Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճանաչված բարիտոնի զբաղվածության աստիճանը

Սեպտեմբեր 11,2015 12:30

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը 2015-16թթ. թատերաշրջանը բացեց սեպտեմբերի 9-ին, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի ռեժիսուրայով Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացմամբ:

«Առավոտին» չզարմացրեց ոչ արդեն տարիներ շարունակ գրիգորյանական «Անուշի» ավարտին հնչող բրավոները, ոչ էլ լեփ-լեցուն հանդիսասրահը: Փոխարենը անակնկալի եկանք, երբ Մոսիի դերում հանդիպեցինք ճանաչված բարիտոն Գեւորգ Հակոբյանին: Փաստորեն, երգիչը օգոստոսի 12-ից սեպտեմբերի 7-ը Նաբուկոյի դերերգով (լուսանկարում) հանդես է եկել Գերմանիայի Քիլ քաղաքի բացօթյա թատրոնում, այնուհետեւ մասնակցել սեպտեմբերի 4-ին Երեւանում կայացած բարեգործական գալա համերգին, որի հասույթը ուղղված է ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանի ձեռնարկած օպերային ակադեմիայի ստեղծմանը, ապա մեկնել է Քիլ, հիմա էլ հանդես է գալիս Մոսիի դերերգով եւ անմիջապես հետո լծվում սեպտեմբերի վերջերին կայանալիք Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրական աշխատանքներին, որտեղ նրան կհանդիպենք Էսկամիլիոյի կերպարում:

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Գեւորգ Հակոբյանը կարեւորեց Լոնդոնում սեպտեմբերի 30-ին կայանալիք գալա համերգը, որը նվիրված է լինելու Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին, նշեց, որ երեկոյին մասնակցելու է տեղի նվագախմբերից մեկը եւ ծրագրում գերիշխելու են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: «Լոնդոնյան համերգին կմասնակցի մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաեւ՝ կոլեգաներիցս ոմանք: Այնուհետեւ ես պայմանագիր ունեմ կնքած գերմանական եւ Կազանի օպերային թատրոնների հետ՝ 14 անգամ Պուչինիի «Տոսկայում» կատարելու Սկարպիայի դերերգը: Այս ամենից հետո կմասնակցեմ Վորոնեժում անցկացվող Չայկովսկու անվան միջազգային փառատոնի փակմանը՝ հանդես գալով մեծանուն ռուս կոմպոզիտորի «Չերեվիչկի» օպերային ներկայացման մեջ… Սա ընդամենը մինչեւ հունվար կայանալիք հյուրախաղերիս մի մասն է»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրությանը, թե վերջին շրջանում հանդիսանալով իտալական STAGE DOOR պրոդյուսերական կենտրոնի գրծակալության արտիստ, արդյոք բոլո՞ր հյուրախաղերն են կազմակերպում նրանք, երգչի ձեւակերպմամբ, օրինակ, Չայկովսկու անվան միջազգային փառատոնի մասնակցության հրավերը ստացել է Մեծ թատրոնի առաջատար մեներգչուհի Իրինա Մակարովայից, որն այդ փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: «Տիկին Մակարովային, որը հիանալի մեցցո սոպրանո է, առաջին անգամ հանդիպել եմ իտալական հյուրախաղերի ժամանակ եւ նրա հետ բեմ բարձրացել հենց «Չերեվիչկի»-ում»,- ասաց երգիչը: Քանի որ այս ներկայացումն աշխարհի թվով քիչ թատրոններում է բեմադրված, խնդրեցինք մեր օպերասեր ընթերցողին գոնե երկու նախադասությամբ ներկայացնել այն: «Սա կոմիկական ֆանտաստիկ օպերա է, լիբրետոյի հեղինակ Յակով Պոլոնսկին այն գրել է ըստ Գոգոլի հայտնի «Սուրբ Ծննդյան գիշերը» ստեղծագործության: Օպերան հիմնված է ուկրաինական ժողովրդական բանահյուսության վրա, որն, ի դեպ, մեծ պահանջարկ ուներ Ռոմանովների կայսերական արքունիքում…»,- հայտնեց երգիչը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ քաղաքակիրթ երկրների օրինակով մեզ մոտ կառուցվող առաջին Օպերայի ակադեմիային, որի մտահղացման հեղինակը Գեղամ Գրիգորյանն է: Այս առիթով Գեւորգ Հակոբյանն ասաց. «Ակադեմիան, վստահ եմ, որ ծառայելու է ի բարօրություն հայկական վոկալ դպրոցի կատարողական արվեստի էլ ավելի տարածմանն աշխարհում: Ի վերջո, պարոն Գրիգորյանը ոչ միայն մեծանուն օպերային երգիչ է, այլեւ նույն բարձրության վրա գտնվող ուսուցիչ: Նա հիանալի գիտի, թե ինչ աշխատանք է հարկավոր տանել այս կամ այն երգչի հետ կամ ինչ դերերգ հանձնարարել նրանց եւ այլն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930