Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գնացեք այն ճանապարհով, որը բարձր է ձեր բարոյականությունից»

Սեպտեմբեր 10,2015 12:00

Լիլիթ Դանիելյանի ստեղծագործական բանաձեւը

Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում Արա Ասատուրյանի ռեժիսուրայով ընթանում են Լիլիթ Դանիելյանի «Հայրեններ» մյուզիքլի բեմադրության փորձերը՝ ըստ Նահապետ Քուչակի, որի պրեմիերան նախատեսված է մինչեւ տարեվերջ:
Երիտասարդ արվեստագետ Լիլիթ Դանիելյանը նոր անուն չէ մեր մշակութային կյանքում: Այսուհանդերձ, նրան ներկայացնելը երկար ժամանակ է պահանջում, քանի որ միաժամանակ ստեղծագործում է արվեստի մի քանի ժանրերում: Բայց, ի տարբերություն նման արվեստագետների, Լիլիթը միայն կրթություն ստանալուց հետո է ներկայացել իբրեւ բազմաժանր ստեղծագործող: 1990-ականների վերջերին ավարտելով Երգի պետական թատրոնը՝ նա հանդես եկավ որպես երգչուհի, ապա ուսանեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում, հետո Փարիզում՝ ճանաչված գեղանկարիչ Ռինատ Անիմաեւի արվեստանոցում: Արվեստագետը ժամանակին հիմնել ու ղեկավարել է «Տնակ» մանկական երաժշտական թատրոնը, հրատարակվել են նրա «Լա-լա-լա» մանկական երգերի CD-ն, Նահապետ Քուչակի «Հայրենների» հիման վրա գրված երգերի շարքը, ստեղծել է «Աստղիկներ» մանկական մշակութային կենտրոնը, լույս են տեսել «Նայիր կնոջը» բանաստեղծությունների եւ «Փոքր քաղաքի մարդիկ» պատմվածքների ժողովածուները: Լիլիթի երաժշտությամբ Դավիթ Սահակյանցը նկարահանեց «Քուչակ-Հայրեններ» անիմացիոն ֆիլմը: Արվեստագետի այս գործունեությունը շարունակվեց մինչեւ 2008թ., որին հետեւեց Լիլիթ Դանիելյանի ստեղծագործական հայաստանյան ոչ ակտիվ կյանքը:

Այս օրերին Երեւանի պետական կամերային երաժշտության թատրոնում բեմադրվող իր մյուզիքլի կապակցությամբ Լիլիթ Դանիելյանը Երեւանում է:

«Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ 2008թ. առաջին անգամ հայտնվելով Փարիզում, սիրահարվեց այդ քաղաքին. «Փարիզում անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել Մոնմարտրի Սան Պիեռ եւ հայկական եկեղեցիներում, պայմանագիր ունեմ կնքած «Անիմաեւ ցուցասրահի» հետ… Բայց ինձ մոտ ամեն ինչ ծնվում է երաժշտությունից, այդ թվում՝ խոսքը, պատկերը, գույնը…»: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված սիրահարվածությունը Փարիզին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Առաջին գեղանկարս՝ «Ուրախ ծաղկեփունջ», վաճառվեց այս տարվա սկզբին: Սիրահարված եմ Փարիզին ասելով՝ նկատի ունեմ տեղաբնակներին: Դարեր շարունակ ֆրանսիացիներին միշտ հասու է եղել մշակույթի տարբեր ոլորտների բարձրակարգ արվեստը, լինի դա թատրոն, երաժշտարվեստ, պարարվեստ… Նրանք լավ իմաստով երեսառած են, վերին աստիճանի բծախնդիր եւ, որ ամենակարեւորն է՝ գնահատել գիտեն իրական արվեստը: Իսկ նման հանդիսականին ներկայանալն անկասկած պարտավորեցնող է եւ ոգեւորիչ: Փարիզում ներկայացող արվեստագետը պետք է կամ ներկայանա բարձրարվեստ գործով, կամ չներկայանա ընդհանրապես»: Հավելեց՝ հիշեցնելով, որ ինքը Փարիզում առայժմ ներկայանում է իբրեւ գեղանկարիչ:

Հետաքրքրությանը՝ արա՞գ են իր նկարները գտնում նոր տերերին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այնտեղ եթե օրվա ընթացքում գոնե մի աշխատանք չի վաճառվում, ապա նկարիչները կատակում են՝ այսօրվա հացս հաճոյախոսություններն են… Թեեւ դրանք էլ են շատ կարեւոր արվեստագետի համար»:

Զուգահեռ մի քանի ժանրերում ստեղծագործող արվեստագետներին գոնե մեզանում հաճախ լուրջ չեն ընկալում: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Լիլիթ Դանիելյանը մեջբերեց «Փոքր քաղաքի մարդիկ» ժողովածուի՝ «Նկարիչը, բանաստեղծը եւ դերասանը» պատմվածքից մի հատված. «Փոքր քաղաքում ապրող իմաստունը մի օր հարցրեց բանաստեղծին՝ ինչո՞ւ ես գրում: Ես ուրիշ միջոց չգիտեմ իմ մտքերից ազատվելու համար՝ պատասխանեց բանաստեղծը: Իմաստունը դերասանին հարցրեց՝ ինչո՞ւ ես խաղում: Ես իմ մտքերն արտահայտելու այլ ձեւ չգիտեմ՝ պատասխանեց դերասանը: Իմաստունը նկարչին էլ հարցրեց՝ ինչո՞ւ ես նկարում: Նկարիչը կեղտոտ լաթի կտորով մաքրեց վրձինը, կկոցեց աչքերը, մի քանի քայլ հեռացավ իմաստունից, այնպես, ինչպես իր անավարտ կտավը կդիտեր եւ ասաց՝ ես պետք է օտարեմ ինձնից իմ մտքերը: Հետո իմաստունը արվեստագետների հետ գնաց հրապարակ, ուր հավաքված էին Փոքր քաղաքի մարդիկ եւ ասաց՝ պահպանե՛ք, սիրե՛ք եւ առատաձեռն եղեք այս մարդկանց հանդեպ: Նրանք ձեզ օգնում են, որ տեսնեք ձեզ, լաց լինեք եւ ծիծաղեք ձեզ վրա, փնտրեք ձեր մեջ թաքնված խենթին եւ հերոսին, տխրեք ձեր հիմարությամբ եւ ուրախանաք ձեր իմաստությամբ: Թողեք ձեր երկչոտությունը եւ գնացեք նրանց ետեւից այն ճանապարհով, որը բարձր է ձեր բարոյականությունից: Սովորեք ճախրել եւ մի՛ ամաչեք ինքներդ ձեզնից…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930