Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ`առավոտը ո՞վ ա ո՞ւմ զանգել, Բաղրամյան 26-ի՞ց են զանգել» Ընդդիմությունը քննարկում է միասնական ճակատ ստեղծելու հարցը

Սեպտեմբեր 10,2015 16:07

«Պարոնայք, երեւի դուք, ոմանք, համատեղ թուղթ քննարկելու փորձ չունեք»,- վրդովվեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Այսօր Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում  քննարկվում էր ընդդիմադիր ուժերի`«Ազգային փրկության ճակատ» ձևավորելու մասին հայտարարության նախագիծը: Պարույր Հայրիկյանն առաջարկում էր նախագիծն ընթերցել պարբերություն առ պարբերություն եւ դիտողությունները ներկայացնել:

Հմայակ Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը ցանկանում էին խմբագրական բնույթի դիտողություններն ու վերապահումները թողնել ոչ հրապարակային քննարկմանը`հրապարակային քննարկման ժամանակ տեքստը սկզբունքորեն համաձայնեցնել: Հայրիկյանն առաջարկում էր երկու նախադասություններում չորս անգամ օգտագործված «Հայաստանի հանրապետություն» դարձվածքը մեկ անգամ օգտագործել:

Հմայակ Հովհաննիսյանը բորբոքվեց. «Եթե չեք ուզում Սերժ Սարգսյանը հիշատակվի, այդպես էլ ասեք: Մենք ձեր առաջարկությունները քննարկել ենք`հրաժարական ենք պահանջում եւ վերջ»: Կրքերը հանդարտեցրեց Գարեգին Չուգասզյանը`շարունակելով տեքստի պարբերություն առ պարբերություն ընթերցումն ու քննարկումը:

«Էս երկրում Սաշիկները-Մաշիկները ունեզրկում են մարդկանց: Ես էլ թուղթ քննարկելու համատեղ փորձ ունեմ»,- ավելի ուշ կրկին վրդովվեց Հմայակ Հովհաննիսյանը`տեքստի մի հատվածի քննարկման ժամանակ. «Չորս ժամ քննարկել ենք, հիմա սյուրպրիզ ա մատուցում»:

Հմայակ Հովհաննիսյանը պնդում էր, որ տեքստում անպայման նշվի, որ երկրում խախտվում է մարդկանց սեփականության իրավունքը: Ավելի ուշ, ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու դրույթի վերաբերյալ Հմայակ Հովհաննիսյանի նյարդերը տեղի տվեցին. «Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ, գիշերն ինչ-որ աշխատանք է կատարվում եւ հիմա մեզ անակնկալ է մատուցվում»: «Դա իմ առաջարկությամբ չի եղել, մենք այդ հարցը շատ ենք քննարկել, ես կարծել եմ, որ դա մեր համատեղ քննարկումների արդյունքում է ավելացվել»,- հակադարձեց Պարույր Հայրիկյանը`հավելելով, որ ինքը չի մատուցում անակնկալը, «մատուցում է պարոն Չուգասզյանը»:

Վերջինս էլ ասաց, որ Հիմնադիր խորհրդարանի կողմից է ավելացվել պարբերությունը, բայց եթե դա սկզբունքային քննարկման նյութ է, կարելի է հանել, այլապես`խնդիր չկա ու երկրորդեց Հայրիկյանին, որ իշխանությունը նոր սահմանադրություն է առաջարկում, ոչ թե փոփոխություններ:

«Ես չգիտեմ`առավոտը ո՞վ ա ո՞ւմ զանգել, Բաղրամյան 26-ի՞ց են զանգել: Երեկ մենք չորս ժամ աշխատել ենք, համաձայնեցված տեքստ կա, բայց նոր բաներ են ավելացել, հակասություններ կան»,- չէր հանգստանում Հմայակ Հովհաննիսյանը: Պարույր Հայրիկյանն էլ նրան հանդարտության կոչ էր անում, քանի որ քանի որ «այսօր արդեն մի քանի դրվագով սխալ արտահայտվեցիք»:

«Ժառանգության» ներկայացուցիչը չէր մասնակցում: Aravot.am-ի հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իր հետ հեռախոսազրույցում Արմեն Մարտիրոսյանն ասել է` տեքստի վերաբերյալ վերջնական ձեւավորված կարծիք չունեն. թեեւ սկզբունքորեն կողմ են, բայց վարչության նիստ դեռ չեն հասցրել գումարել: Արմեն Մարտիրոսյանն էլ այսօրվա քննարկմանը չէր մասնակցում զուտ զբաղվածության պատճառով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930