Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական ընտանիքների բանակ է ձեւավորվել…

Սեպտեմբեր 11,2015 13:00

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, կարելի է արձանագրել, կայացել է եւ ծառայում է իր նպատակին. առողջ ապրելակերպը արմատավորել եւ տարածել հասարակության շրջանում՝ ներառելով ոչ միայն Երեւանն ու մյուս խոշոր քաղաքները, այլեւ Հայաստանի մարզերը, սահմանամերձ գյուղերն ու շրջանները, ինչպես նաեւ Արցախը:

«Թեեւ 2015 թվականի մրցույթի մեկնարկը տրվել է հունիս ամսին, սակայն մարզասեր ընտանիքները դրանց նախապատրաստվել սկսել են դեռեւս տարեսկզբից, հետեւաբար, առողջ ապրելակերպը գրեթե ամբողջ տարի դառնում է նրանց առօրյայի պարտադիր բաղկացուցիչ մասը: Կարեւորն այն է, որ տարեցտարի այդպիսի ընտանիքների բանակն ավելանում է»,- նշում է մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, փոխնախարար Խաչիկ Ասրյանը:

marz-yntaniq_3
Այս օրերին Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում ընթանում է եզրափակիչ փուլը, որին մասնակցում են նախնական երկու փուլերում հաղթած 144 եւ անվասայլակով հաշմանդամ ունեցող 19 մարզական ընտանիքներ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի եւ սպորտային քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ողջունելի է, որ մարզասեր ընտանիքները տարվա ընթացքում բավականին լուրջ են նախապատրաստվել մեկնարկներին: Մենք տեղեկություններ ունենք, որ ընտանիքներ էլ կան, որոնք դեռ վաղ գարնանից կանոնավոր կերպով հատուկ մարզվել են մարզիչների ղեկավարությամբ: Ուրախալի է նաեւ, որ մարզերից մարզական ընտանիքների քանակն է ավելացել եւ եզրափակիչ փուլում այսօր հանդես են գալիս բավականին մեծ թվով նոր ընտանիքներ, որոնք առաջին անգամ են այդ իրավունքը նվաճել: Սա վկայում է, որ թե քանակական, թե որակական առումով պայքարը թեժանում է՝ սկսած նախնական փուլերից: Ճիշտ է, մի կողմից մրցույթին մասնակցող, այսպես ասած՝ «ստաժ ունեցող» ընտանիքների համար մի փոքր ավելի հեշտ է, քանի որ նրանք նախ երկար տարիներ է, ինչ կանոնավոր զբաղվում են սպորտով եւ մասնակցության փորձ ունեն, բայց մյուս կողմից՝ նրանց համար էլ եզրափակչում հաղթելը եւ նախագահի դրամական ու նյութական խոշոր մրցանակներին արժանանալը դժվարանում է՝ ի դեմս նոր ընտանիքների, որոնք պակաս մարտականորեն չեն տրամադրված»:

marz-yntaniq_1
Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն, որ, այնուամենայնիվ, սիրողական մրցույթ լինելով՝ կրքերը թեժ են ու մասնակիցներից շատերը նաեւ իրենք են հաշվում վայրկյանները, չափում սանտիմետրերը, պարոն Դավթյանը պատասխանեց. «Դա մեզ միայն ուրախացնում է: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի գերնպատակը առողջ ապրելակերպը եւ մասսայական սպորտը ընտանիքների առօրյա կյանքում արմատավորելն է: Իսկ մասնակիցների մեջ պայքարի թեժության առկայությունը եւ հաղթելու մեծ ցանկությունը վկայում են, որ կազմակերպիչները դրան հասել են ոչ թե ձեւական առոււմով, այլ իրականում: Ճիշտ է, լինում են առանձին տարաձայնություններ այս կամ այն հարցի շուրջ, բայց դա գլխավորապես գալիս է նախնական փուլի պատասխանատուներից: Մեր վարչությունն ու կազմկոմիտեն ժամանակին բոլորին ուղարկում են մրցույթի կանոնակարգը, որին նախ տեղի պատասխանատուները պետք է մանրամասն ծանոթանան, ապա ընտանիքներին ներկայացնեն: Եթե լինում են թերացողներ, եզրափակիչ փուլում առաջանում են նաեւ թերըմբռնումներ եւ քննարկման թեմաներ:

marz-yntaniq_4Նման դեպքերում մենք, ինչպես նաեւ մրցավարները, որոնք, ի դեպ, պրոֆեսիոնալներ են, այդպիսի ընտանիքներին բացատրում ենք մրցույթի կանոնները եւ պահանջները ու որպես կանոն՝ նրանք հասկանում են»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930