Սեպտեմբերի 13-ին համայնքի ավագանու ընտրություններ կկայանան Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ եւ Սարիգյուղ համայնքներում: Ադրբեջանի հետ սահմանամերձ Սարիգյուղ համայնքի ավագանու 7 տեղի համար առաջադրվել էր 8 թեկնածու:
Նոյեմբերյան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ մի շաբաթ առաջ ավագանու թեկնածուներից մեկը՝ «Երիտասարդ Տավուշ» ՀԿ համայնքային կազմակերպիչ Գոհար Ամիրխանյանը ինքնաբացարկ է հայտնել:
Այսպիսով Սարիգյուղի ավագանու ընտրություններում մրցակցություն չկա: Խաշթառակում ավագանու 7 տեղին համար գրանցվել է 10 թեկնածու: Դրանցից 3-ը ՀՀԿ անդամ է, 7-ն՝ անկուսակցական :
2015թ. մայիսի 29-ին Խաշթառակի գյուղապետ Հայկ Քամալյանը նշելով իր առողջական վատ վիճակը, բուժման նպատակով Ռուսաստան գնալու պատճառաբանությամբ հրաժարական է տվել: Այդ համայնքում նշանակվել են արտահերթ ընտրություններ:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 20-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել էր 2 թեկնածու՝ ՀՀԿ անդամ, ՀՀԿ Իջեւանի տարածքային խորհրդի կողմից առաջադրված Անդրանիկ Վիրաբյանը եւ անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Արմեն Մովսիսյանը:
Անդրանիկ Վիրաբյանն աշխատում է որպես «ՀիմաՏավուշ» հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի վարիչ: Ա. Վիրաբյանը 2012թ. փետրվարի 12-ին կայացած Խաշթառակի գյուղապետի ընտրություններում թեկնածու էր, սակայն գյուղապետ ընտրվեց Հայկ Քամալյանը: Ա. Վիրաբյանը Խաշթառակ համայնքի ղեկավարի նախորդ ընտրություններում հանդես էր գալիս որպես ԲՀԿ անդամ, նա այդ կուսակցության Իջեւանի տարածաշրջանային կազմակերպության երիտասարդական թեւի ղեկավարն էր:
Սեպտեմբերի 4-ին Արմեն Մովսիսյանը դիմում է տվել Տավուշի մարզի թիվ 40 ԸԸՀ նախագահ Գագիկ Աբովյանին, որով հանել է իր թեկնածությունը: Այսպիսով Խաշթառակում գյուղապետի ընտրությունները տեղի ունենան առանց մրցակցության: Եթե Արմեն Մովսիսյանը չհաներ իր թեկնածությունը, սեպտեմբերի 20-ին ստանար քվեարկության մասնակիցների ձայների 5 տոկոսը, ապա նրան կվերադարձվեր ընտրական գրավը՝ 100 հազար դրամ:
Խաշթառակ համայնքից տեղեկացանք, որ այդ 100 հազար դրամը Ա. Մովսիսյանին տրամադրել է ընկերը՝ Անդրանիկ Վիրաբյանը, որպեսզի վերջինս թեկնածու գրանցվի:
Փաստորեն, Ա. Վիրաբյանը գերադասեց կորցնել 100 հազար դրամը, քան քվեաթերթիկում տեսնել Արմեն Մովսիսյանի անունը: Խաշթառակում ասում են, որ Ա. Վիրաբյանն ընկերոջը թեկնածու դարձրեց, ինքն էլ նրա թեկնածությունը հանել տվեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ