Այսօր «Մեդիա կենտրոնում» «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի պատասխանատուներն ամփոփեցին 7-րդ նստաշրջանի արդյունքները:
Ըստ զեկույցի, այս նստաշրջանում աննախադեպ ակտիվություն են դրսեւորել ՕԵԿ-ի պատգամավորները. հնչեցրել են 200-ից ավելի հարց եւ ելույթ, որը հավասար է ՀՀԿ-ի 70 հոգանոց խմբակցության ակտիվությանը:
Բայց ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նկատեց, որ ՕԵԿ-ի ակտիվությունն ունի արհեստական տարրեր: Փորձագետներն ՕԵԿ-ի ակտիվությունը համեմատել են խմբակցության «կոալիցիոն» շրջանի հետ եւ պարզել, որ եթե կոալիցիայի անդամ եղած ժամանակ խմբակցությունը 83 հարց ու ելույթ էր հնչեցրել, ապա 7-րդ նստաշրջանում եռապատկել են դրանք:
Այս նստաշրջանի ընթացքում բավականին փոփոխություններ են եղել ԱԺ-ում՝ մասնավորապես ԲՀԿ խմբակցությունում: ԲՀԿ-ն իրեն հայտարարել է ընդդիմություն, խմբակցությունը լքել է 11 պատգամավոր: Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանն ասաց, որ խմբակցությունը դե յուրե ունի 33 պատգամավոր, բայց խորհրդարանում ներկայացված է 22-ով, մյուսները զուտ մանդատը վայր չդնելու համար չեն լքում խմբակցությունը:
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա Վահե Էնֆիաջյանը դժգոհեց, որ զեկույցում բավականին մեծ տեղ են հատկացրել Գագիկ Ծառուկյանին եւ նրա շուրջ տեղի ունեցած իրադարձություններին. «6 խմբակցություններից 4-ում տեղի են ունեցել պատգամավորների տարաձայնություններ, խնդիրներ են եղել իրենց քաղաքական հայացքների հետ կապված: Այդպես քանի որ մանրակրկիտ ուսումնասիրություններ եք անում եւ անձնավորված ռեյտինգներ եք անում, պատգամավորի գործունեությունը միայն ԱԺ-ում չպիտի լինի: Եթե մոնիտորինգ եք անում, ճիշտ կլինի անեք, թե ինչ հանդիպումներ է ունենում պատգամավորը, միջազգային հարթակում պատգամավորների կողմից ինչ ակտիվություն կա, մամուլի հետ ինչպես են աշխատում»:
Լուսինե Վասիլյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի գործընթացն ազդել է ընդդիմության քաղաքական կշռի վրա եւ ազդեցություն է ունեցել ընդդիմադիր ճակատի միասնական քայլերի վրա, դրա համար են մեծ տեղ հատկացրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ