Լրահոս
Օրվա լրահոսը

Է. Շարմազանով. «Սահմանադրական բարեփոխումների գնացքն այլեւս գնացել է եւ ուզեն թե չուզեն գնացքում յուրաքանչյուրը պետք է իր տեղը գտնի»

Սեպտեմբեր 10,2015 23:45

Ձեռնտու է, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը ռուբլով լինի

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով ՀՀ նախագահի եւ ՌԴ նախագահի հանդիպմանն ասաց, որ այն երկու դաշնակից պետությունների նախագահների արդյունավետ հանդիպում էր: Ասաց նաեւ, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության եւ հումանիտար հարցերին:

«Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանը պետք է շարունակի իր ռազմավարական դաշնակցային անվտանգության զարգացումը Ռուսաստանի Դաշնության հետ, անվտանգության  հարցերը մեզ համար շատ կարեւոր են, մեր տարածաշրջանում ունի բազմաթիվ մարտահրավերներ, ուստի մենք կշարունակենք անվտանգության համակարգի ամրապնդումը եւ այդտեղ իրենց լուրջ դերակատարումը կունենա մեր գործընկեր Ռուսաստանը»:

Ըստ պարոն Շարմազանովի, ՌԴ-ից ստացվող 200 միլիոն դոլար արտոնյալ վարկն օգտագործվելու է գերժամանակակից զինվորական տեխնիկա գնելու համար:
Քննարկվել է նաեւ, որ ղարաբաղյան հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է ունենա լուծում. «Ցանկացած փորձ խնդիրը լուծել ոչ խաղաղ ճանապարհով, դատապարտելի է»,-նշեց էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով, գազի սակագինը սահմանին 25  դոլարով էժանացել է, ինչը մեր բնակչությանը հնարավորություն է տալիս էժան գնով այն ձեռքբերել. «Եթե չլիներ 25 դոլարով էժանացումը, մենք դժվար թե այդ գնով գազ սպառեինք»:

Հարցին, թե Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարն անդրադառնալով Բաղրամյանի ակցիաներն, կարծիք էր հայտնել, որ դրանք կազմակերպվել են Ամերիկայի դեսպանատան նախաձեռնությամբ, պարոն Շարմազանովն ասաց, որ Բաղրամյանի բողոքներում Մայդան տեսնելն անշնորհակալ գործ է.«Բաղրամյանի բողոքները քաղաքական ակցիա չեն, դրանք հակառուսական ակցիա չէր, չի եղել քաղաքական կուսակցությունների նախաձեռնությամբ, դա եղել է քաղաքացիական հասարակության սոցիալական ընդվզումն իրենց իրավունքների համար: Այստեղ քաղաքական պայքար, Մայդան տեսնելը ճիշտ չէ: Եթե Հայաստանի հանրապետությունում կա որեւէ ակցիա, այնտեղ պետք է ծածանվի հայոց եռագույնը եւ այլ երկրների, այլ կազմակերպությունների դրոշների ծածանումը ինձ համար հասկանալի չէ»:

Հարցին, թե արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանի փոխարեն ով է գալու պատգամավոր, պարոն Շարմազանովն ասաց, որ եթե ցուցակով եկող հաջորդ թեկնածուն ինքնաբացարկ չի հայտնել, ապա նա է, իսկ ցուցակով հաջորդ թեկնածուն Կարեն Բեքարյանն է: Իսկ նա այս պահին ինքնաբացարկի դիմում չի գրել:

Aravot.am-ի այն հարցին վարչապետի հայտարարությունը ռուբլու գոտու անցնելու վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Սուրեն Կարայանը որպես կառավարության փոխնախարար շատ պարզ ներկայացրել է, որ վարչապետը նկատի է ունեցել գազի սակագինը ոչ թե դոլարով հաշվարկելու, այլ ռուբլիով: Ես տնտեսագետ չեմ, բայց տնտեսագիտական իմ պարզ գիտելիքները ինձ գալիս է հուշելու, որ այո, եթե գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը լինի ռուբլով, ավելի ձեռնտու է»:

Սահմանադրական բարեփոխումներին անդրադառնալով, այն հարցին, թե «Ոչ»-ի ճակատ է ձեւավորվել, արժանի մրցակից տեսնո՞ւմ է Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ «Արժանի մրցակցի եւ չմրցակցի խնդիր չկա:  Հայաստանը մի երկիր է, որտեղ ժողովրդավարական ազատությունները եւ քաղաքական բազմակարծությունն այլեւս փաստ է: Ցանկացած նախաձեռնությանը, այս դեպքում սահմանադրական բարեփոխումներին կլինեն մարդիկ, որ դեմ կլինեն: Այսօր քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը այսօր կողմ են արտահայտվում Սահմանադրական բարեփոխումներին, եւ հանրապետության նախագահի հետ հանդիպումներից հետո նրանք ավելի հավասարակշռված մոտեցում են ցուցաբերում: Քաղաքական կոնսոլիդացիան այլեւս փաստ է: Սահմանադրական բարեփոխումների գնացքն այլեւս գնացել է եւ ուզեն թե չուզեն գնացքում յուրաքանչյուրը պետք է իր տեղը գտնի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930