Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում քննարկման է դրված ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար եւս մեկ վտանգավոր զեկույց

Սեպտեմբեր 11,2015 15:30

ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարի մասին բոսնիացի պատվիրակ
Միլիցա Մարկովիչը զեկույց է պատրաստում առանց գոնե մեկ անգամ այցելելու Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանը շարունակում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) բարձրացնել Սարսանգի ջրամբարի հարցը: Նշենք, որ Ադրբեջանի պատվիրակության անդամները գրեթե նստաշրջան բաց չեն թողնում, որ չբարձրացնեն այս հարցը` դժգոհելով, թե հայկական կողմը թույլ չի տալիս Ադրբեջանի ժողովրդին օգտվել այդ ջրամբարից եւ այլն: Այժմ էլ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում քննարկման է դրված Սարսանգի ջրամբարի հարցը, եւ հանձնաժողովի սեպտեմբերի 13-ի նիստում` Փարիզում, կրկին այն պետք է քննարկվի:

«Առավոտի» հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ այս զեկույցը, որը դրված է քննարկման, բավականին վտանգավոր է, եւ սեպտեմբերի 13-ի նիստին ինքը հանդես է գալու ելույթով: Այս առիթով պատգամավորը մանրամասնեց. «Մենք անցյալ նստաշրջանի ժամանակ պայմանավորվել էինք, որ զեկուցողը՝ բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչը, պետք է այցելի Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այնուհետեւ պատրաստի զեկույց, այլ ոչ թե առանց այցելելու դա անի: Սակայն այս պահի դրությամբ դեռ այն իրավիճակն է, որ կոնկրետ պատասխան չունենք այս հարցով»:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ՝ ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ նույնիսկ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն է պատրաստակամություն հայտնել անձամբ հյուրընկալելու տիկին Մարկովիչին, սակայն ապարդյուն: Նաիրա Զոհրաբյանը մանրամասնեց. «Միլիցա Մարկովիչը համառորեն մինչ այս պահը վստահ է, որ այդ ջրամբարը գտնվում է Հայաստանում: Տեւական ժամանակ փորձեցինք բացատրել, որ այն Ղարաբաղում է գտնվում, բայց պարզվում է, որ տիկնոջ աշխարհագրական ունակությունները խիստ սահմանափակ են, քանի որ նա համոզված է, որ այն Հայաստանում է: Պատգամավոր Լյովա Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել Մարկովիչին` ՀՀ այցելելու դեպքում, ուղեկցել Ապարանի ջրամբար, ու եթե դա բավարար է Սարսանգի ջրամբարի մասին զեկույց գրելու համար, ապա «նո քոմենթ»:

Եվ դեռ այսքանից հետո Ադրբեջանն է անընդհատ շահարկում Սարսանգի ջրամբարի հարցը: Օրինակ` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Միլիցա Մարկովիչին բողոքել է, թե «սահմանամերձ գոտու ադրբեջանական բնակչությունը զրկված է Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունից, հայերը թույլ չեն տալիս»: Վահան Բաբայանը սա որակեց որպես շանտաժ ու շեշտեց. «Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այդ հարցը: Հայտարարել ենք, որ դա սուտ է, շանտաժի եւ ստախոսության ամենալուրջ օրինակներից մեկն է, որ առանց այցելելու Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարում են, թե Սարսանգի ջրամբարը խնդիրներ է առաջացնում, եւ դա փորձում են ներկայացնել իրենց ուզած ձեւով»: Մեր դիտարկմանը` եվրոպացի պատվիրակները կարծես թե բավականին լուրջ են վերաբերվում Ադրբեջանի բողոքներին եւ առանձնապես շահագրգռված էլ չեն խորամուխ լինելու հարցում եւ այցելելու Լեռնային Ղարաբաղ, պարոն Բաբայանն արձագանքեց. «Շատերը խավիարային դիվանագիտության արդյունքում բավականին վատ են տրամադրված, բայց ՀՀ պատվիրակությանը դեռ հաջողվում է պահպանել գերակշիռ ռեալ կարծիքները: Ես էլ սեպտեմբերի 13-ի նիստում բավականին լուրջ ելույթ եմ ունենալու: Իհարկե, մենք դա անում ենք ամեն նստաշրջանի ընթացքում, ամեն անգամ հորդորել ենք, որ բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար այցելեն Լեռնային Ղարաբաղ, սակայն ինչպես տեսնում եք՝ դեռ այս հարցով նորություն չկա, գուցե նոր բան կարողանամ ասել սեպտեմբերի 13-ից հետո, երբ վերադառնամ Փարիզից»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930