Սեպտեմբերի 17-19-ը Երևանում կանցկացվի Ջազի փառատոն՝ Yerevan Jazz Fest-2015-ը, որի կազմակերպիչը Ջազի հայկական նորաստեղծ ասոցիացիան է:
«Ասոցիացիայի հիմնումն ու ջազի փառատոն անցկացնելը նպատակ ունեն վերականգնելու հին ավանդույթը, երբ տարիներ առաջ Հայաստանը տարածաշրջանում ջազային մայրաքաղաք էր: Մենք ուզում ենք, որ Երևանը ներկայանալի լինի ջազի ասպարեզում, մանավանդ որ դրա հիմքերն ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը:
«Ասոցիացիան ստեղծվել է, որ ոչ թե մոնոպոլիզացնի ջազի ոլորտը, այլ աջակցի երիտասարդներին, ջազմեններին: Մի շարք երկրներում անցկացվում է նաև երիտասարդների ջազ փառատոն: Մենք ուզում ենք, որ մեզ մոտ էլ առաջիկայում այն կյանքի կոչվի»,- հավելեց Ասոցիացիայի հիմնադիրներից Վազգեն Ասատրյանը՝ նկատելով, որ տարիներ առաջ նույնպես փոքր մասշտաբի փառատոներ են կազմակերպվել, բայց դրանք անհատների էնտուզիազմի հաշվին են եղել, այժմ ժամանակն է դուրս գալ սահմաններից. «Ջազում մենք մեծ նավ ունենք, որը կարող է օվկիանոսում լողալ, բայց դեռ Սևանում է»,- ասաց նա:
Դառնալով Yerevan Jazz Fest-ին՝ տեղեկացնենք, որ փառատոնային երեք օրերին հայ հանդիսատեսի համար ելույթներով հանդես կգան Հայկական սիմֆոնիկ-ջազ նվագախումբը, Արցախի ջազ նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Նինո Կատամաձեն, Լորեն Ռոբինը, Աբրահամ Գումրոյանը, Արթուր Սաթյանը, Ռիչարդ Բոնան, Հյուբերտ Թաբսը, Էռնա Յուզբաշյանը, Արմեն Հյուսնունցը և այլք:
Կարդացեք նաև
Համերգները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում:
Սեպտեմբերի 17-ի և 19-ի համերգների տոմսերի գինը 3.000-15.000 դրամ է, իսկ սեպտեմբերի 18-ի համերգի տոմսերինը՝ 5.000-25.000 դրամ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ