Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկած չունեմ, որ գործընթացին խառնվել է անձամբ Պուտինը»

Սեպտեմբեր 10,2015 14:30

Մանվել Բադեյանը զարմանում է՝
ի՞նչ նվաստացում կա Պուտինին շնորհակալություն հայտնելու մեջ

Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին Պերմյակովի գործը հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այդ շնորհակալությունը սոցցանցերում քննարկման առարկա է դարձել՝ Սերժ Սարգսյանը հերթական անգամ նվաստացնում է մեզ, ինչի՞ համար է շնորհակալություն հայտնում, որ սպանել են 7 հոգու ու Պերմյակովին պահել ռազմաբազայո՞ւմ:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց, որ այդ գործում իրավաբանական կազուս կա, եւ երկու կողմն էլ իր ճշմարտությունն ունի. «Ռուսաստանը գտնում է, որ ՌԴ քաղաքացու քրեական վարույթը պետք է իրականացնի ռուսական կողմը: Այդ վեճը երկար տեւեց ՌԴ-ի եւ ՀՀ-ի դատախազության մեջ, թե ում վարույթում պետք է գտնվի գործը: Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ հարցը այդքան հեշտ չէր լուծվի: Խնդիրն այն չէր, թե ինչ պատիժ կստանար Պերմյակովը: Բոլորս էլ գիտենք, որ եթե մնար ռուսական վարույթում այդ գործը, պատիժը լինելու էր նույնը, ինչ Հայաստանում՝ առավելագույն պատիժն էր լինելու: Բայց այստեղ հարցի բարոյական կողմը կա: Սարսափելի դեպք էր կատարվել, եւ այստեղ խնդիրն այդքան իրավաբանական հարթության մեջ չէ, որքան բարոյական: Եվ այդ հարթությանը բերել իրավաբաններին՝ շատ դժվար էր: Այստեղ պետք էր քաղաքական կամք, եւ կասկած չունեմ, որ գործընթացին խառնվել է անձամբ Պուտինը: Քաղաքական այդ կամքն արտահայտողն ինքն է եղել: Բնական է, որ արգելքներ են եղել, եւ այդ արգելքները հենց Պուտինն է հաղթահարել, այնպես չի, որ ասեց ու եղավ: Իր դերը այս գործընթացում մեծ է եղել, եւ բնական է, որ պետք է շնորհակալություն ասվեր: Ի՞նչ նվաստացում կա շնորհակալության մեջ, ես դա չեմ հասկանում»:

Անդրադառնալով «Ոչ»-ի շարժմանը եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ մարդկանց դուրս է բերելու հրապարակ՝ Մանվել Բադեյանն ասաց. «Դա իրենց սահմանադրական իրավունքն է՝ իրենց դիրքորոշումը տարբեր՝ օրենքով սահմանված միջոցներով պաշտպանելը: Կարծում եմ՝ հասարակության մեջ նրանք չունեն այն հեղինակությունը եւ ազդեցությունը, որ կարողանան Սահմանադրության նախագիծը «ոչ»-ի հասցնել, առավել եւս՝ իշխանափոխություն անել»:

Մեր դիտարկմանը, որ «Ոչ»-ի շարժման կողմնակիցները պնդում են, որ իրենք ամեն ինչ անելու են, որ գործընթացը չհասնի հանրաքվեի, մինչ հանրաքվեն տապալելու են այն՝ Մանվել Բադեյանը պատասխանեց, որ թող փորձեն, բայց միայն օրենքի սահմաններում. «Բռնի մեթոդներ թող չկիրառեն, օրենքով սահմանված կարգով թող պայքարեն, դա իրենց իրավունքն է: Ինչ վերաբերում է իմ քաղաքական կանխատեսմանը, նրանք դատապարտված են անհաջողության»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930