Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի» են գնում իրավապահները

Սեպտեմբեր 10,2015 15:30

Իջեւանի քաղաքապետի ընտրությունում համագործակցում են
իրավապահներն ու քրեական տարրերը

«…Իջեւանի Շախմատի տան առաջին հարկի ապօրինի օգտագործման մասին հայտնվում է, որ դատախազության կողմից կատարված ստուգումներով եւ ուսումնասիրություններով պարզվել է, որ դեռեւս 10.03.1980թ. Իջեւանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ Շախմատի տան առաջին հարկը հատկացվել է «Էկոլոգիական կենտրոն» կոոպերատիվին: Շուրջ երեք տարի այն շահագործելուց հետո, քանի որ կենտրոնի աշխատանքները շահութաբեր չեն եղել, 05.01.1991 թվականին, կոոպերատիվի ժողովի որոշմամբ, այն վերամիավորվել է «Սպիտակ լիճ» կոոպերատիվին: Քանի որ Շախմատի տունը ընդհանրապես գտնվում է Իջեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում, ապա քաղաքապետարանը պարտավոր է մրցութային կարգով պայմանագիր կնքել եւ շախմատի տան առաջին հարկն օգտագործելու վարձավճար գանձել: Ինչ վերաբերում է այդ տարածքն անօրինական շահագործող անձանց վտարման հարցին, ապա այն պետք է լուծել դատական կարգով». սա մեջբերում է 2000 թվականի հունիսի 29-ին Տավուշի մարզային դատախազության` ի պատասխան այն ժամանակվա քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հարցման, տրամադրած ուսումնասիրության արդյունքներից ու պաշտոնական գրությունից:

Տասնամյա վաղեմության փաստաթղթերն ուսումնասիրելու, դրանք «ջրի երես» հանելու նախաձեռնությունն «Առավոտինը» չէ: Սա արդյունք է Տավուշի մարզային քննչական վարչության «քնից արթնանալու»: Սույն թվականի օգոստոսի 28-ին Տավուշի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308 (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում) եւ 314 (Պաշտոնեական կեղծիք) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Իջեւանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի դեմ: Նա այժմ մարզի անշարժ գույքի կադաստրի ղեկավարն է եւ առանց հարազատ կուսակցության` ՀՀԿ-ի «դաբրոյի» որոշել է մասնակցել սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի քաղաքապետի ընտրություններին: Այդ ընտրություններում նրա մրցակիցը նորաթուխ ՀՀԿ-ական, նախկին ԲՀԿ-ական ու նախկին «Ժառանգական» Վարդան Ղալումյանն է: Վերջինիս «թիկունքը պահում» է Տավուշի ՀՀԿ-ական մարզպետ Հովիկ Աբովյանը: Սեպտեմբերի 3-ի համարում «Առավոտն» անդրադարձել է Իջեւանի քաղաքապետի՝ բիրտ մեթոդներով ընթացող ընտրապայքարին, որտեղ Վարդան Ղալումյանի օգտին աշխատում են նաեւ քրեական տարրերը:
Քննչական վարչության ներկայացրած տեղեկություններով՝ քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել Իջեւանի Շախմատի տան առաջին հարկի մասնավորեցման գործընթացում իբր տեղ գտած օրինախախտումները: Վիճելի տարածքը, իբր, 1987 թվականին Իջեւանի քաղխորհրդի որոշմամբ հանձնվել է Իջեւան քաղաքի բնակիչ Գրիգոր Ղուլարյանին պատկանող կոոպերատիվին՝ որպես սրճարան օգտագործելու համար: Մամուլում հրապարակվեց, որ 2001 թվականին Վարուժան Ներսիսյանի քաղաքապետ աշխատելու ժամանակ վիճելի տարածքը վերադարձվել է համայնքի հաշվեկշիռ եւ նախատեսվել որպես մանկական գրադարանի մասնաճյուղ: Ապա 2006 թվականին տարածքը տրվել է Իջեւան քաղաքի բնակիչ Լուսինե Սուքոյանին: Վերջինիս հայրը Վարուժան Ներսիսյանի մտերիմներից է եղել, քաղաքի ավագանու անդամ:

Հասկանալի է, որ տասը տարվա վաղեմության այս գործը քննելը այժմ զուտ քաղաքական նպատակ ունի` ամեն գնով խանգարել իշխանության գծած սցենարը չընդունող թեկնածուին, այլապես օրինախախտները 10 տարում պետք է հայտնաբերված ու պատժված լինեին՝ մանավանդ որ այդ ժամանակ քաղաքապետն ինքն է շահագրգռություն ցուցաբերել: Մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության պետ Աննա Մանթաշյանը, ով այն ժամանակ մարզի դատախազն էր, իրարամերժ որոշումներ է կայացրել այս հարցի վերաբերյալ, անտեսել նախկինում ոստիկանության գլխավոր քննչական վարչության կողմից իրականացված մանրակրկիտ նախաքննությունն ու դրա արդյունքում կայացված որոշումը, օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Իսկ նման գործերի վրա 10 տարի «գլուխ կոտրող» եւ արդյունքի չհասնող իրավապահների գոյությունը առնվազն չի նպաստում իրավապահ համակարգի նկատմամբ վստահության աճին:
«Առավոտի» տրամադրության տակ են ոչ միայն դատախազության ստուգումների արդյունքները, որոնք վկայում են, որ նախկին Շախմատի տան առաջին հարկը տրամադրվել է ոչ թե «Սպիտակ ջուր», այլ «Էկոլոգիական կենտրոն» արտադրական կոոպերատիվին: Միավորվելով, ինչի իրավունքն ունեին, այդ կոոպերատիվները իրենց իրավունք են վերապահել առանց քաղաքապետարանի հետ համաձայնեցնելու նոր փաստաթղթեր կնքել, օգտագործել քաղաքապետարանին պատկանող անշարժ գույքը: Նաեւ` 2010 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը որոշում է կայացրել Իջեւանի ավագանու նախկին անդամ, Իջեւանի գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղալումյանի, ավագանու անդամներ Վարդան Օրդինյանի, Վահիկ Ղալումյանի, Արտակ Խաչատրյանի եւ այլոց խմբակային բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Որոշման 11-րդ էջում նշված է, որ Իջեւան քաղաքի Վալանսի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող նախկին Շախմատի տան, ինչպես նաեւ մի քանի այլ անշարժ գույքերի օտարման գործընթացը, դատատնտեսագիտական եւ դատահաշվապահական փորձաքննությունների արդյունքներով, եղել է տվյալ պահին գործող նորմատիվ ակտերի պահանջներով:

Վիճելի հարցի վերաբերյալ առկա է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, համաձայն որի՝ բավարարվել է վճռաբեկ բողոքը` բեկանելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունիսի 27-ի որոշումը. «Սպիտակ լիճ» արտադրական կոոպերատիվի հայցը մերժվել է, կոոպերատիվից հօգուտ Լուսինե Սուքոյանի գումարներ են բռնագանձվել: Ու շատ հստակ, հուսով ենք նաեւ Տավուշի մարզային քննչական վարչության աշխատակիցների համար, գրված է` որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ:
Իսկ առհասարակ, հանուն արդարության նշենք նաեւ, որ չնայած Տավուշի մարզային քննչական վարչության պնդումներին՝ Իջեւանի Շախմատի տան առաջին հարկը երբեւէ, այդ թվում նաեւ 1987 թվականին չի տրամադրվել Գ. Ղուլարյանին կամ նրա կոոպերատիվին, նրա հետ վարձակալության պայմանագիր չի կնքվել, հետեւաբար չէր կարող տվյալ կոոպերատիվի հաշվեկշռում հայտնվել:

Սա առաջին դեպքը չէ, որ Տավուշի մարզային քննչական վարչության աշխատակիցները` ղեկավար Աննա Մանթաշյանի գլխավորությամբ, իրենց վրա վերցնելով ոստիկանության գործառույթների մի մասը՝ «սեփական ձեւաչափով» միակողմանի հետաքննություն են իրականացնում` մտացածին հիմքերով, կամ անհիմն քրեական գործեր են հարուցում:
Իսկ Վարդան Ղալումյանի եւ Աննա Մանթաշյանի «համագործակցությունների» հարուստ պատմությանն «Առավոտն» անդրադարձել է 2015 թվականի օգոստոսի 11-ի համարում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930