Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եք սանկցիա կիրառեք, ուզում եք՝ դուբինկա». Գասպարիին դուրս հանեցին Վարչական դատարանից. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2015 19:00

Վարդգես Գասպարին գետնին պառկած մի քանի րոպե գոռում էր «դատավոր՝ սրիկա»

Վարչական դատարանում սեպտեմբերի 10-ին դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ քննվում էր ոստիկանության հայցն ընդդեմ Վարդգես Գասպարիի:

Երբ դատավորը ներս մտավ դահլիճ, Գասպարին ոտքի չկանգնեց, դատավորի հարցին, թե ինչո՞ւ Գասպարին չկանգնեց, նա պատասխանեց. «Ոտքի չեմ կանգնում հուշելով, որ ձեր վճիռների 50-ից ավելին ՄԻԵԴ-ը անվավեր է ճանաչել եւ վերաբերմունքը վերաբերվում է դրան, որ դատարանները միշտ հիշեն դա»:

Դատարանը որոշեց սանկցիա կիրառել՝ դիտարկելով, որ Գասպարին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում՝ հավելելով, որ, եթե նա նման վարքը շարունակի, ապա կարող է հետեւանքներ առաջացնել:

Երբ Անի Հարությունյանը հետաքրքրվեց, թե կողմերից ո՞վ միջնորդություն ունի, Վարդգես Գասպարին ասաց, որ ինքը միջնորդություն ունի: Դատավորը պահանջեց նրան ոտքի կանգնել, սակայն նա ասաց. «Կարող եք հաջորդ սանկցիան կիրառել»:

Դատարանը որոշում կայացրեց հեռացնել նիստերի դահլիճից Գասպարիին անհարգալից վերաբերմունքի պատճառով, սակայն Գասպարին չգնաց՝ ասելով. «Ոչինչով չեք տարբերվում ոստիկանից, միայն ձեր համազգեստն է տարբեր, դուք ոստիկան եք, ոստիկանը բողոքում է ձեզ, դուք բողոքում եք ոստիկաներին»:

Երբ նրան մոտեցան կարգադրիչները, ասելով՝ հարգելի՛, քաղաքացի դուրս եկեք նիստերի դահլիճից, Գասպարին բացականչեց. «Մարտի մեկին մարդկանց սպանեցիք, հիմա ասում եք «Հարգելի՛, քաղաքացի»:

Կարգադրիչները կրկին պահանջեցին նրան դուրս գալ՝ զգուշացնելով, թե հակառակ դեպքում սանկցիա կկիրառեն:

«Ուզում եք սանկցիա կիրառեք, ուզում եք դուբինկա կիրառեք»,- եղավ Գասպարիի պատասխանը: Այնուհետեւ նա հավելեց. «Մինչեւ Մարտի մեկի նման գնդացիր չկիրառեք՝ դուրս չեմ գա: Դուք մարդ եք սպանել, դուք մարդասպաններ եք»:

Կարգադրիչները նրա ձեռքերից եւ ոտքերից բռնած դուրս հանեցին, եւ թողեցին դատարանի միջանցքում: Վարդգես Գասպարին գետնին պառկած մի քանի րոպե գոռում էր «դատավոր՝ սրիկա», այնուհետեւ կարգադրիչները նրան տեղափոխեցին միջանցքի սկզբնամաս, Գասպարին շարունակում էր բացականչությունները: Կարգադրիչները նախ նրան հորդորեցին, որ վեր կենա, նման վիճակում հնարավոր է առողջական խնդիրներ ունենա, այնուհետեւ նրա ոտքերից եւ ձեռքերից բռնած դուրս տարան՝ իջեցնելով 3 հարկ:

Նրան դրեցին Վարչական դատարանի դիմաց՝ ասֆալտին, կարգադրիչները Գասպարիին ջուր առաջարկեցին, սակայն նա մի կողմ նետեց ջուրը՝ բացականչելով. «Դուք Մարտի մեկին սպանել եք իմ հարազատներին, թքած ունեմ ձեր տված ջրի վրա: Դուք սպանել եք իմ հարազատներին»:

Կարգադրիչները, թողնելով նրան ասֆալտին պառկած՝ հեռացան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930