Պնդում է 72-ամյա Աղվան Գրիգորյանը
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ 72-ամյա Աղվան Գրիգորյանն իր դստեր ու թոռան հետ անտուն մնալու վտանգի առջեւ է: 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ Գրիգորյանների ընտանիքը կորցրել է իրենց բնակարանը: Այդ տարիներից ի վեր նրանք բնակվում են փայտյա տնակում, որն արդեն շարքից դուրս է եկել: Աղվան Գրիգորյանը պնդում է, որ իրեն անարդար կերպով են դուրս թողել երկրաշարժից տուժածներին փոխհատուցելու ցուցակից: Խնդրին լուծում տալու եւ օգնության ակնկալիքով Գրիգորյանը դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին:
«Մեծարգո պարոնայք, ես՝ 50 տարվա մանկավարժս, եւ աղջիկս (ամուսնուց բաժանվելուց հետո աղջիկ տղայի հետ վերադարձել է ինձ մոտ) անտուն մնալու եւ փողոցում հայտնվելու վտանգի առջեւ ենք կանգնած:
Նախապատմությունը հետեւյալն է. երկրաշարժի պատճառով կորցրեցի 3-սենյականոց բնակարանս:
2003թ. կառավարության կողմից հատկացվեց փոխհատուցման գումար՝ մեկ սենյակը 1500 դոլարին համարժեք դրամ: Ես պետք է ստանայի 4500 դոլարին համարժեք դրամ: Գյուղապետի փոփոխությունից հետո փոխհատուցում ստացողների ցուցակը «համալրվեց» եւս քառասունով: Ցուցակի «համալրվելու» պատճառով փոխհատուցման գումարը նվազեց եւ 3-սենյականոց բնակարանի համար կազմեց 1700 դոլարին համարժեք դրամ: Տարբեր փաստաթղթերի ու գործընթացների համար ծախսեր կատարելուց հետո մնաց մոտավորապես հազար դոլարին համարժեք դրամ: Այդ գումարն էլ մի ամիս անց ծախսվեց հանկարծամահ եղած թոռանս թաղման համար, ում հայրը լքել ու հեռացել էր Հայաստանից:
Փոխհատուցման գումարն ստացել էր լուսահոգի կինս՝ մտածելով, որ նոր բնակարան, երեւի, չի կառուցվելու (ես դեմ էի այդ գումարն ստանալուն, լուսահոգի կնոջս համոզել էին): Տնակը, որտեղ ապրում ենք երկրաշարժից հետո, այլեւս բնակության համար պիտանի չէ, եւ, ինչպես նշեցի վերեւում, հայտնվելու ենք փողոցում:
Արագածյան ձմռան պայմաններում երկար տարիներ տնակում ապրելը ծանր հետք թողեց մեզ վրա. կինս հիվանդացավ ու մահացավ, ես կորցրի առողջությունս (վերջերս եմ վիրահատվել):
Ըստ տեղեկությունների՝ Ծաղկահովիտի թիվ 5 վերակառուցված եւ շուտով շահագործվող բազմահարկ շենքից մեզ բնակարան չի հատկացվելու՝ ինձ համար ողբերգական ծանր հետեւանքներով:
Ունեմ երեք աղջիկ, տղա զավակ չունեմ:
Խնդրում եմ ձեր օգնությունն ու միջամտությունը:
Աղվան Գրիգորյան, 2000 թվականից ՀՀԿ անդամ
Հ.Գ. Արագածոտնի մարզպետարանից «Առավոտին» վստահեցրին, որ Աղվան Գրիգորյանը քանի որ ստացել է 1700 դոլարին համարժեք դրամ փոխհատուցումը, ուստի բացառվում է նրան ներառել փոխհատուցման չափանիշներին համապատասխան անձանց ցուցակում:
Մարզպետարանի այս պարզաբանումը վրդովեցրեց Գրիգորյանին. նա ասաց, որ այդ նույն ցուցակում կան անձինք, որոնք տարիներ առաջ իր նման ստացել են գումարային փոխհատուցում ու կրկին ընդգրկվել են. «Բայց չէ՞ որ իմ փոխհատուցումը լիարժեք չի տրվել: Բացի այդ, մի անգամ գումար ստացած ու նորից այդ ցուցակում ընդգրկված որոշ անձանց համար պատճառաբանում են, որ մասնակցել են արցախյան ազատամարտին: Ես էլ այդ տարիներին յուրովի ներդրում եմ ունեցել. չեմ լքել երկիրն ու դպրոցը, շարունակել եմ աշխատել որպես մանկավարժ ու առանց աշխատավարձ ստանալու՝ հույսով, ինչ էլ որ տվել են՝ չնչին գումարներ են եղել, ու երբեք չեմ դժգոհել ու շարունակել եմ աշխատել դպրոցում: Մի՞թե ես որեւէ վաստակ չունեմ եւ ստիպված եմ լինելու անտուն մնալ»: