33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի, Բուզանդի, Արամի փողոցի բնակիչները պատրաստվում են այսօրվանից նստացույց անել կառավարության շենքի մոտ: Բնակիչներն Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ այլ ելք չունեն՝ բոլոր պաշտոնյաներն իրենց խոստումները դրժում են:
Նշված տարածքները որպես հանրային գերակա շահ է ճանաչվել, բնակիչներին իրենց բնակարաններից հանել են, տները քանդել, այն ժամանակվա կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը խոստացել էր այդ հատվածում կառուցվող շենքում բնակարաններ հատկացնել իրացման գոտու բնակիչներին: Սակայն վերջերս կառուցապատողը ֆինանսական խնդրի առաջ կանգնեց, սնանկացման հարց է դրված, ուստի բնակիչների տների ճակատագիրը «օդում կախված է»:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող բնակիչները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ 2 օր առաջ հանդիպել են «Գլենդել Հիլզի» ղեկավարներից Էդիկ Միքայելյանի հետ, որն, ըստ էության, որևէ հույս չի տվել. «Էդիկի մոտ էինք գնացել, մարդը մեզ կուլտուրական, գյուղական ձեւով հանեց շպրտեց: Ասեց՝ գնացեք, ոչ տուն ենք տալու, ոչ փող ա լինելու, ոչ էլ բնակարանի վարձերը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Իրացման գոտու բնակիչներն ասացին, որ իրենք փակուղային իրավիճակում են, ժամանակին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց խոստացել էր, որ խնդիրը կլուծվի, անտուն չեն մնա, բայց վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանն էլ բնակիչների հետ հանդիպման ժամանակ որեւէ հույս չի տվել:
«Մեզ տարիներ առաջ ասացին, որ եթե տներից դուրս չգաք, քանդելու են ձեզ էլ մեջը, մենք էլ ստիպված պայմանագիր կնքեցինք: Ասում էին՝ մեր տների վերեւում Ֆիրդուսի մոտակայքում, կադաստրի մոտ տուն են տալու, 8 տարի է փոսը փորած է, մեզ էլ 8 տարի է այդ փոսում թաղել են,-ասաց Թամարա Սարգսյանը: Նրանց վստահեցմամբ՝ մոտ 150 ընտանիք այսօր անտուն է մնացել:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ