Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքը երբեմն դառնում է մարդու բազմաթիվ տառապանքների պատճառ

Սեպտեմբեր 11,2015 15:00

Ոչ հաճելի խոսակցությանն օրգանիզմը պատասխանում է սրտի եւ ուղեղի անոթների ուժեղ սպազմով

Սրտանոթային համակարգը օրինաչափ ձեւով արձագանքում է օրգանիզմի հոգեկան այս կամ այն վիճակին, իսկ մի շարք հիվանդությունների զարգացմանը նպաստում է կենտրոնական նյարդային համակարգի նորմալ գործունեության խանգարումը։ Իսկ այդ հիվանդություններից մի քանիսը իրենց զարգացման սկզբնական շրջանում, ըստ էության, հանդես են գալիս նեւրոզների ձեւով։ Ահա թե ինչու սրտանոթային հիվանդությունների կանխարգելման գործում մեծ նշանակություն ունի նեւրոզների պրոֆիլակտիկան։
Նեւրոզ կարող են առաջացնել ամենաբազմազան հոգեկան ապրումները։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք են աթերոսկլերոզը, հիպերտոնիան եւ սրտամկանի ինֆարկտը, սննդի ռեժիմի աշխատանքի եւ հանգստի, կենցաղային վարվեցողության կանոնների խախտումից բացի, հսկայական նշանակություն ունի նաեւ մարդու հոգեկան վիճակը։ Հայտնի կլինիցիստ Լանգը գրել է, որ հիպերտոնիկ հիվանդություն առաջացնող գործոններն են բացասական գրգիռների հետեւանքով էմոցիոնալ սֆերայի գերլարվածությունը եւ հոգեկան տրավմաները։
Ուժեղ բացասական գրգռիչ է խոսքը, որը խոր ազդեցություն է ունենում ինչպես մարդու կենտրոնական նյարդային համակարգի, այնպես էլ այլ օրգան֊համակարգերի եւ հյուսվածքների վրա: Ոչ հաճելի խոսակցությանն օրգանիզմը պատասխանում է առաջին հերթին սրտի եւ ուղեղի անոթների ուժեղ սպազմով։ Սրտի անոթների սպազմը խանգարում է սրտամկանի նորմալ սնուցումը, որի պատճառով էլ առաջանում է ստենոկարդիայի նոպա կամ սրտամկանի ինֆարկտ։ Ուստի միանգամայն անհանդուրժելի է, որ բնության կողմից մարդուն տրված այդ հիանալի պարգեւը` խոսքը, երբեմն դառնում է հենց իր՝ մարդու բազմաթիվ տառապանքների պատճառը։

nerv3

Առաջադեմ գիտնականները նշում են, թե իրականում ինչպիսի պայմաններում են առաջանում նեւրոզները, ընդ որում՝ նրանք հաշվի են առնում օրգանիզմի առանձնահատկությունները, մարդու դիմացկունությունը կամ նեւրոզով հիվանդանալու հակումը։ Այդ հիվանդությանը ամենից ավելի ենթակա են կասկածամիտ, գերզգայուն եւ թույլ նյարդային համակարգ ունեցող մարդիկ։

Փսիխասթենիկ բնավորությունը ձեւավորվում է ուղղակի հակասական պայմաններում, երբ երեխայի կամքն ու նախաձեռնությունը շարունակ ճնշում են, եւ նա մեծանում է վստահ չլինելով իր ուժերի վրա։ Այդպիսի երեխան դպրոցում խուսափում է կոլեկտիվից, չի մասնակցում հասակակիցների աղմկալի խաղերին։ Այսպես մեծանում է ձեռներեցությունից զուրկ, սեփական կարծիք ունենալու, իր իրավացի լինելն ապացուցելու անընդունակ, հիվանդագին ինքնասիրություն ունեցող մարդ։ Նա երբեմն համոզված չէ նույնիսկ ամենատարրական բաներում` արդյոք դուռը փա՞կ է, լույսը մարա՞ծ է, գազն անջատա՞ծ է։ Այսպիսի բնավորության տեր մարդիկ լինում են կասկածամիտ, ուշադրություն են դարձնում իրենց ամենաչնչին զգացմունքների վրա, շարունակ դիմում են բժշկի` իրենց վերագրելով զանազան հիվանդություններ: Նրանց առողջության վրա խիստ բացասաբար են ազդում ինքնաներշնչումն ու բժշկի անզգույշ խոսքը։

nerv1

Սրտանոթային համակարգի նեւրոզի պատճառ կարող է դառնալ նաեւ սեռական գործունեության վիճակը։

Այսպիսով, նեւրոզը բազմաթիվ բացասական ազդակների հետեւանք է։ Ահա թե ինչու այն կանխելու համար պետք է ձեռնարկել կոմպլեքս միջոցառումներ։ Ապրելով կանոնավոր ռեժիմով, իր մեջ դաստիարակելով կայուն կամք եւ մարդկանց նկատմամբ ցուցաբերելով սրտամոտ վերաբերմունք, յուրաքանչյուր ոք պետք է խուսափի ավելորդ հուզմունքներից եւ բարդ իրադրությունների դեպքում ավելի հեշտությամբ գտնի ելքը։

Սրտանոթային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ երկրում իրականացվող առողջացուցիչ լայնածավալ միջոցառումները չեն կարող տալ սպասվող արդյունք, եթե նրանք չեն զուգակցվում անձնական պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացման հետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
10.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930