Ծաղկաձորում այսօր ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի եզրափակիչը:
Հայտնի դարձան չորս տարիքային խմբերում եւ անվասայլակով հաշմանդամ ունեցող ընտանիքների վեց մրցաձեւերում հաղթողներն ու մրցանակակիրները:
«Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը, որը մոտ 11 տարի սպասարկում է այս միջոցառումը, «Aravot.am»-ի հետ զրույցում ասաց. «Մրցույթն, ինչպես տեսաք, անցավ շատ սահուն: Ճիշտ է, մի քանի ընտանիքների կողմից եղան որոշակի դժգոհություններ, սակայն հարցի էությունը բացատրելուց հետո ամեն բան հարթվել է»:
Հարցին, թե մարզական առումով առաջընթաց կա՞, Տիգրան Սիմոնյանը պատասխանեց. «Թիմեր կան, որոնք շատ լավ են նախապատրաստվել: Խոսքը գլխավորապես Երեւան քաղաքի եւ Շիրակի մարզի մասին է: Եվ պատահական չէ, որ ավանդաբար հենց այս երկու միավորներն են պայքարում թիմային հաղթողի կոչման համար: Իսկ ընդհանրապես բոլոր թիմերի որակական պատրաստվածությունը տարեցտարի բարձրանում է, ինչը մեր՝ մրցավարներիս, համոզմամբ առաջին եւ երկրորդ փուլերում մարզերում տարվող աշխատանքի վկայությունն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ