Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Սահմանադրության մեջ մարդը համեմատության մեջ է դրվում, այդ թվում՝ առարկաների հետ»

Սեպտեմբեր 11,2015 14:00
Hovik Agazaryan

ՀՀ նոր սահմանադրության նախագծի շուրջ հարցազրույցը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԳԽ նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ սկսեցինք՝ «Ծանոթացե՞լ եք ՀՀ նոր սահմանադրությանը» հարցով:

– Ես ծանոթ եմ  նոր Սահմանադրության նախագծին: Այնտեղ տեղ գտած փոփոխությունների էական մասը համապատասխանում է պետական շինարարության մասին իմ պատկերացումներին: 2012թ. աշնանը, երբ սկսվեց ՀՀ նախագահական ընտրությունների գործընթացը, փորձեցի գրանցվել որպես նախագահի թեկնածու: Չստացվեց: Բայց այդ ընթացքում առիթ ունեցա շփվել լրատվամիջոցների հետ, մասնավորապես՝ ձեր թերթում հարցազրույց տվեցի իմ ծրագրային դրույթների մասին:

– Այնտեղ բառացիորեն ասել էիք հետեւյալը. «Հանրաքվեի միջոցով հասնել պառլամենտական համակարգի, կրճատել պատգամավորների թիվը, որոնք պետք է ընտրվեն բացառապես համամասնական համակարգով, ՀՀ նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից»:

– Այո, դա այդպես է եւ դա իմ համոզմունքն է: Բայց, ցավոք սրտի, նախագծի 89-րդ հոդվածով աղճատվել է պառլամենտական համակարգի բուն էությունը՝ կոալիցիոն կառավարության ձեւավորման հնարավորությունը:

– Պարզաբանեք, խնդրեմ:

– Ըստ նախագծի, եթե որեւէ քաղաքական ուժ չի հավաքում բացարձակ մեծամասնություն, ապա անց է կացվում երկրորդ փուլ: Սա շատ վտանգավոր է եւ, ըստ էության, ժողովրդավարության քողի տակ բռնապետական ղեկավարման հաստատում է:

Դիկտատորի դերում հանդես է գալու «հաղթող» քաղաքական ուժի ղեկավարը: Սա արտոնությունների իշխանական լծակների տիրապետման իմաստով մոտենում է ԽՍՀՄ-ում կոմկուսի ղեկավարման համակարգին: Բայց կոմկուսի դեպքում կար նաեւ պատասխանատվություն, իսկ այս նախագծի ընդունման դեպքում իշխող ուժը իր ձախողումների մեծ մասը կբարդի ընդդիմադիր ուժերի վրա: Ըստ էության սա բոլշեւիզմի վերակենդանացման ճանապարհ է: Օրինակ, երկրորդ փուլի արդյունքում կարող է ձեւավորվել մի իրավիճակ, երբ «հաղթող» ուժը հավաքում է 800001 ձայն, իսկ պարտվող ուժը՝ 800000, եւ «հաղթող» ուժի ներկայացուցիչները պարտվող ուժի ներկայացուցիչներին ասում են՝ դուք չկաք: Սա է բոլշեւիզմը:

– Բայց պարոն Աղազարյան, չէ՞ որ «կայուն մեծամասնություն» բառակապակցությունը պատահաբար չէ, որ տեղ է գտել նախագծում:

– Ես կիսում եմ կառավարման ճգնաժամի նկատմամբ անհանգստությունը: Բայց այդ խնդիրը շատ լուծումներ ունի: Օրինակ, ընտրությունների արդյունքում յուրաքանչյուր քաղաքական ուժ ստանում է ժողովրդի կողմից վստահության իր բաժինը, ինչը ապահովում է համապատասխան մանդատների քանակ: Եվ ենթադրենք, որ ոչ մի ուժ չի հավաքում բացարձակ մեծամասնություն: Այդ դեպքում, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում փորձում են ձեւավորել կոալիցիոն կառավարություն: Եթե դա չի իրականանում, ապա անց է կացվում երկրորդ փուլ:

– Բայց չէ՞ որ գործող նախագահական կառավարման համակարգով էլ մենք ունեցել ենք կոալիցիոն կառավարություն:

– Մենք կոալիցիոն կառավարություն երբեք չենք ունեցել այն պարզ պատճառով, որ որեւէ իշխող ուժ այլ քաղաքական ուժի կարիքը չի զգացել՝ բացարձակ մեծամասնություն ապահովելու համար: Իսկ այն, ինչ եղել է, եթե նույնիսկ մեծ ցանկության դեպքում համեմենք դրական էմոցիայով, լավագույն դեպքում կարող ենք անվանել մասնակի ազգային համաձայնության կառավարություն, որովհետեւ բազմիցս այդ կառավարություններից դուրս եկած ուժերի պատճառով քաղաքական ճգնաժամ չի առաջացել, ինչը գրեթե անհնար է իրական կոալիցիոն կառավարության դեպքում:

– Այլ սկզբունքային առարկություններ ունե՞ք:

– Ունեմ, բայց, ի տարբերություն վերը նշվածի, մյուս առարկություններս չեն կարող հիմք հանդիսանալ դեմ քվեարկելու ներկայացվող նախագծին, չնայած դրանք լուրջ առարկություններ են: Օրինակ, նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված է. «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը մարդն է»: Դա անընդունելի է, որովհետեւ մարդը համեմատության մեջ է դրվում, այդ թվում՝ նաեւ առարկաների հետ: Պետք է փոխարինել հետեւյալ արտահայտությամբ. «Հայաստանի Հանրապետությունում մարդը բացարձակ արժեք է»: Մյուս օրինակը, 10-րդ հոդվածում մոռացել են նշել պետական սեփականության մասին: Եվս մեկ առարկություն՝ կապված նստակյացության ցենզի հարցին: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ գնում են արտագնա աշխատանքի եւ լինելով ՀՀ քաղաքացի ու գրանցված լինելով հայրենիքում, հանգամանքների բերումով խախտում են գոյություն ունեցող բավականին խրթին ձեւակերպումներով նստակյացության ցենզի նորմերը: Մի պահ ենթադրենք, որ արտագնա աշխատանքի են գնում ոչ միայն իշխանությունների ապաշնորհության, այլեւ աշխարհաքաղաքական որոշ հանգամանքների բերումով: Իրականորեն կախված լինելով նրանց աշխատանքի արդյունքից, մենք ուզում ենք հայրենիքից հեռացնել նրանց: Շատ տգեղ է՝ չինովնիկը, ով մասնակիորեն ապրում է արտագնա աշխատողի հաշվին եւ ում երեխաները սովորում են արտասահմաններում, համարվում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, իսկ արտագնա աշխատողը, որը 6 ամիս եւ 1 օր աշխատել է օտարության մեջ եւ ում երեխաները սովորում են հայկական դպրոցներում, համարվում է ՀՀ-ում ոչ մշտապես բնակվող: Շատ տգեղ է:

– Ինչպիսի՞ քաղաքական զարգացումների եք սպասում:

– Նախ ասեմ, որ վերը նշված հարցազրույցում ես որպես ծրագրային դրույթ ներկայացրել էի նաեւ երկպալատանի խորհրդարանի գաղափարը: Դրա հիմքում ընկած է հետեւյալ համահայկական մոդելը. ողջ աշխարհը դա Հայաստանն է, որտեղ ժամանակի ընթացքում հայերը դարձել են փոքրամասնություն, իսկ Հայաստանը ողջ աշխարհի մայրաքաղաքն է, որտեղ հայերը կազմում են բացարձակ մեծամասնություն, եւ ողջ հայության նպատակն է Հայաստանը պահպանել եւ զարգացնել: Այս նպատակի իրականացման համար առաջարկում եմ երկպալատանի խորհրդարան, որի ստորին պալատն այն է, ինչ ներկայացվում է նախագծում, իսկ վերին պալատը (սենատ) ընտրվում է ողջ հայության կողմից: Վերին պալատը հավաքվում է տարին մեկ անգամ, լսում է հաշվետվություն նախորդ տարվա բյուջեի կատարման մասին, հաստատում է հաջորդ տարվա բյուջեն, նշանակում է Վերստուգիչ պալատի նախագահին եւ եւս մի քանի վերստուգիչ ֆունկցիաներ իրականացնող մարմինների ղեկավարներին, եւ այլն: Այս հարցի մասին կարելի է շատ խոսել, բայց՝ երեւի մեկ ուրիշ անգամ: Ինչ վերաբերում է քաղաքական զարգացումներին, ասեմ, որ վերոնշյալ հարցազրույցում ախտորոշումը տրված է եւ այն հաստատվում է օրեցօր: Եվ իմ կուսակցական ընկերների հետ կանենք ամեն ինչ՝ հասարակությանն այդ հիվանդությունից ազատելու համար:

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Հ.Գ. Երեք տարի առաջ մի այսպիսի կանխատեսում էլ էր արել պարոն Աղազարյանը. «Եթե ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը համախմբվեն մեկ թեկնածուի շուրջ, ապա 96-ը առնվազն կկրկնվի: Սակայն այստեղ էականը թեկնածուի խնդիրն է: Եթե պարոն Ծառուկյանը կարողանար վեր կանգնել սեփական ամբիցիաներից եւ առաջնորդվեր այն լոզունգներով, որոնք հնչեցնում են ԲՀԿ-ական գործիչները եւ պաշտպաներ մեկ այլ թեկնածուի, ապա գործող նախագահի շանսերը էապես կփոքրանային: Ցավոք սրտի, ես կարծում եմ, որ դա այդպես չի լինի, եւ շատ հավանական է, որ առաջադրվի պարոն Ծառուկյանը: Այդ դեպքում մենք կունենանք լրիվ լուրշ իրավիճակ: Կբախվեն երկու խոշոր օլիգարխիկ խմբավորումները, մի կողմից՝ Սերժ Սարգսյանի եւ մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանի: Բախումը կավարտվի խաղաղությամբ: Վերջին հաշվով միասնականորեն կանցնեն պառլամենտական համակարգի, կբաժանեն խորհրդարանը եւ կշարունակեն պետականությունը խորտակող ազգադավ քաղաքականություն: Այսինքն, ըստ էության ոչինչ չի փոխվի: Այս ճանապարհը Տաճար չի տանի»:

«Առավոտ» օրաթերթ
10.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930