ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը «ՉԻ» հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ սահմանադրական փոփոխությունները Հայաստանի համար կարող են շատ վատ հետեւանքներ ունենալ, ուստի հասարակությունը, գիտակցելով դա, պետք է միավորվի՝ «Ոչ» ասելու իշխանությունների այս նախաձեռնությանը։
– Մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարել են սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի համար «ՈՉ»-ի ճակատ ստեղծելու մասին, դուք ինքներդ պատրա՞ստ եք միանալ այդ ճակատին։
– Ես իմ տեսակետը հայտնեցի, եւ կարծում եմ՝ դրանից դուք կարող եք հետեւություններ անել։ Ես դեմ եմ այդ փոփոխություններին, եւ պայքարելու եմ դրա դեմ։ Ընդդիմադիր ուժերից Հայ Ազգային Կոնգրեսն է, որ կտրականապես դեմ է սահմանադրական փոփոխություններին, ՀԺԿ-ն, Ժառանգությունը։ Կան նաեւ հասարակական կազմակերպություններ, քաղաքական նախաձեռնություններ, որոնք եւս դեմ են արտահայտվում, եւ դա ողջունելի է։ Այն քաղաքական ուժերը, որ սահմանադրական փոփոխությունների քննարկման համար այցելում են Բաղրամյան 26, իրենք չեն արտահայտում ժողովրդի ցանկությունները, իղձերը։ Կարծում եմ՝ ժողովրդի մեծ մասը գիտակցում է, որ սահմանադրական փոփոխությունները որեւէ լավ բան չեն կարող տալ եւ դեմ կարտահայտվի դրան։
– Ի դեպ, Բաղրամյան 26 այցելող ուժերի մասին ինչ կասեք, մանավանդ որ նրանց մի մասն ընդդիմադիրի դիրքերից է հանդես գալիս կամ արդեն նախկին ընդդիմադիր է։
Կարդացեք նաև
– Այցելողների մեջ մարդիկ կան, որոնց համար ափսոսում եմ, ցավում եմ, քանի որ իրենք պայքարել են, անցել են պայքարի բովով, մեծ դժվարությունների միջով, եւ այսօր իրենց անցած ուղու վրա խաչ են քաշում։ Իրենք գիտակցում են, որ անիմաստ է այսօր ջուր լցնել այն իշխանությունների ջրաղացին, որոնք իրենց քաղաքականությամբ օր օրի դատարկում են Հայաստանը, որոնք մեր երկիրը հասցրել են ծանր, ճգնաժամային իրավիճակի ու հիմա էլ սահմանադրական փոփոխություններ են ուզում։ Այցելողների մեջ նաեւ կան ուժեր, որոնց համար չենք էլ զարմանում, որովհետեւ իրենք միշտ էլ պատրաստ են եղել համագործակցելու իշխանությունների հետ, բայց մի ժամանակ կեղծ ընդդիմադիրի կեցվածք էին ընդունել։ Հիմա, փաստորեն, բացել են իրենց դեմքը, ինչը լավ է։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում