Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան
Ավետ Ադոնցի կյանքում քաղաքականությունը էպիզոդիկ է եղել
Իսպանահայ համայնքում հայկական օրակարգ՝ ըստ Ավետ Ադոնցի
2014 թ. օգոստոսին ՀՀ նախագահի հրամանագրով Ավետ Ադոնցը նշանակվեց Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, իսկ նախկինում՝ նա Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանն էր: Քանի որ պարոն Ադոնցը մեկ տարի է՝ պաշտոնավորում է Իսպանիայում, որոշեցինք հարցազրույց ունենալ՝ պարզելու համար նրա տպավորությունները, կատարված աշխատանքի ծավալը, հայկական համայնքի առաջ ծառացած մարտահրավերները:
«Առավոտը» դեսպանից հետաքրքրվեց՝ ինչով է առանձնահատուկ Իսպանիայի հայ համայնքը, ի տարբերություն Բելգիայի հայության:
Ավետ Ադոնցը նշեց, որ Իսպանիայում ավելի քան 35 000 հայ է ապրում, որոնք հիմնականում կենտրոնացած են Վալենսիայում (մոտ 14.000), Բարսելոնայում (մոտ 12.000), Ալիկանտեում (2000), Լա Ռիոխայում (1500), Սան Սեբաստիանում եւ Բիլբաոյում (300), Սեվիլիայում (300), Մալագայում (200): Ինչ վերաբերում է մայրաքաղաք Մադրիդին, այստեղ բնակվող հայերի թիվը հասնում է 8000-ի, եւ էլի աճի միտում կա: Իսպանիայի հայ համայնքը ձեւավորվել է հատկապես վերջին 10-15 տարիներին Հայաստանից արտագաղթած հայերի հաշվին: Դեսպանը նշում է, որ անգամ շատ փոքրիկ քաղաքներում է հայերի հանդիպել: «Օրինակ, շատ փոքրիկ մի քաղաք կա՝ Ֆիգուերասը, որտեղ գտնվում է Սալվադոր Դալիի թանգարանը: Մի օր, երբ թանգարանից դուրս եկա, որ սուրճ խմեմ, սրճարանում մի հայ կնոջ հանդիպեցի, որն առաջարկեց ցույց տալ քաղաքը: Երբեք մտքովս չէր անցնի, որ այդ քաղաքում կարող են հայեր լինել»,- պատմում է մեր զրուցակիցը: Նաեւ հավելում, որ իսպանահայ համայնքը հին չէ, քանի որ հայերը ավանդաբար ձգտել են հաստատվել ոչ թե Իսպանիայում, այլ հյուսիսային Եվրոպայի երկրներում, որտեղ կենսամակարդակն ավելի բարձր է:
Կարդացեք նաև
«Քանի որ Իսպանիայի հայ համայնքը 97 տոկոսով կազմում են հայաստանցի հայերը, որոնք իրենց ամբողջ կյանքն ապրել, աշխատել են Հայաստանում, նրանք օտարության մեջ հայկական օրակարգ պահպանելու փորձ, բնականաբար, չեն ունեցել: Նրանց պարագայում առաջնայնությունը մի փոքր այլ էր՝ ինտեգրվել, ամրապնդվել… Այսօրվա դրությամբ ստեղծվել է մի իրավիճակ, որ իրենք պատրաստ են իրականացնել առաջին քայլերը՝ միասնական համայնքային օրակարգ ունենալու եւ այդ օրակարգն իրականացնելու ուղղությամբ»,- ասում է պարոն Ադոնցը: Նա փաստում է, որ Իսպանիայում արդեն իրենց բարձր կարգավիճակով եւ համբավով աչքի են ընկնում հայազգի որոշ արվեստագետներ, նկարիչներ, իսկ Մադրիդում եւ Բարսելոնայում՝ իրենց ակտիվությամբ, հայ գործարարներ: Դեսպանը փաստեց, որ Իսպանիայում չկա գործող հայ եկեղեցի, ու Իսպանիայի հայաշատ վայրերում զգացվում է հայկական եկեղեցիների կառուցման անհրաժեշտություն, թեեւ ունեն երկու հոգեւոր հովիվ Մադրիդում եւ Բարսելոնայում: Նա հավելեց, որ դեսպանությունն աշխատում է այդ ուղղությամբ, եւ առաջիկայում Իսպանիայի հարավում հայկական եկեղեցի կլինի:
Տնտեսական բաղադրիչը հայ-իսպանական հարաբերություններում չի համապատասխանում հնարավորություններին
Դեսպանին խնդրեցինք գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Իսպանիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել են 1992-ից: Դեսպանը հայ-իսպանական հարաբերությունները բավարար որակեց, ասելով, որ հարկ է ավելացնել ակտիվությունը: Հույս հայտնեց, որ նոյեմբերին Իսպանիայում կայանալիք ընտրություններից հետո ավելի բարձր մակարդակի պատվիրակությունների փոխանակումներ կլինեն: Ափսոսանք հայտնեց, որ առայժմ տնտեսական բաղադրիչը հայ-իսպանական հարաբերություններում չի համապատասխանում եղած հնարավորություններին՝ օբյեկտիվ եւ սուբյեկիվ պատճառներով: Պատճառներից մեկն այն է, որ տնտեսական ճգնաժամից անմասն չեն մնացել բոլոր երկրները, այդ թվում՝ ԵՄ անդամ, մյուս կողմից էլ՝ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը բացվել է 2011-ին, իսկ նախկինում Իտալիայի դեսպանն է համատեղության կարգով նաեւ Իսպանիայի դեսպան եղել: Պարոն Ադոնցը հույս ունի, որ ապագայում բիզնես շրջանակներում էլ փոխանակումներ կլինեն, որը կակտիվացնի նաեւ առետրաշրջանառությունը:
Մեր զրույցի ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացին էլ անդրադարձ եղավ: Դեսպանը նշեց, որ նոյեմբերից է սկսել լիարժեք աշխատել ու անմիջապես դեսպանության ուշադրության կենտրոնում է պահել այդ հարցը: Ասում է՝ Իսպանիայում տեղեկատվական դեֆիցիտ կար՝ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ցեղասպանության թեմայով, եւ փորձել են առաջին հերթին այդ բացը լրացնել՝ միջոցառումների, տարբեր մակարդակներով հանդիպումների, գիտական կոնֆերանսների եւ այլնի միջոցով: Վերջին ակորդը Մադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում կայացած պատարագն էր՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որ մատուցեց Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան՝ Իսպանիայի Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ: Մյուսն էլ Մադրիդում կայացած պատարագն էր: Երկու իրադարձությունների մասին էլ, Ավետ Ադոնցի խոսքով, մինչեւ վերջերս իսպանական մամուլն անընդհատ գրում էր: Նրա համոզմամբ, եւ ժամանակ, եւ ավելի դինամիկ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի Ցեղասպանության ճանաչման գործընթացը ստանա ավելի բովանդակալից զարգացում:
Դեսպանը պետք է
պարկեշտ լինի
Ավետ Ադոնցից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ որակներ պետք է ունենա դեսպանը՝ չտապալվելու համար, որովհետեւ ասում են՝ դիվանագետի սխալը նման է սակրավորի սխալին, եւ որպես դիվանագիտական ոլորտի «հնաբնակ»՝ ի՞նչ խորհուրդ կտա նորաթուխ դիվանագետներին:
«Դեսպանը դիվանագետ է, դեսպանն այս կամ այն ներկայացուցչության ղեկավարն է, դեսպանությունում մեծամասնությամբ աշխատում են դիվանագետներ: Դիվանագետը առաջին հերթին, ինչպես ցանկացած մարդ, արարած, պետք է լինի պարկեշտ, երկրորդ հերթին՝ կարգապահություն ունենա աշխատանքային եւ անձնական, մյուս կողմից լինելով կրեատիվ: Թե չէ՝ պատահում է, որ պարկեշտ եւ կարգապահ մարդիկ դեֆիցիտ ունեն կրեատիվության, եւ հակառակը՝ կրեատիվ մարդիկ՝ կարգապահության պակաս: Դիվանագիտական աշխատանքը պահանջում է այդ երկուսի կոմբինացիան, բայց առաջին տեղում մնում է պարկեշտությունը: Պարկեշտ՝ առաջին հերթին քո, երկրիդ եւ ժողովրդիդ առջեւ, սեր՝ երկրի, հարգանք՝ ժողովրդիդ հանդեպ: Պետք է առանց պայմանականությունների ծառայել երկրիդ ու ժողովրդիդ»,- պատասխանեց դեսպանը:
Բնականաբար, հետաքրքրվեցինք, թե ինչպես է անցկացնում ազատ ժամանակն Իսպանիայում: Ավետ Ադոնցը նշեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ ազատ ժամանակ համարյա չի մնում, թեեւ շատ կուզենար շրջագայել եւ ամբողջովին ճանաչել Իսպանիան. «Դալիի թանգարան գնալը բացառություն էր, արձակուրդային շրջանում եմ գնացել, Իսպանիան հզոր մշակութային ժառանգություն ունի, սակայն այնքան մեծ երկիր է, որ հնարավոր չէ ամբողջը տեսնել: Շատ անգամ դա համատեղում ենք մեր աշխատանքային օրակարգի հետ: Իսկ ընդհանրապես իմ ամենասիրելի վայրը, որ այցելում եմ հաճախ, Մադրիդից մի 60-70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տոլեդո քաղաքն է՝ իր հոյակապ ճարտարապետությամբ»:
Նաեւ հետաքրքրվեցինք՝ չի՞ ցանկանա վերադառնալ ՀՀ ներքաղաքական դաշտ, հերոսանալ որպես քաղաքական գործիչ, մանավանդ՝ դա այսօր շատ հեշտ է: «Ոչ, որովհետեւ ես ինձ կարիերայով դիվանագետ եմ համարում, 91 դեկտեմբերից դիվանագիտության ոլորտում եմ, իսկ քաղաքական դաշտում իմ աշխատանքը ընդամենը էպիզոդիկ բնույթ է կրել, եւ որոշումը իմն էր՝ վերադառնալ այն աշխատանքային դաշտը, որն ինձ համար ամենահոգեհարազատ է»,- ասաց մեր զրուցակիցը:
Խնդրեցինք Իսպանիայի հայկական համայնքին բնորոշող որեւէ տպավորիչ դրվագ պատմել, որ պատահել է իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ժամանակ: Դեսպանը հիշեց փոքրիկ, աննշան մի քաղաքի մասին, որտեղ պարզվել է՝ 50 հայկական ընտանիք կա, մոտավորապես 150 հոգի հայ: Նրանցից յուրաքանչյուրը ամսական 50 եվրո է նվիրաբերել՝ հայկական խաչքար տեղադրելու նպատակի համար, իսկ մի երկու ամիս առաջ կայացել է խաչքարի բացումը, որին ներկա է եղել նաեւ ինքը: «Մեզ համար մեծ անակնկալ էր, որ այդ քաղաքում հայ կա, երկրորդ անակնկալն այն էր, թե ինչպես են խաչքար տեղադրել, ֆինանսական հարցեր լուծել՝ լոկալ միասնականության արդյունքում: Դա մի կողմից հաճելի զարմանք առաջացրեց, մյուս կողմից՝ հուզմունք»,- հիշեց պարոն Ադոնցը:
Անդրադառնալով մշակութային միջոցառումներին՝ պարոն Ադոնցը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 26-ին Մադրիդի Թագավորական պալատում՝ Տեատրո Ռեալում կկայանա Հայաստանի ազգային երիտասարդական նվագախմբի եւ իսպանահայ ջութակահար, որն այդ երկրում գերաստղ է, Արա Մալիկյանի համատեղ համերգը, հոկտեմբերի կեսերին էլ տեղի կունենա Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը, ընդ որում, այս բոլորը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով իրականացվող միջոցառումների շրջանակում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.09..2015
Պ-ն դեսպանի հարցազրույցից ստացվում է,որ հայ-իսպանական դիվանագիտական հարաբերությունները սկսվել են իրենով`2014 թվից,երբ Մադրիդում բացվեց Հայաստանի դեսպանատունը: Իսկ մինչև այդ `(տես հարցազրույցի այդ հատվածը): Գուցե պարկեշտությունը պահանջում էր նաև նշել որ դեռևս 1999 թ.հուլիսի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Էդվարդ Խոջայանը նշանակվել էր ԴԵՍՊԱՆ Իսպանիայում և Պորտուգալիայում (նստավայրը Երևան) : Պարկեշտությունի խոսելը շատ հեշտ է, իսկ պարկեշտ լինելը ամեն մեկին չէ,որ տրվում է: Հարգանքներով` Յուրի Խոջայան :
Պարոն դեսպան, նշանակվելուց առաջ լավ կլիներ ծանոթանալ և տարրական պատկերացում կազմել հայ-իսպանական հարաբերությունների նորագույն պատմության մասին, որում իր անուրանալի ավանդն է ներդրել Իսպանիայի Թագավարությունում և Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ առաջին դեսպան պրն. Էդուարդ Խոջայանը (1999թ.-ից), ում կատարած աշխատանքի արդյունքներն եք Դուք այսօր վայելում Իսպանիայում:
Ի տարբերություն Ձեզ, Էդուարդ Խոջայանը բացառիկ պրոֆեսիոնալ էր՝ դիվանագիտական աշխատանքի տասնամյակների փորձով և բարձր արժանիքներով:
Խնդրում եմ պահպանեք դիվանագիտական էթիկայի կանոնները, մի պահ սթափվեք և պաշտոնապես ներողությամբ հանդես եկեք:
Թվում էր,թե դեսպան Ավետ Ադոնցը ինչ որ կերպ կարձագանքի հոդվածի քոմենթներին:Բայց ոչ: Հաաստանյան չինովնիկի նման,առիթը եղած դեպքում կարող է նույնիսկ երդվել,որ տեղյակ էլ չէ մեր արձագանքի մասին: Դե ինչ??,Իսպանիայում ՀՀ-ի դեսպան պ-ն Ադոնց. Ֆրակտ պատրաստ է,մնում է քո ասած պարկեշտությունը ձեռք բերես և դիվանագետ դառնաս: