Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսին չպետք է լինի «անվտանգության երաշխավորը»

Սեպտեմբեր 11,2015 12:00

Մեկ Ալիեւն է խոսում իր երկրում «Մայդան» կազմակերպելու ձախողված փորձերի մասին,  մեկ ռուս պաշտոնյաների մոտ են «պոռթկումներ»` «հայկական Մայդանի» թեմայով:

Սեպտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցի շրջանակներում Մոսկվայում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պուտինը հիշատակելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը, ինչպես նաեւ լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն «առանձնահատուկ բնույթ» ունեն։ Նշելով, որ ընթացիկ տարում երկու պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է, ՌԴ նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկելու այդ հարցը։ «Այսօր էներգետիկայի նախարարության հետ համաձայնագիր ստորագրեցինք, որը թույլ կտա գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել՝ հասցնելով մինչեւ 165 դոլարի: Ստորագրվել է Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, եւ դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը»,- նշել է Ս. Սարգսյանը։ Նա նաեւ կարեւորել է, որ Հայաստանի համար առանցքային է մնում էներգակիրների սակագնի հարցը. «Այս ճգնաժամային իրավիճակում արտարժույթի կուրսի տատանումները պարզապես շատ բացասաբար են անդրադառնում սակագների վրա, եւ ես լիահույս եմ, որ մենք նոր լուծումներ կգտնենք՝ լավ լուծումներ»։ Սերժ Սարգսյանն անդրադարձել է տարեսկզբին Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության գործին եւ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ Պերմյակովի քրեական գործը հայկական արդարադատությանը հանձնելու եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար. «Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։

Ադրբեջանական կողմը, բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշամբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»։

Նախ՝ Սերժ Սարգսյանի այցը ՌԴ տեղի ունեցավ սահմաններում լուրջ լարվածության ֆոնին: Ավելին, նույնիսկ տեղեկություններ էին շրջանառվում, թե ՌԴ ԱԳ նախարար Լավրովի` Բաքու կատարած այցից հետո այժմ Պուտինը Սերժ Սարգսյանի հետ կքննարկի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Տպավորություն էր ստեղծվում, որ Պուտինն այս անգամ էլ կձգտի եւս մեկ եռակողմ հանդիպում կազմակերպել, ինչպես անցյալ տարի ամռանը` աննախադեպ լարվածությունից հետո Սոչիում նման հանդիպում կազմակերպվեց:

Սակայն պարզվեց, որ Պուտինը գոնե հրապարակային ելույթի ժամանակ սահմանում տիրող իրավիճակին հարկ էլ չի համարում անդրադառնալ: Ավելին, մի կողմից՝ Պուտինը շեշտում է Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց որեւէ արձագանք չկա՝ այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ին անդամակցող Հայաստանի սահմանամերձ շրջաններն են գնդակոծվում: Մինչդեռ ՀԱՊԿ պայմանագրով հստակ սահմանվում է, որ անդամ երկրների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սպառնալիքի եւ անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետությունները պետք է համատեղ քննարկեն իրավիճակը ու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն:

Այսպե՞ս է Հայաստանի անվտանգությունը «երաշխավորելու» ռազմավարական դաշնակիցը: Ռուսաստանի անտարբեր կեցվածքը հիմք ընդունելով՝ Ալիեւը, կարծես, ավելի ու ավելի սանձարձակ է դառնում: Դրա վկայությունն էր մի քանի օր առաջ Լավրովի` Բաքվում գտնվելու օրը սահմանում լարվածությունը, երբ Ադրբեջանը հարկ էլ չէր համարել մեղմացնել իրավիճակը շփման գծում: Այսինքն՝ քայլ առ քայլ Մոսկվան ապացուցում է, թե ինչպիսին չպետք է լինի «անվտանգության երաշխավորը»:

Այսքանը դեռ բավարար չէ, Սերժ Սարգսյանը ստիպված է լինում ինքը խոսել սահմանում լարվածության մասին ու հայտնում է, թե այդ մասին ավելի մանրամասն խոսելու է Դուշամբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: ՀԱՊԿ անդամ երկրները բավական ժամանակ ունեցել են այս ընթացքում թե տեղեկանալու, թե վերլուծելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը եւ որեւէ կերպ, ցանկության դեպքում, արձագանքելու արդեն տեւական ժամանակ շփման գծում լարվածությանը, բայց դա չի արվում: Ժամանակ առ ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան է հայտարարում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է եւ իրավունք ունի իր դաշնակիցներից ստանալու ամբողջ անհրաժեշտ օգնությունը իր տարածքում իրավիճակի բացասական զարգացման դեպքում: Բայց գործնականում, փաստորեն, սա ընդամենը դատարկ նախադասություն է, որը ռուս պաշտոնյան առիթ եղած դեպքում անվերջ կրկնում է:
Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոն դոլար արտոնյալ վարկ է տրամադրում, որպեսզի հայկական Զինված ուժերի զինանոցը թարմացվի` այն դեպքում, երբ հինգ միլիարդ դոլարի զենք է արդեն վաճառել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հակառակորդ Ադրբեջանին, եւ այդքանով Ռուսաստանը համարում է, որ նպաստում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
Անվտանգության խնդիրը թողած, սակայն, ռուս պաշտոնյաները գերադասում են մերթընդմերթ դժգոհել իրենց վերաբերող` Հայաստանի ներքին խնդիրների առիթով, հարցազրույցներ տալ ու ինչ-որ անհեթեթ դատողություններ անել:

Հետաքրքիր զուգադիպությամբ` մեկ Ադրբեջանում Իլհամ Ալիեւն է խոսում իր երկրում «Մայդան» կազմակերպելու ձախողված փորձերի մասին, մեկ ռուս պաշտոնյաների մոտ են «պոռթկումներ» առաջանում` «հայկական Մայդանի» թեմայով:

Օրերս կառավարության տնտեսական հարցերով նիստում Ալիեւն է վստահեցրել, թե Մերձավոր Արեւելքում իրականացված սցենարը նախատեսված է եղել նաեւ Ադրբեջանի համար. «2011-12թթ. որոշ արտասահմանյան շրջանակներում խոսում էին Ադրբեջանում «Արաբական գարնան» անխուսափելիության մասին եւ ձեռնարկել են հազարավոր քայլեր երկրում իրավիճակը ապակայունացնելու ուղղությամբ: Նրանք ցանկանում էին Ադրբեջանում «Մայդան» կազմակերպել եւ խորտակել երիտասարդների կյանքեր, որոնց ներքաշել են այդ կեղտոտ գործերում»: Ալիեւը նշել է, որ երկրում իրավիճակը ապակայունացնելու համար ծախսվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք ոչ կառավարական կազմակերպությունների եւ «հինգերորդ շարասյան» միջոցով ուղղվել են Ադրբեջան, որպեսզի իշխանության բերեն մարդկանց, ովքեր կծառայեին «որոշ շրջանակների»:

Իսկ ահա ՌԴ քննչական ծառայության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը «Ռոսիսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հարկ է համարել անդրադառնալ Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերին` դրանք նմանեցնելով Կիեւի «Մայդանի» հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին. «Ոստիկանության բոլոր գործողությունները, որոնք ուղղված էին կանխելու ցուցարարների սադրանքները, ձայնագրվել են բջջային հեռախոսներով՝ հավանաբար, հետագայում պատվիրատուներին փոխանցվելու նպատակով: Բացի այդ՝ բազմության մեջ կային ԵՄ դրոշներով մարդիկ, որոնք, ըստ ամենայնի, պետք է ցուցարարներին ցույց տային ճանապարհը դեպի «վառ ապագան», որը կունենար Հայաստանը, եթե միանար ԵՄ-ին, այլ ոչ թե ԵՏՄ-ին»: Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ դա վկայում է նախապես ծրագրված ու սադրիչ բնույթ ունեցող գործողությունների մասին, որոնք միտված էին դանդաղ մարող հակամարտությունը ակտիվ փուլ փոխադրելուն. «Հետաքրքիր է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բողոքի ակցիաները սկսվելուց անմիջապես հետո հայտարարություն է տարածել, որում «անհանգստություն» է հայտնել հավաքը ցրելու ընթացքում ոստիկանության, այսպես կոչված, «բռնի գործողությունների կիրառման» կապակցությամբ եւ պահանջել է (հենց պահանջել է) ինքնիշխան ՀՀ իշխանություններից մանրակրկիտ հետաքննություն անցկացնել»:

Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներն, ինչպես երեւում է, «նստվածք» են թողել ռուսների մոտ, եւ դեռ երկար ժամանակ ենք «վայելելու» ռուսական ընկերության աշխատանքից դժգոհելու հետեւանքները:

Եվ մի «ուրախալի» լուր Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած այցից հետո: Պարզվում է՝ ծրագրված է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի պաշտոնական այցը Հայաստան եւ Աբխազիա: Այս հույժ կարեւոր տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը: Հայաստանի միջազգային հեղինակությանը նոր «փայլ» հաղորդելու գործում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, ինչպես երեւում է, ջանք չեն խնայում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    “Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն «առանձնահատուկ բնույթ» ունեն : Այո!!!! եթե համարենք Ստոկհոլմյան սինդրոմը առանձնահատուկ բան, որը 200 տարուց ավել է ձգնում :Իսկ վերլուծության համար ՝շնորհակալություն!!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930