ՀՀ նախագահին,
ՀՀ վարչապետին,
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարին,
ՀՀ քաղաքաշինության նախարարին
Հինգ հազար, յոթ հազար, տասը հազար… Ահա տարիների այն քանակը, որ մեր հնամենիության մասին խոսելիս հայկական սնափառությամբ կամ արժանապատվությամբ նշում ենք: Այսինքն, մենք մարդկային քաղաքակրթության ամենաառաջին հետիոտն-ճամփորդներն ենք: Լուսահոգի Պարիս Հերունին, նաեւ՝ Ռաֆայել Իշխանյանը, այս խնդիրը ամենից ավելի արծարծած գիտնականներն էին, եւ շատ լուրջ փաստարկներով ցանկանում էին վերականգնել խորհրդային պատմագիտության քմայքոտ տարօրինակությունները հատկապես հայոց պատմության նկատմամբ: Միայն այսօր ենք մենք, թերեւս, լրջորեն ըմբռնում, թե որքան վտանգավոր էր այդ քմայքը եւ ինչ վտանգավոր հետեւանքներ կարող էր ունենալ մեր ազգային ճակատագրի վրա, երբ քսաներորդ դարում ծնված ոմն Ազարբայջան իր տակնուվրա կեղծ գիտությամբ եւ նավթահոտ դոլարներով փորձում է իր պատմությունը կերտել, մեզ՝ բնիկներիս համարելով եկվոր: Երկու թուրքական պետություններ շատ աչալուրջ են այս թեմայի նկատմամբ:
Այս վիճակն անծանոթ չէ մեզ: Ժամանակին մեր մերձավորագույն բարեկամ ժողովրդի` վրացիների նշանավոր ներկայացուցիչներից մեկը` բանաստեղծ իշխան Իլյա Ճավճավաձեն այս խորխորատներում խորացած՝ փորձում էր մեր բնիկության, հնամենիության, դասականության հարցը կասկածի ենթարկել: Խնդիրը փակվեց Նիկողայոս Մառի գիտական բացառիկ նախանձախնդրությամբ: Պիտի հաշվի առնել, որ պրոֆեսիոնալների համար շատ դժվար է բանավիճել ինքնուս եւ ազգային ատելության վրա սեւեռված հավակնոտների հետ: Բայց Մառը արեց այդ բանը: «Պետերբուրգսկի Վեստնիկ»-ում իշխան Ճավճավաձեին ուղղված իր վերջին պատասխանում Նիկողայոս Մառն իշխանին ասում է. «Հայերի մասին այսքան խոսելու փոխարեն, հարգելի իշխան, ավելի լավ է Ձեր գիտնականներին կցեք նրանց՝ օգնելու համակարգեն իրենց անհավատալի շատ պատմական աղբյուրները, քանզի մարդկային ռեսուրսը բավարար չէ, եւ 18-րդ դարում գրված Վրաստանի պատմության փոխարեն դուք կգտնեք նաեւ Ձեր ժողովրդի պատմությանն առնչվող դրվագներ»:
Կարդացեք նաև
Այսպես կոչված գիտական թնջուկը շարունակվեց նաեւ մինչեւ 20-րդ դարի 70-ական թվականները, երբ վրացիները հարցականի տակ էին դրել Իվանե եւ Զաքարե Զաքարյանների հայկական ծագումը. գործիչներ, որոնց օրոք եւ օգնությամբ Վրաստանը հասավ բացառիկ հզորության. ըստ էության, վրացիները համաձայն էին Իվանե եւ Զաքարե Զաքարյանների քրդական ծագմանը, միայն թե հայ չլինեին նրանք: Թվում է՝ այս անհեթեթ բանավեճը մարեց, բայց դեռ մինչեւ վերջին տասնամյակները վրացի հնագետները թուրք գործընկերների հետ մասնակցում էին Անիի պեղումներին, մի բան, որ խստագույնս արգելված էր հայերին:
Այսքան երկար նախաբանը նրա համար էր, որ մենք կարողանանք անփութորեն այս ու այն կողմ չնետել մեր ունեցածը, չփաստագրել միայն այս ու այն մշակութային, հոգեւոր կոթողի անվերադարձ կորուստը եւ համարել հարցը փակված: Սրանք հարցեր են, որոնք բումերանգի պես վերադառնում են մեզ՝ շատ ավելի մեծ ավերածություններ գործելով մեր ազգային մշակույթի եւ արժանապատվության, մեր ազգային դիմագծի հանդեպ: Հարուստ լինելը չի նշանակում փնթի լինել այդ հարստության նկատմամբ. ի վերջո, կսպառվի այն: Հայոց հարցի կենդանի տոփող վերքն ու ցավը ազդակ է ավելի իրատեսորեն մոտենալու այս խնդրին, քաղաքական անսպառ, անվերջանալի եւ հուսանք՝ թեժացող ընթացքից հարցը բերելով դեպի հասցեական, զուտ մշակութային խնդիրների դաշտ:
Համազգային ներքին տեսողությամբ մենք շատ լավ էլ գիտակցում ենք, թե որ պրոբլեմներն են լուծվելու եւ որ ժամանակ է պետք դրանց հասնելու համար: Գիտենք նաեւ, թե որոնք են անվերադարձ կորուսյալ տրամաբանության սահմաններում, զոհաբերվող՝ այս աշխարհի հզորների կեղտոտ խաղերին եւ… պարզապես ճանկռելով հնարավորինս պիտի կարողանանք հատկապե՛ս դրանք փրկել:
Խոսքը Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանի մասին է՝ աշխարհի մեծագույն մշակութային հրաշալիքների` եգիպտական բուրգեր, բուդդայական տաճարներ, մայաների, ինկերի, ացտեկների մշակութային ժառանգության հետ համարժեք քայլող, հզոր արձանախմբի մասին. հողմածեծ, քայքայվող եւ ազգային հեռանկարի կեռմաններում կորսվող այդ կոթողների:
Քիչ թե շատ պահպանվող քրիստոնեական մշակույթը, որ թողել ենք մեր պատմական հայրենիքում, թեկուզ նվազագույն, այնուամենայնիվ, միջազգային հանրության աչքի առաջ է, թեեւ՝ Ջուղայի հազարավոր սքանչելի խաչքարերի եղեռնը եւս աչքի առաջ էր եւ այդ նույն միջազգային հանրությունը ոչինչ չկարողացավ անել… իրագործված չարագործության միակ վավերագիրը թեհրանաբնակ հիանալի հայուհու՝ Անահիտ Աբադի սխրանքի արդյունքում ունենք, այլապես, դա էլ չէինք կարողանա ապացուցել: Թերեւս ապացույցներ ոչ ոքի պետք էլ չեն, բոլորը ամեն ինչ գիտեն:
Նեմրութի արձանախումբը պիտի վերադառնա Հայաստան, պիտի վերականգնվի, վերարտադրվի այսօրվա Հայաստանում: Կարսի Առաքելոց վանքի, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու, Անիի մասին չէ, որ բարձրաձայնում եմ, դրանք մեր ազգային իղձերի հստակ տեսլականներն են եւ մենք կպայքարենք դրանց համար: Խոսքը Նեմրութի մասին է. արձանախմբի հայաստանյան կրկնօրինակի իրականացման գաղափարն, ի դեպ, երկրի առաջին տիկին Ռիտա Սարգսյանինն է:
Այս հարցի մասին խոսելիս ներքին տագնապը ոչ միայն խնդրի անակնկալ մատուցումն է հասարակությանը, այլեւ՝ տարօրինակ շշուկներ, թե մենք՝ քրիստոնյա հայերս ինչ կապ ունենք հեթանոսական դիցարանի հետ, թեկուզեւ՝ հայոց: Ոչինչ, որ սերնդեսերունդ մեզ մատուցվել է, թե հայոց դիցարանը, հին եւ նոր պանթեոնը պարզ փոխառություն են հունականից, պարթեւականից, շումերաասորականից եւ այլն: Դասագրքերում այդպես էր մատուցվում: Հիմա էլ, հայերի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու հազար յոթ հարյուր ամյակը մի տեսակ տարանջատեց մեր պատմության անքակտելի շղթան, նախաքրիստոնեական Հայաստանն իր անհավատալի հզոր մշակութային ժառանգությամբ կարծես որեւէ մասնակցություն չուներ քրիստոնեական Հայաստանի նույնքան հզոր ժառանգության, հարստության ստեղծման եւ կուտակման գործում:
Ուզում ենք ասել, հեթանոս Հայաստանը աղանդավորների Հայաստանը չէր, կաթոլիկ աշխարհի սրտում, Վատիկանում Սուրբ Պետրոսի կողքին հանգիստ տեղավորվել են Կալիգուլան, Ներոնը, Հուլիոս Կեսարը, Օգոստոսը, ինչ որ մնացել է, իսկ շատ բան է մնացել, քանի որ չի բնաջնջվել մերի նման: Նույնը իսլամական Եգիպտոսում, նույնը՝ Իսլամական Իրանում, եւ այլն:
Նեմրութի դիցարանը պիտի վերադառնա, իր ներկայությամբ շատ ավելի հզոր եւ ի մոտո ցուցանելով հազար յոթ հարյուր տարի առաջ իրագործված քաղաքակրթային թռիչքը, հոգեւոր զարգացման ավելի բարձր աստիճանը՝ քրիստոնեությունը: Կարծում եմ, մենք խոհեմաբար կմոտենանք այս հարցին եւ նոր սերունդը մասնակից կդառնա մի սքանչելի իրագործման` կորուսյալ եւ մոռացված Հայրենիքի մի պատառը հետ բերելու, վերածնելու հարցում:
ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.09..2015