ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հավաստիացնում է, որ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը ԵՏՄ-ին վերաբերող հարցեր քննարկվել են, պարզապես դրանց վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվում, քանի որ գուցե դեռ կան մշուշոտ հարցեր:
Aravot.am-ի դիտարկմանը, մի՞թե ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունը և դրանից բխող հետևանքները, օրինակ՝ այն, որ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառության ծավալներն անկում են ապրում այդքան երկրորդական հարցեր են, որ երկու նախագահների հանդիպմանը դրանք օրակարգային չեն եղել, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Հիշում եք՝ նախագահ Պուտինն ինքն արձանագրեց, որ նախորդ տարիներին մեզ մոտ ապրանքաշրջանառությունն անցել էր արդեն մեկ միլիոն դոլարը տարեկան, բայց ընթացիկ տարվա ընթացքում այն փոփոխություն է կրել դեպի իջեցում, և մենք պետք է փորձենք հասկանալ այդ փոփոխությունների հիմնական պատճառը: Այնպես չէ, որ այդ խնդիրը քննարկման առարկա չի դարձել, այլ հարց է, որ դրա վերաբերյալ նախագահների մտքերի փոխանակումը կամ պատկերացումները չեն հրապարակվել: Բայց համոզված եմ, որ այդ հարցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը չէր կարող շրջանցվել»:
Խոսրով Հարությունյանի պնդմամբ՝ պարտադիր չէ, որ ի լուր հանրության շատ մտքեր, որոնք փոխանակել են նախագահները, հայտնեն. «Այդ հարաբերությունները պարունակում են զգալի և նուրբ պահեր, միգուցե երկու կողմերի շահերից է բխում, որ առայժմ այդ հարցերի վերաբերյալ, որ դեռ վերջնական որոշումներ չեն կայացված և դեռ պատճառները պարզ չեն, իմաստ չունի հրապարակավ հայտարարություն անել: Համաձայնեք հանրապետության նախագահները չէին կարող ինչ-որ մոտավոր կամ մշուշոտ ընկալումների հիման վրա եզրակացություններ անել»:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարոն Հարությունյանը, դառնալով տարածված այն լուրերին, թե ՌԴ-ն դեմ է, որ ՀՀ-ում իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, հայտնել էր, թե դա աբսուրդ է: Այս առիթով մեր այն դիտարկմանը՝ բայց քիչ չեն եղել դեպքեր, երբ ՀՀ-ում ՌԴ-ի ճնշմամբ որոշում է ընդունվել, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Որևէ մեկն ինձ պետք է հիմնավորի, թե ինչում պիտի կայանա ՌԴ մոտիվացիան, շահը դեմ լինելու ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններին: Եթե իրենք դա չեն ասում ու հիմնավորում, ապա նման պնդումները ես համարում եմ աբսուրդային»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկման հետ Խոսրով Հարությունյանը մասամբ համաձայնեց ու նկատեց. «Ենթադրենք խոսքը հայ-ռուսական հարաբերությունների մասին է էներգետիկայի ոլորտում, գույք պարտքի դիմաց, կհամաձայնեմ: Բայց ՌԴ-ի համար ի՞նչ կարևորություն կա, թե ՀՀ սահմանադրության մեջ կառավարությունը ինչպես է ձևավորվում, Հայաստանին իրավական գերակայության ինչ երաշխիքներ են սահմանված ՀՀ Սահմանադրությամբ: Սա ինչո՞ւ պիտի դառնա ռուսական քաղաքական վերնախավի հետաքրքրության առարկան: Գուցե ռազմավարական հետաքրքրությունները հաշվի առնելով՝ կարող է ՌԴ-ն ՀՀ-ին այնպիսի առաջարկ անել, որից դու չես հրաժարվում, որը բխում է երկու երկրների շահերից: Բայց սահմանադրության հարցով այդ պնդումներն այնքան անհիմն են ու անլուրջ են, որ հիշեցնում են Գյուլնազ տատու հեքիաթները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ