Բրազիլիայի հրապարակից այսօր «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները սկսեցին իրենց ավտոերթը: Վաղը՝ սեպտեմբերի 11-ին նախատեսած իրենց հանրահավաքի մասին քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով նախաձեռնության անդամները ավտոերթով կշրջեն քաղաքի տարբեր վարչական շրջաններով:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները վաղը Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացնելու: Նրանք մտադիր են վերսկսել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները:
Բրազիլիայի հրապարակում այսօր ոստիկանության ներկայացուցիչները նախքան ավտոերթը ակտիվիստներին հորդորեցին հետեւել ճանապարհային երթեւեկության կանոններին՝ հիշեցնելով, որ տարբեր խաչմերուկներում տեղադրված են տեսախցիկներ, բոլոր խախտումներն արձանագրվում են:
«Եթե խախտումներ լինեն, վարչական պատասխանատվության միջոցները կգործեն, կոչ եմ անում պահպանել կանոնները, կանոնների հաշվին ավտոերթ չկազմակերպել»,- զգուշացրեց ոստիկանության ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
«Դա մեր շահերից չի բխում»,- միջամտեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:
Ավտոերթից առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում աուդիտ անցկացնելու մասին այլեւս քննարկումներ չեն անում, այդ թեման իրենց համար փակված է. «Աուդիտ անող ընկերությունը իշխանությունների հետ սերտ կապ ունեցող ընկերություն է, ինչից հետեւություն կարող ենք անել, որ կնկարեն այն թվերը, որոնք իրենց պետք են: Աուդիտի երեւույթը մեզ համար փակված թեմա է: Չենք քննարկում այդ թեման»:
Նա ասաց, որ սկսում են պայքարի երկրորդ փուլը. «Արդեն եղել է մի ակցիա, որը սկզբի համար ստացված էր ու սակավամարդ չէր, մնացածը ժամանակը ցույց կտա»:
Մաքսիմ Սարգսյանը չբացառեց, որ վաղվանից փողոցային պայքարը վերսկսեն. «Ստրատեգիկ առումով նախապես քայլեր չենք հրապարակում, մինչեւ հիմա ինչ հայտարարել ենք, թույլ տվեք դրանով սահմանափակվենք»:
Մեր հարցին, մտավախություն չունեք, որ քաղաքացիներին Բաղրամյան 26-ից տուն ուղարկելուց հետո երկրորդ անգամ տներից դուրս բերելը չի ստացվի, Մաքսիմ Սարգսյանը շարունակեց. «Շատ քաղաքացիներ այս պահին մարզերում զգում են իրենց վրա թանկացումը, էլ չեմ խոսում, որ ՓՄՁ-ներին պայմանագրեր են տանում, ստիպում ստորագրել, նույնիսկ տեղեկատվություն ունենք, որ քաղաքներից մեկում որոշել են ՓՄՁ-ների տերերը խանութները փակել ու այլեւս չբացել եւ սկսել բողոքի ակցիաներ:
Իշխանություններն իրենց քայլերով դրդում են ժողովրդին նորից դուրս գալ փողոց»:
Ակտիվիստը չցանկացավ մանրամասնել՝ ինչ են նախատեսել վաղը հանրահավաքից հետո, անհնազանդության դրսեւորումներ կլինե՞ն կամ Բաղրամյան 26 կգնա՞ն, թե՞ ՝ոչ:
Ինչ վերաբերում է ոստիկանության տարածած տեղեկատվությանը, թե ոստիկանները չեն գնում նախաձեռնության անդամների տները՝ հարց ու փորձ անելու, Մաքսիմ Սարգսյանն ասաց. «Փաստը մնում է փաստ, որ նախաձեռնության երկու անդամների տներ են գնացել, գալիս են, համար են փորձում ճշտել, իսկ օրինակ` Միհրան Ավագյանի տուն գնացել էին բլանկով՝ ասելու, թե դռներն ու պատուհանները փակեն, որ գողություններ չլինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ