Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել Դուրինյանի եւ Եգորյանի հարցերին

Սեպտեմբեր 09,2015 17:35

Վարչական դատարանում սեպտեմբերի 9-ին դատավոր Ռաֆայել Ավագյանի նախագահությամբ շարունակվում էր քննվել ոստիկանության հայցն ընդդեմ Վահան Դուրինյանի եւ վերջինիս հակընդդեմ հայցը:

Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց եւս մեկ տեսանյութ, սակայն դատավոր Ավագյանը նշեց, որ ապացույցների հետազոտման փուլն ավարտվել է: Եգորյանն ասաց, որ հնարավոր են լինել դրվագներ, որոնք դուրս են մնացել ոստիկանության ներկայացված: տեսանյութից: Դատական նիստի ընթացքում ուսումնասիրվեց նաեւ այդ տեսանյութը:

Ոստիկանության ներկայացուցիչ Դեմիրխանյանը իր ամփոփիչ ճառում նշեց, որ կենդանի շղթա կազմելը նշանակում է պահանջ՝ չպետք է շղթայից այն կողմ անցել: Ճեղքել բառը, ըստ նրա, բառիս բուն իմաստով չի կարելի հասկանալ, որ հրել է մարդկանց, նշանակում է՝ ցանկացած ճանապարհով դուրս ենք գալիս այնտեղ, որտեղ մեզ հարմար է: Նա հավելեց, որ վարչական վարույթ իրականացնելիս ոստիկանությունը որեւէ խախտում թույլ չի տվել:

Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ն փաստեր կամ ապացույցներ, որ ճեղքել է ոստիկանության շղթան: Նա պատասխանեց. «Ոստիկանները հորդորել են հավաքն անցկացնել այնտեղ, որտեղ ի սկզբանե սկսվել է, սակայն քաղաքացիները հետամուտ չեն եղել հորդորին: Հստակ երեւաց, որ Դուրինյանը կանգնած է շղթայի հետնամասում, ինչպես է հայտնվել շղթայի հետեւում ոչ ոք չի պատասխանել: Տեսնելով այն հանգամանքը, որ կա շղթա, Դուրինյանը վազելով մոտենում է: Այո՛, սա նշանակում է ճեղքել, պետք է հասկանալ, որ անտեսել է շղթան»:

Տիգրան Եգորյանը հարցրեց, թե ո՞րն է եղել կոնկրետ նպատակը, առաջնային նպատակը, որ չխոչընդոտեն ՀԾԿՀ աշխատանքը, նման իրավիճակից բխել են մնացած գործողությունները՝ ճանապարհի բացելը, ոստիկանական մեքենայի դիմացից մարդկանց հեռու պահելը:

Վահան Դուրինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ոստիկանությունը տեղյակ է, որ ՀԿԾՀ նիստերը հանրային են, նա պատասխանեց, որ հանրային է նիստի մասնակցելը եւ չպետք է այդ ՀԾԿՀ աշխատանքը խոչընդոտել: Վահան Դուրինյանը նշեց, որ շատ կարեւոր նիստ էր, հանրությանը հուզող եւ հանրության ներկայացուցիչները հնարավորություն չունեցան մասնակցելու այդ նիստին:

Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց, թե ո՞րն էր Վահան Դուրինյանին ձերբակալելու իրավաչափ նպատակը, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց՝ շենքի մուտքը ազատ պահելն էր: Մյուս հարցին, թե ինչո՞ւ ներքեւ չտեղափոխվեց Վահան Դուրինյանը, հարցը մնաց անպատասխան:

Դատավորը նկատեց, որ Դուրինյանի ներկայացուցիչների մի շարք հարցեր մնացին անպատասխան: Տիգրան Եգորյանը պատասխանեց. «Մենք մեր հարցերն ուղղում ենք ոչ թե տիկին Դեմիրխանյանի կարծիքն իմանալու համար, այլ ուղղում ենք նրան՝ որպես ոստիկանության ներկայացուցիչ: Սա է մեր հարցերի տրամաբանությունը»:

Ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի՝ բացի դատավորի հարցերից: Տիգրան Եգորյանը ցանկություն հայտնեց հնչեցնել իրեն հուզող հարցերը եւ խնդրեց համապատասխան իրավական ընթացակարգեր կիրառելով հաշվի առնել կայացվելիք դատական ակտում: Դատավորը նրան խորհուրդ տվեց ամփոփիչ ճառում արձանագրել դրանք: Տիգրան Եգորյանը խնդրեց ժամանակ տալ, որպեսզի ամփոփիչ ճառը ներկայացնեն գրավոր: Դատարանը անհրաժեշտ է համարեց ոստիկանության եւ պատասխանող կողմից ներկայացրած տեսանյութերը ամբողջովին հետազոտել:

Դատական նիստը հետաձգվեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930