Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գասպարին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

Սեպտեմբեր 10,2015 21:54

Եթե դատավորը չբավարարի միջնորդությունը, ապա Գասպարին պատրաստվում է լքել դահլիճը եւ սահմանափակել իր փաստաբանների լիազորությունները

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Վարդգես Գասպարիի գործով դատական նիստ:

Գասպարին Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկան Սոնա Մելիքյանը դեկտեմբեր ամսին հարցաքննվել է եւ տվել է սուտ ցուցմունք, կողմը միջնորդել է դատարանին, որպեսզի դատարանը միջնորդություն ներկայացնի դատախազությանը, որ Սոնա Մելիքյանին քրեական պատասխանատվության ենթարկեն: Դատարանը միջնորդությունը հետաձգել էր, կողմը չի առարկել, քանի որ կարծել է, թե դատավորը դեռ ամբողջությամբ չի կարդացել գործի նյութերը:

Սակայն այս դատական նիստի ընթացքում դատարանը մերժել էր կողմի միջնորդությունը. «Մենք որոշեցինք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին այս հարցով, որ ինքը ակնհայտ պաշտպանում է տվյալ դեպքում ակնհայտ կեղծ ցուցմունք տված ոստիկանի շահերը: Այս միջնորդությունը ներկայացրեցինք բանավոր կերպով, դատավորը խնդրեց գրավոր ներկայացնել, դրա համար, բնականաբար, ժամանակ էր պետք»:

Նա նշեց, որ եթե դատավորը չբավարարի միջնորդությունը, ինքը պատրաստվում է լքել դահլիճը եւ սահմանափակել իր փաստաբանների լիազորությունները, որպեսզի իր բացակայության պայմաններում իրավասու չլինեն մասնակցել դատական նիստերին:

«Դատարանը ունի մի քանի տարբերակ, որոնցից մեկը, որ բերման ենթարկի: Ես չեմ պատրաստվում ինքնակամ անարդարությունը  հանդուրժել, այլ բան է, որ իմ ձեռքերը ոլորելով բերեն դատարան, ես էլի դատարանում չեմ ընդունելու մեղադրանքը, ես իմ ոտքով չեմ գալու դատարան, որ այնտեղ անարդարություն տեսնեմ: Այլ բան է, որ ինձ քարշ տալով բերեն դատարան: Այդտեղ վճիռը կարդան ու քարշ տալով տանեն, ես չգիտեմ, թեկուզ մեկուսարան: Այ, թող իրենք անեն այդպես, ես դրանից քիչ բռնության դեպքում չեմ ենթարկվելու իշխանությունների կամայականությանը: Չեմ խոստանում, որ ավելին անեմ, բայց նվազագույնը մինչեւ այդքանը չանեն, ես չեմ ենթարկվի իրենց կամայականությանը»,- ասաց նա:

Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին:

Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Գասպարիին 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավականա մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարիա ինչ եք անում, թափթփուկներ,հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները`« Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում» «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930