Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է տարեկան մեկ միլիարդ դոլար տնտեսել

Սեպտեմբեր 11,2015 16:00

Ռուբլով առեւտրի բացասական եւ դրական կողմերը

«ՀՀ վարչապետի առաջարկը կնպաստի Հայաստանում գնագոյացման գործընթացների կարգավորմանը: Մենք մի իրավիճակում ենք, երբ անհրաժեշտ հումքային, ապրանքային ռեսուրսները եւ էներգակիրները ԵՏՄ երկրներից ներմուծվում են ԱՄՆ դոլարով, Հայաստանում հետագա գործընթացները՝ վճարումները եւ հաշվարկները, իրականացվում են ՀՀ դրամով, այնուհետեւ արտահանման պայմանագրերը կնքվում եւ վճարումները իրականացվում են ԵՏՄ ազգային արժույթներով: Այս գործընթացում գնագոյացման վրա զգալի ազդեցություն են ունենում վերջին շրջանում արձանագրված փոխարժեքի տատանումները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը` անդրադառնալով ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած առաջարկին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդ նիստում, հիշեցնենք, ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է անցում կատարել ռուբլով հաշվարկին՝ հրաժարվելով առեւտուրը դոլարին կապելուց: Հովիկ Աբրահամյանի առաջարկը, որն արդեն երկու օր է՝ բուռն քննարկումների առիթ է դարձել, հիմնականում էներգակիրների առեւտրին է վերաբերում: Մինչ այդ նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումա էր ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է Եվրասիական տնտեսական միության անդամների միջեւ առեւտրաշրջանառությունն իրականացնելիս հրաժարվել դոլարի ու եվրոյի միջանկյալ օգտագործումից եւ հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով:

Սուրեն Կարայանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը հիմնավորում է ԵՏՄ շրջանակներում մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովման խնդրով: «Վարչապետ Աբրահամյանի առաջարկը պայմանավորված է երկու կարեւորագույն հիմնախնդիրներով. մի կողմից՝ դա ԵՏՄ շրջանակներում ռազմավարական ապրանքների վճարումների իրականացման տրանսակցոն ծախսերի կրճատումն է, մյուս կողմից՝ գնագոյացման ոլորտում առկա խեղաթյուրումների վերացումը»,- ասաց մեր զրուցակիցը` մանրամասնելով, որ առաջարկը, որպես օրինակ, ենթադրում է գազամատակարարման ոլորտում անցում ՌԴ ռուբլու հաշվարկներին եւ վճարումներին. «Հայաստանը տարեկան 400 մլն ԱՄՆ դոլար է վճարում ՌԴ-ից հիմնական էներգակիրների ներմուծման դիմաց, իսկ ՌԴ-ից մասնավոր տրանսֆերտների ձեւով ՀՀ է փոխանցվում մոտավորապես 900 մլն դոլարին համարժեք գումար, որի մեծ մասը իրականացվում է ՌԴ ռուբլով: Այս տեսանկյունից ՌԴ ռուբլով էներգակիրների վճարումը իրականացնելու դեպքում կկրճատվեն արժույթի փոխարկման հետ կապված բավականին մեծ ծախսեր: ՀՀ բանկերը կհավաքագրեն տեղական շուկայում առկա ռուբլու զանգվածը եւ այն կփոխանցեն որպես էներգակիրների դիմաց վճար: Այսօր այդ զանգվածը տեղափոխվում եւ փոխարկվում է ՌԴ բորսաներում, այնուհետեւ վերադառնում Հայաստան՝ ձեւավորելով լրացուցիչ տրանսակցիոն ծախսեր»:

Թե ինչպիսի ազդեցություն կունենա հայկական տնտեսության համար ԵՏՄ անդամ երկրների հետ ռուբլով հաշվարկին անցումը՝ «Առավոտի» հետ զրույցում ավելի համակողմանի ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարման ամբիոնի դոցենտ Սարգիս Մանուկյանը: «ԵՏՄ շրջանակներում միջպետական առեւտրում ռուբլուն անցումը իր մեջ պարունակում է զգալի ռիսկեր, որոնցից հատկապես կցանկանայի նշել ռուսական ռուբլու՝ որպես անկայուն արժույթ լինելու իրողությունը, որին մեր դրամի էլ ավելի կապակցելը էապես բարձրացնում է նաեւ մեր ազգային արժույթի ռիսկերը: Ռուբլու անկայունությանը եւ թուլացմանը նպաստող գործոնները դեռեւս ուժգին են եւ դեռ երկար կգոյատեւեն: Ներկայումս արժեզրկված ռուբլին ձեռնտու չէ մեր արտահանող ձեռնարկություններին, որոնք կորցնում են ե՛ւ ռուսական ընկերությունների հետ մրցակցությունում, ե՛ւ դեպի Ռուսաստան արտահանումից ստացված արժեզրկվող ռուբլուց: Թույլ ռուբլուց, ցավոք, զգալիորեն կորցնում են նաեւ մեր քաղաքացիները եւ տնտեսությունը, որտեղ միգրանտների ուղարկած ռուսական ռուբլով տրանսֆերտները զգալիորեն կրճատվել են եւ արժեզրկված են: Անկասկած, ռուբլու կայունությունը նաեւ մեր տնտեսության շահերից է բխում»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը էական հանգամանք է համարում այն, որ ՀՀ վարչապետը հատկապես կարեւորել է ռազմավարական ապրանքների փոխադարձ առեւտուրը ռուբլով կատարելու եւ դոլարից հրաժարվելու գաղափարը. «Վերջին տարիներին մեր իշխանությունները բազմիցս փորձել են համոզել ռուսներին, որպեսզի բնական գազի վճարումները Ռուսաստանին դոլարի փոխարեն իրականացվեն ռուբլով, որին ռուսները չեն համաձայնել:

Սակայն դա ներկայումս ռուսների նախաձեռնությամբ կարող է իրականանալ: Բացի այդ, կարող ենք շահել ոչ միայն բնական եւ հեղուկ գազի, այլ նաեւ նավթամթերքների, հացահատիկի, ադամանդի, անմշակ ալյումինի, ատոմակայանի համար նախատեսվող միջուկային վառելիքի համար ռուբլով վճարումներ կատարելու դեպքում, որտեղ միայն վերը նշված ապրանքների՝ Ռուսաստանից ներմուծման գումարային մաքսային արժեքը նախորդ տարի կազմել է մոտ 800-900 մլն դոլար, որի մոտ կեսը կազմում է բնական եւ հեղուկ գազի մաքսային արժեքը: Վարչապետը ռազմավարական ապրանքներ ասելով, բացի բնական եւ հեղուկ գազից, նաեւ այս ապրանքներն էլ հավանաբար նկատի է ունեցել: Այսինքն՝ տարեկան մոտ 1 մլրդ դոլար արտարժույթ միայն արտաքին առեւտրի կտրվածքով մեր երկրից դուրս չի գա: Գաղտնիք չէ, թե ներկայումս որքան օդի եւ ջրի պես մեզ համար կարեւոր են արտարժութային պահուստները»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930