Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրավիրած էներգետիկ ոլորտում խորհրդատվություն անցկացնելուն:
Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հորդորեց զեկուցել, թե ինչ իրավիճակ է, վերջինս էլ վստահեցրեց, որ խորհրդատվության առաջին փուլը կավարտվի սեպտեմբերի վերջին, երկրորդը՝ հոկտեմբերի վերջին, երրորդ փուլն էլ՝ նոյեմբերի վերջին:
Վաչե Գաբրիելյանն ասաց, որ միջազգային խորհրդատվական ընկերությունը առաջին փուլում անդրադառնալու է էլեկտրաէներգիայի արտադրական ամբողջ շղթային, ուսումնասիրելու է սակագների ձեւավորման գործընթացը, պարզելու հոսանքի՝ 6,93 դրամով թանկացման հիմքերը, եւ որքանով է դա արդարացի: Ուսումնասիրության եզրակացությունը, փոխվարչապետը վստահեցրեց, որ գրավոր տրամադրվելու է:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ զեկուցեց, որ մինչեւ 250 կվտ/ժ սպառողների փոխհատուցումը կատարվում է: Վարչապետը ճշտեց՝ այսինքն, այդ գումարները վճարվում են: Այն, որ հանրության շրջանում տեղեկատվություն է տարածվել, թե 6,93 դրամի փոխհատուցումը չի կատարվել՝ այդպես չէ:
Կարդացեք նաև
Զախարյանի վստահեցնելուց հետո, որ փոխհատուցումը կատարվում է, վարչապետը նշեց, որ պետք է հայտարարել, որ կառավարությունն իր աշխատանքները պատշաճ եւ ըստ ժամանակացույցի կատարում է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ