Սեպտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում 7-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքները ներկայացվեցին: Ըստ զեկույցի, ՀՀԿ-ի 70 հոգանոց խմբակցությունում 42-ը «լռակյաց» պատգամավոր են՝ որեւէ հարց չեն տալիս չեն մասնակցում օրինագծերի քննարկմանը, ելույթ չեն ունենում:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Aravot.am-ի հետ զրույցում իրենց պատգամավորների այդ լռակյացությունն այսպես բացատրեց. «Դա չի արտացոլում իրական պատկերը: Ես կարծում եմ, որ նրանց մեծ մասը հանձնաժողովներում իրենց ելույթներով, իրենց առաջարկություններով հանդես են եկել: Չեմ կարծում, որ պատգամավորական գործունեությունը միայն դահլիճով է սահմանափակվում: Նրանց մեծ մասն իրենց պատգամավորական գործունեությունն իրականացնում է նաեւ իրենց ընտրատարածքներում»:
Մեր դիտարկմանը, որ այդպիսի պատգամավորներին, որոնք ակտիվ չեն, մարդիկ ասում են «կոճակ սեղմող» պատգամավորներ, որոնք Ձեր խմբակցությունում 42-ն են, համաձա՞յն եք այդ ձեւակերպման հետ՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ոչ, համաձայն չեմ»:
Ըստ նրա, «պատգամավորի ակտիվության չափանիշ է նրա գործունեությունը իր ընտրատարածքից սկսած, մինչեւ ԱԺ դահլիճ»:
Կարդացեք նաև
Մոնիտորինգի համաձայն, ՕԵԿ-ը նախորդ նստաշրջանի ամենաակտիվ խմբակցությունն է: Մենք հետաքրքրվեցինք՝ այդ գնահատականին համաձա՞յն է: Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Իրենք ամենաշատ ելույթներ եւ հարցեր տրամադրող պատգամավորներն են»:
Ողջ նստաշրջանի ընթացքում հատկապես ՀԱԿ եւ ԲՀԿ պատգամավորները դժգոհում էին, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գրավոր հարց են գրում՝ ճի՞շտ է, որ տերեւը կանաչ է, կառավարության անդամը պատասխանում է՝ այո, տերեւը կանաչ է, հետո պատգամավորը արձագանքում է՝ շնորհակալություն, որ ասացիք, որ տերեւը կանաչ է: Այսպես մյուս պատգամավորները չեն կարողանում հանրությանը հուզող հարցերը բարձրացնել կառավարության առջեւ:
Այս առնչությամբ Գագիկ Մելիքյանն ասաց, որ խնդիրը լուծվելու է, ԱԺ կանոնակարգ օրենքում պատրաստվում են փոփոխություն կատարել, որ պատգամավորների այն գրավոր հարցերը, որոնց պատասխանել է կառավարությունը, այլեւս չհնչեցնեն ԱԺ-ում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ