Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տուժած 24 լրագրողներից ու օպերատորներից 6-ը դեռ չեն հարցաքննվել: Մեկ լրագրողի դեռ չի վերադարձվել կամ փոխհատուցվել տեսախցիկի առգրավված հիշողության սարքը, ավելին, ոստիկանության կողմից առաջարկվել է գործարք: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մտահոգություն հայտնեց, որ հունիսի 23-ին բռնության ենթարկված լրագրողների հարցով քրեական գործը քննում է ընդամենը մեկ քննիչ:
Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողների հարցով քրեական գործի վերաբերյալ ՀՔԾ ուղարկած իրենց հարցերին այդպես էլ պատասխաններ չեն տվել: Կոմիտեն ՀՔԾ-ից հետաքրքրվել է, թե նախաքննության երկու ամիսը լրանալուց հետո այդ գործը երկարաձգվելո՞ւ է, թե՝ ոչ, կամ քանի՞ քննիչ է վարում գործը, տուժած լրագրողներից քանի՞սն են հարցաքննվել: Սակայն ընդամենը երկու նախադասությամբ պատասխանել են, թե հարուցված է քրեական գործ ու իրենց կողմից հարցվող տեղեկությունները նախնական քննության տվյալներ են հանդիսանում և հրապարակման ենթակա չեն:
Աշոտ Մելիքյանն այս առիթով նշեց. «Օրենքը չի սահմանում, թե ինչ է հանդիսանում նախաքննական քննության տվյալ և ինչը հրապարակման ենթակա չէ: Մենք դիմելու ենք դատախազություն, այլ ատյաններ, և իրավաբանները կարծում են, որ արժե դիմել նաև ՍԴ այս օրենսդրական բացը վերացնելու համար»:
Աշոտ Մելիքյանը անթույլատրելի է համարում ՀՔԾ-ում դրսևորվող դանդաղկոտությունը, այն, որ ծավալուն այս գործը վարում է ընդամենը մեկ քննիչ:
Կարդացեք նաև
Նա հրապարակեց նաև լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը, որտեղ պահանջում են կազմավորել ներկայացուցչական քննչական խումբ, որը օբյեկտիվ կքննի այդ գործը, իսկ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն գործի նկատմամբ:
Պարոն Մելիքյանի կարծիքով՝ այս իրադարձությունները ՀՀ-ի վարկանիշի վրա անշուշտ բացասաբար կանդրադառնան. «Միջազգային կազմակերպությունների վերջին գնահատականներն այնպիսին էին, որ բարենպաստ իրավիճակ ստեղծելու պարագայում ՀՀ-ն լրատվամիջոցների ազատության առումով «ոչ ազատների» շարքից կարող էր տեղափոխվել «կիսաազատների» շարք, սակայն այս իրադարձություններից հետո միջազգային կազմակերպությունները հստակ ու խիստ գնահատականներ տվեցին: Իշխանություններն ամեն ինչ պիտի անեն այս գործը օբյեկտիվությամբ և խորությամբ քննելու համար, քանի որ միայն այդ պարագայում կարող են այդ գնահատականները մեղմել»:
Aravot.am-ի հարցին՝ որևէ կապ տեսնու՞մ է հունիսյան բռնությունների, քրեական գործի և բռնության ենթարկված լրագրողների ու օպերատորների՝ աշխատանքից ազատման փաստերի միջև, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Ավելի ճիշտ կլինի այդ հարցերը տալ լրատվամիջոցների ղեկավարներին ու այն լրագրողներին, որոնք հեռացել են այդ լրատվամիջոցներից»:
Խոսքի ազատության կոմիտեի աշխատակից, մեդիա փորձագետ Լիլիթ Հովհաննիսյանը տեղեկացրեց, թե զրուցել է 1in.am-ի՝ հեռացած օպերատորների հետ ու մանրամասնեց. «Այդ կայքի՝ աշխատանքից հեռացված օպերատորներն ի պատասխան մեր հարցի պատմեցին, որ 14 օրուգիշեր աշխատելուց հետո խմբագիրն առանց հիմնավորման իրենց հեռացրել է աշխատանքից՝ այդպես էլ բացատրություն չտալով: Իսկ խմբագիրը մեզ հետ զրույցում պատճառաբանեց, որ պարզապես գոհ չի եղել նրանց աշխատանքից, ավելին միայն օպերատորները չեն եղել, այլ յոթ հոգանոց խումբ է հեռացրել աշխատանքից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
դե գնանք կախվենք էլի, եթ էտ շանսը մեզ պետդեպը չի տալիս: 😀 😀 😀
Խոսքի …ազատության.. պաշտպանության… կոմիտեի… նախագահ…. 😀 😀 😀