանն ինձ ու Ռոլանդին ասաց՝ «ես երթամ, տղաներ», եւ Ռոլանդն ասաց՝ «եթե շտապում եք, կարող եք գնալ, պարոն Շահամիրյան», եւ կասկարմիր Շահամիրյանը նախ Ռոլանդին գրկեց ու համբուրեց, այնուհետեւ ինձ նույնքան ջերմ գրկեց ու համբուրեց, եւ երբ Շահամիրյանը գնաց, Ալեքսանյան Արամը զարմացած մեզ հարցրեց՝ «էդ մարդն ինչի՞ ձեզ գրկեց ու համբուրեց», եւ Գայանն Արամին ասաց՝ «էդ մարդն իրանց թարգմանիչն ա», եւ Արամը փռթկացնելով ասաց՝ «որ իրանց թարգմանիչն ա, պիտի իրանց գրկի ու համբուրի՞» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ձեր գրքերն ա՞ թարգմանում», եւ Ռոլանդը պատասխանեց ու ասաց՝ «մեր ժուռնալն ա թարգմանում», եւ Արամը հարցրեց՝ «Ծիծեռնակը՞», եւ Ռոլանդը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Արամը հարցրեց՝ «Ծիծեռնակն» ինչերե՞ն ա թարգմանում», եւ Ռոլանդը պատասխանեց ու ասաց՝ «արեւմտահայերեն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ ոչ թե արեւմտահայերեն ա թարգմանում, այլ ուղղագրությունն ա փոխում. մեր ուղղագրությունը վերածում ա դասական ուղղագրության, որ Սփյուռքի էրեխեքը հեշտ կարդան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանք մեր էս սովետահայ ուղղագրությանը սովոր չեն», եւ Արամը մի քիչ մտածեց ու նեղացած ասաց՝ «որ ըտենց հաստիք ունեք, ինչի՞ ինձ չէիք ասում», եւ Ռոլանդն Արամին զարմացած հարցրեց՝ «խի դու դասական ուղղագրություն գիտե՞ս», եւ Արամը ծիծաղելով ասաց՝ «դրա մեջ ի՞նչ բարդ բան կա. ե-երը է ես դարձնում, ո-երը՝ կլոր օ, յան-ի փոխարեն էլ եան ես գրում, դառնում ա դասական ուղղագրություն», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզվում ա՝ էդքան էլ ըտենց չի. պարզվում ա՝ ուրիշ նրբություններ էլ կան», եւ Արամը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ուրիշ նրբություններ», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես դասական ուղղագրությունից գաղափար չունեմ», եւ Արամն ասաց՝  «Հայաստանում երեւի ոչ ոք իմ պես դասական ուղղագրություն չգիտի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Իշխանյանին չհաշված» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Համբարձումյան Ռաֆոն էլ գիտի», եւ Ռոլանդն ասաց՝ «ուրիշ իմացողներ էլ կան», եւ Արամը զարմացած հարցրեց՝ «որտե՞ղ», եւ Ռոլանդը պատասխանեց ու ասաց՝ «Մատենադարանում», եւ Արամը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մատենադարանում հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Արշալույսն ու Պողոսը հաստատ ինձնից ու Ռաֆոյից էլ լավ կիմանան» եւ մի քիչ էլ  մտածեց ու ասաց՝ «արդեն քանի տարի ա՝ Նարեկացու տեքստերն են համեմատում ու ուսումնասիրում», եւ Ռոլանդն ասաց՝ «ուրիշ իմացողներ էլ կան», եւ Արամը հարցրեց՝ «ձեր էս բիձե՞ն», եւ Ռոլանդն ասաց՝ «Մատենադարանում», եւ Արամն ասաց՝ «Մատենադարանում շատերը կիմանան»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930