Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև հիմա աչքերիս առջև է, թե որ նկարը որտեղ էր կախված»

Սեպտեմբեր 10,2015 19:30

«Ես նոր էի մուտք գործում արվեստի աշխարհ, երբ Նկարիչների միությունում բացվեց Երվանդ Քոչարի ցուցահանդեսը: Չեմ հիշում՝ որ թվականն էր: Բայց այդ ցուցադրությունը շատ բան փոխեց իմ մտածելակերպի մեջ: Մինչև հիմա աչքերիս առջև է նույնիսկ, թե որ նկարը որտեղ էր կախված…»,- ասում է­ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Այդպիսի մի ցուցահանդես էլ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց՝ «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» խորագրով:

Ցուցահանդեսում կողք կողքի ներկայացված են Երվանդ Քոչարի փարիզյան և երևանյան շրջանի ստեղծագործությունները՝ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, տարածական նկարչության օրինակներ… Այս ամենը Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրված կլինի մինչև հոկտեմբերի 10­-ը։

Փարիզում նկարիչ-քանդակագործին լայն ճանաչում բերեցին հատկապես նրա տարածական նկարչության նմուշները, որոնցում Քոչարը փորձել է նկարչությունը դնել ոչ միայն տարածական, այլև ժամանակային չափման մեջ՝ առաջարկելով քանդակագործության ու գունանկարի համադրման, ներդաշնակ սինթեզի սեփական տարբերակը:

Ցուցահանդեսում տարածական նկարչությունից ներկայացված են «Առաջին մեղսագործություն», «Տոտեմ», «Երևան-Էրեբունի» ստեղծագործությունները:

Փարիզյան շրջանից (1923­-1936) ներկայացված են նաև «Ընտանիք-սերունդներ», «Հարություն», «Տեսիլք. Քրիստոսն ու Մարիամ Մագդաղենացին» և այլ գործեր:

Երևանյան (1936­-1979) շրջանի գործերում հատկանշական են հայկական էպոսի՝ «Սասունցի Դավթի» նկարազարդումները:

Ցուցահանդեսում ընդգրկված են նաև Սայաթ­-Նովային, Տիգրան Մեծին, Վարդան Մամիկոնյանին, Դերենիկ Դեմիրճյանին, Ավետիք Իսահակյանին, Հովհաննես Թումանյանին նվիրված ստեղծագործություններ:

«Քոչարն անսպառ է որպես արվեստագետ: Միայն այս երկու սրահներում ինչքան միտք, ինչքան մոտեցում կա: Եթե վերհիշենք սյուրռեալիստների՝ Հայաստանում մի քանի տարի առաջ կազմակերպված ցուցահանդեսը, որտեղ առանձին հատվածով ներկայացված էին հայ նկարիչները, վստահությամբ կարող ենք ասել, որ նրանք առաջնային դիրքերում էին և նրանց շարքերում՝ Երվանդ Քոչարը: Նա մեծ էր ոչ միայն իր հանճարով, այլև փիլիսոփայությամբ, մտավորականի կեցվածքով ու ստեղծած միջավայրով»,­- ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը նույնպես ներկա էր ցուցահանդեսի բացմանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930