Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ներկայացուցիչ. «Սահմանային բնակավայրերում խուճապ չկա»

Սեպտեմբեր 10,2015 12:07

«Որեւէ սահմանային համայնքում խուճապային իրավիճակ չկա»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, որը նոր է վերադարձել սահմանամերձ բնակավայրերից եւ հավաստիացրեց, որ ինքն ամեն շաբաթ-կիրակի է այդ բնակավայրերում լինում:

Մինչդեռ, ըստ Գագիկ Մելիքյանի, Տավուշի մարզի սահմանակից ադրբեջանական գյուղերում խուճապային վիճակ է. « Գյուղերի բնակչության 50 տոկոսը փախուստի են դիմում, ադրբեջանական զինուժն էլ բլոկ-պոստեր է դրել, որ թույլ չտա»: Պատգամավորը պատմեց, որ ադրբեջանական բնակավայրերի մոտ գտնվող արոտավայրերում անտեր անասուններ են երեւում, ինչն ուղղակի նշանակում է, որ նրանց տերերը լքել են գյուղը. «Գիշերային ժամերին, ադրբեջանական զինուժերի մեքենաներով մարդ են բերում ու տանում, հավանաբար որ անասուններին կթեն, կերակրեն»: Խոսքը Ալիբեյլի, Թաթըլի, Աղդամ ադրբեջանական բնակավայրերի մասին է, որոնք սահմանակից են հայկական Այգեպարին, Ոսկեվանին եւ Չինարիին:

Հայ-ադրբեջանական եւ աղրբեջանա-ղարաբաղյան սահմանային լարվածության ֆոնին ՀՀԿ-ական պատգամավորը դրական է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`ամսի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպումը: Գագիկ Մելիքյանն առանձնացնում է հատկապես այն, որ առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովում Հայաստանը կներկայացնի սահմանային վիճակը`ակնկալելով սահմաններում ՀԱՊԿ-ի պարտավորությունների կատարում:

Նա անդրադարձավ նաեւ հանդիպման`տնտեսական պայմանավորվածությունների հատվածին, առանձնացնելով սահմանին 25 դոլարով գազի սակագնի նվազեցումը: Իշխող կուսակցության ներկայացուցիչը դա գնահատում է այն համատեքստում, որ դոլար-տրամ տատանումների արդյունքում հնարավոր կլինի բնակչության համար գազի սակագինը պահպանել ու չթանկացնել:

Լրագրողները նկատեցին, որ որոշ պատգամավորներ, սահմանամերձ բնակավայրեր այցելելուց հետո կիսվել էին բնակիչների այն մտավախություններով, որ եթե իրենք համապատասխան զենքով ապահովված լինեն՝ առավել հանգիստ կապրեն: Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեցին`ՀՀԿ-ում այս հարցը քննարկվո՞ւմ է: «Սահմանային բնակչությանը զենք եւ զինամթերք առանձնացված է, նման հարց գոյություն չունի եւ նման հարցի բարձրացումը անիմաստ է: Ամեն ինչ հաշվարկված է, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, բայց եթե պետք լինի`բոլորն էլ կապահովվեն»,- ասաց նա:

Գագիկ Մելիքյանը նաեւ հորդորեց եւ քաղաքական այրերին, եւ լրագրողներին`սահմանային իրավիճակների մասին տեղեկություններ հրապարակելիս զգույշ լինել ու անտեղյակ հայտարարություններ չանել, դրանք կարող են ճակատագրական դառնալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930