«ԱԺ ամենաակտիվ պատգամավորը՝ Արծվիկ Մինասյանը զիջել է իր դիրքերը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին: 7-րդ նստաշրջանի ընթացքում ամենաակտիվ պատգամավորը նա է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամփոփեց 7-րդ նստաշրջանի արդյունքները:
Ինքը՝ Արծվիկ Մինասյանը ուրախ է տիկին Բիշարյանի համար եւ մաղթեց, որ ակտիվությունը լինի նպատակային՝ ըստ էության:
Ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասաց, որ ԱԺ-ն ավելի շատ օրենք է ընդունել արտահերթ նստաշրջանին, քան ընթացիկ քառօրյա նիստերի ժամանակ: 112 ընդունված օրենքներից 61-ը ընդունվել են արտահերթ նստաշրջանի ընթացքում: Ընդ որում, արտահերթ հրավիրելու մենաշնորհը ամբողջությամբ տրվել է կառավարությանը: Արտահերթի ընթացքում վարկային լուրջ համաձայնագրեր են վավերացվել:
Նստաշրջանի ակտիվությունն աճել է, բայց ավելացել են «լռակյաց» պատգամավորները: 131 պատգամավորից օրինագծերի քննարկմանը չի մասնակցել 74-ը: ՀՀԿ-ի 70 պատգամավորներից 42-ը որեւէ հարց չի տվել ու որեւէ ելույթ չի ունեցել նստաշրջանի ընթացքում:
Կարդացեք նաև
Ամենաշատ դեմ քվեարկած խմբակցությունը, ըստ մոնիտորինգի արդյունքների, «Ժառանգությունն» է, ամենաշատ ձեռնպահ քվեարկածը՝ ՀՅԴ-ն, ամենաշատ բացակայածն ու չքվեարկածը՝ ԲՀԿ-ն: Ամենաշատ բացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է, նա ողջ նստաշրջանի ընթացքում դարձյալ որեւէ նիստի չի մասնակցել: Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը նշեց, որ ԲՀԿ-ից մի շարք պատգամավորներ դուրս չեն գալիս՝ մանդատը չկորցնելու համար, ձեւական առումով են խմբակցությունում:
Ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորն է Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ից, ամենաշատ կողմ քվեարկածը՝ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը, ամենաշատը ձեռնպահի կոճակն է սեղմել ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ