Խելացի, ուսման հանդեպ սեր ունեցող երեխաներ ունենալը ծնողների համար իսկական երջանկություն է, բայց երբ ուսման ձգտող երեխաները դառնում են ուսանող, բազմաթիվ ծնողների համար իրենց երեխաների ուսման ծարավն իսկական հոգս է դառնում:
5 դուստրերի հայր Օնիկ Հովսեփյանի 3 աղջիկներն ուսանող են. հայրը ոչ այն է՝ ուրախանա, ոչ այն է՝ տխրի. 3-ն էլ Հայաստանի տարբեր բուհերի վճարովի համակարգում են սովորում: Հովսեփյանի մի դուստրը՝ Իրինան, այս տարի է ընդունվել Հերացու անվան բժշկական պետական համալսարանի բուժական ֆակուլտետը: Այս ֆակուլտետի ուսման վարձը 800 հազար դրամ է: Օնիկի մյուս աղջիկը՝ Նելլին, Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում է. Նելլիի ուսման վարձն էլ 550 հազար դրամ է, իսկ մյուս աղջիկն էլ՝ Հասմիկը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսում է. Հասմիկի ուսման վարձն էլ 585 հազար դրամ է: Իսկ այս ուսանողների հայրը՝ Օնիկ Հովսեփյանը, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում պատմության ուսուցիչ է, նրա աշխատավարձը 55 հազար դրամ է:
Հայրը միշտ հպարտացել է աղջիկների առաջադիմությամբ, սովորելու ձգտումով, բայց դուստրերի ուսման վարձը վճարելու համար նա դռնեդուռ ընկած օգնություն է փնտրում. էլ պետական դուռ չմնաց, որ չթակի, էլ գործարար չմնաց, որ չդիմի:
«Առավոտի» հետ զրույցում Օնիկ Հովսեփյանն ասաց, որ մինչ օրս էլի բարերարների օգնությամբ է աղջիկների ուսման վարձերը կարողացել վճարել, այս տարի էլ նույն խնդրի առջեւ է կանգնել. կրկին հույսը բարերարներն են: Էլի դռնեդուռ ընկած՝ օգնություն է հայցում:
«Այս քանի տարին բախտներս բերել է, որ կարողացել եմ տարբեր մարդկանցից որոշակի գումար օգնություն խնդրել ու ստանալ, մի փոքր մասն էլ պարտք եմ արել: Մի կերպ ծայրը ծայրին հասցնելով վարձերը վճարել եմ: Հիմա էլի փորձում եմ օգնություն գտնել, առայժմ արձագանք չկա»,- ասաց Օնիկ Հովսեփյանը: Նա դիմել է ՀՀ նախագահին եւ կրթության ու գիտության նախարարին, որպեսզի միջամտեն՝ գոնե զեղչեր կիրառվեն այս ուսանողների համար, դիմումը մակագրվել է համապատասխան բուհեր, որտեղից պատասխանը հուսադրող չէ: Օնիկն ասաց, որ անցյալ տարի 2 բուհերում՝ ԵՊՀ-ում եւ Մանկավարժական համալսարանում, իր աղջիկների ուսման վարձը 30% զեղչել էին, այս տարի ԵՊՀ-ն մերժել է. «Իսկ Բժշկական համալսարանից էլ Իրինայիս ուսման վարձի զեղչման համար պատասխանեցին, որ մինչեւ 400 հազար դրամը չմուծեմ, չեն կարող որեւէ բան անել: Պատճառաբանեցին, որ պիտի վճարենք, որպեսզի Իրինային որպես ուսանող հրամանագրեն, նա դառնա իրենց ուսանողը, ու նոր քննարկեն զեղչման հարցը: Այսինքն՝ երեխաս տանջվելով սովորել է, պայքարել ու ընդունվել է, բայց դեռ հարց է՝ կկարողանա՞ Բժշկականում ուսումը շարունակել, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Օնիկ Հովսեփյանը պատմեց, որ Զոլաքար գյուղում իրենք ապրում են մաշված, ծակծկված, մետաղյա տնակում, որտեղ այս ընտանիքի հյուրերը ոչ թե իրենց ազգականներն ու աղջիկների ընկերուհիներն են լինում, այլ առնետները. «Ամբողջ հատակը մաշված ու ծակծկված է, այնպես ենք քայլում, որ հանկարծ փտած փայտյա հատակին նոր անցք չբացվի: Բոլորովս 9 քմ տնակում ենք ապրում: Սարսափելի օրերը ձմռանն են, անտանելի ցուրտ է լինում, այսինքն՝ տարին կլոր սարսափելի է մեր տնակում. գարնանը ձնհալն է սկսվում, ու տանիքից անընդհատ ներս հալոցքն է կաթում, աշնանը անձրեւաջրերն են լցվում: Ու այսպես ապրում ենք: Աղջիկներս ձմռան ցրտին՝ փաթաթված իրենց հագուստի ու «ադյալների» մեջ, դաս էին սովորում, որ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվեն, որ իրենց երազանքն իրականություն դարձնեն, լավ ուսում ստանան ու լավ մասնագետ դառնան»: Հիմա հայրը վախենում է, որ դուստրերի երազանքը «կեսճամփին» մնա: Աղջիկները փորձում են աշխատանք գտնել, որպեսզի կարողանան իրենք իրենց ուսման համար իրենց հալալ քրտինքով վճարեն: Այս աղջիկները աշխատանք են փնտրում վաղուց՝ մինչ նախարար Աշոտյանի հայտնի հորդորը, երբ աշակերտներից մեկը օրերս հարցրել էր՝ ինչո՞ւ է մեր երկրում ուսման վարձերն այդքան բարձր, Աշոտյանն ասել էր՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն էլ պետք է աշխատեն: Բայց աշխատանք գտնելն, ինչպես Օնիկ Հովսեփյանն ասաց, այնքան էլ հեշտ չէ, առաջարկվող բոլոր աշխատանքներն աղջիկների դասի ժամերին են եղել ու նվազագույն աշխատավարձով. «Տեսնենք՝ ինչ կստացվի, չեն դադարում գործ փնտրելը, երեւի մի բան կգտնեն, հույս ունենք»,- ասաց Օնիկը:
Թե ինչո՞ւ են Նելլի Հովսեփյանի ուսման վարձը զեղչելու դիմումը մերժել Երեւանի պետական համալսարանում, «Առավոտին» վստահեցրին, որ Նելլին վերջին կիսամյակում 2 անբավարար գնահատական է ունեցել, ու վերջին կիսամյակում միջին որակական գնահատականները ցածր են եղել՝ 9.42 բալ: ԵՊՀ-ից մեզ վստահեցրին, որ նախկինում Նելլիի ուսման վարձը զեղչել են, որովհետեւ, ըստ բուհի կանոնակարգի, բալերը բավարարել են:
Դժվար է երիտասարդ աղջկա համար գերազանց սովորել, եթե ընտանիքում շատ հոգս կա, եթե աղջկա ուղեղն անընդհատ զբաղված է, թե՝ տեսնես հիվանդ մայրս կապաքինվի՞ (Նելլիի մայրը հոգեկան առողջության խնդիրներ ունի), տեսնես՝ վաղը հարմար աշխատանք կգտնե՞մ, տեսնես՝ փոքր քույրերս այսօր ի՞նչ են կերել, տեսնես՝ մի օր էդ փտած «դոմիկից» դուրս կգա՞նք, մարդավայել տանը կապրե՞նք:
Աղջիկների հայրն ասում է՝ չի էլ կարող արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան. «Աղջիկ էրեխեք են, ո՞ւմ հույսին թողնեմ, ինձանից բացի ոչ ոք չունեն: Եթե 3 աղջիկներս չափահաս են, էն 2-ը փոքր են, դեռ դպրոց են գնում, ո՞նց կարող եմ թողնել ու գնալ ուրիշ երկիր»:
Ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչները ամեն առիթով շեշտում են, որ մեր կապիտալը գիտելիքն է, մարդկային ռեսուրսն ու ուղեղները: Դե, Օնիկի դուստրերը հանճարներ չեն, բայց եթե չքավորության մեջ ապրելով կարողացել են ընդունվել այնպիսի ֆակուլտետներ, որտեղ հեշտ չէ ընդունվելը, եւ շարունակում են սովորելու համար պայքարել, ապա այսպիսի մարդկային ռեսուրսը իշխանության համար պետք է որ արժեք լիներ, ու այսպիսի ուսանողներին պետք է որ աջակցեին:
Իհարկե, կառավարությունը մի խումբ ուսանողների վարձերը փոխհատուցելու որոշում է կայացրել, օրինակ՝ սահմանամերձ համայնքների ուսանողներինը, զեղչեր են սահմանվում սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար. Օնիկի ընտանիքն էլ ներառված է սոցիալապես անապահովների համակարգում, սակայն նրա ուսանող երեխաները դուրս են մնացել կառավարության ուշադրությունից ու աջակցությունից:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.09..2015