Գյուղապետը դիմել է նախագահի վերահսկողության ծառայություն
Իջեւանի տարածաշրջանի Աչաջրի դպրոցի նախկին տնօրեն, նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ մամուլում հայտնված այն պնդումներին, թե Ղալթախչյան տոհմի ներկայացուցիչներին իրենց գործողություններում հովանավորել են Տավուշի մարզի իրավապահները: Նա ասաց, որ իրենք ժամանակին քայլեր են ձեռնարկել գյուղում տիրող քրեածին մթնոլորտը վերացնելու համար, սակայն՝ ապարդյուն: Պ. Ղալթախչյանը հայտնեց , որ 2008թ. փետրվարի 19-ին Աչաջրի գյուղամեջում սպանված Դավիթ Վարդումյանը մինչ այդ իրավապահների ուշադրությանն է արժանացել: Նա ասաց. «1996, թե՞ 1997 թվականին, երբ ես Աչաջրի դպրոցի տնօրենն էի, մեր դպրոցում կայացավ մանկավարժական կոլեկտիվի ժողով: Ժողովը որոշեց դիմել Իջեւանի ՆԳ բաժնի պետին, հայտնելով , որ մանկավարժական կոլեկտիվն իր վրա է վերցնում Դ. Վարդումյանի վարքի հսկողությունը, պատասխանատվություն կրելով նրա հետագա արարքների համար«:
Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի եղբայր Պավլիկ Ղալթախչյանը հավելեց, որ 2005 թվականին ինքն ընտրվել է Աչաջրի գյուղապետ, 2006թ. դիմել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայություն, հայտնելով, որ Աչաջրում հանցախումբ է գործում, գյուղում ահ ու սարսափի մթնոլորտ է,որը ստեղծվել է նախկին գյուղապետ Տաթեւ Գասպարյանի կողմից: Նա հավելեց. «Նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցը եկավ, միասին հանդիպեցինք Տավուշի մարզի իրավապահ համակարգի ղեկավարների հետ: Եթե այն ժամանակ իրավապահները միջոցներ ձեռնարկեին, չէին լինի 2008թ. փետրվարի 19-ի սպանությունը եւ հետագա այլ դեպքերը»:
Պ. Ղալթախչյանը հայտնեց, որ 2007թ. հուլիսին Աչաջրում իր որդու՝ Անդրեյ Ղալթախչյանի վրա երկաթե ձողերով հարձակվել, նրա հանդեպ մահափորձ են կատարել համագյուղացիներ Մեխակ Մելիքբեկյանը,Դավիթ Վարդումյանը եւ Գագիկ Գուլումյանը, ովքեր վնասել են Անդրեյի գլուխը, ջարդել ոտքի խնձորակը: Ղալթախչյանը հիշեց. «Որդուս՝ Անդրեյի վրա հարձակումից հետո դրա 3 մասնակիցները փախան, շուրջ 6 ամիս թաքնվեցին: Մի առավոտ գյուղապետարան աշխատանքի գալով՝ իմ աշխատասենյակից տեսա, թե ինչպես իջեւանցի ոստիկանները գյուղապետարանի շենքի մոտ գտնվող Տաթեւ Գասպարյանի առանձնատնից հանեցին Անդրեյ Ղալթախչանի վրա հարձակում կատարած վերոհիշյալ 3 անձանց»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ