Լրահոս
Օրվա լրահոսը

Օրորոցային գոհարներն արդեն հասու են մայրերին

Սեպտեմբեր 09,2015 14:00

Հայաստանյան իրականությունում առաջին անգամ «Արեւիկ» հրատարակչությունը սեփական միջոցներով թողարկել է «Հայկական օրորոցային գոհարներ» ձայնասկավառակը՝ նոտագրված տեքստերով:

«Առավոտի» հետ զրույցում հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանն ասաց. «Օրորոցային երգը պատկանում է հայ ժողովրդական ավանդական երգային ժառանգության հնագույն եւ ամենակենսունակ ժանրերի թվին: Օրորոցայինի միջոցով է ստեղծվել եւ ամրապնդվել հոգեւոր կապը մոր եւ մանկան միջեւ: Ի վերջո, օրորոցային երգով են սկզբնավորվել երեխայի գեղարվեստական ընկալումները, որոնք հետագայում ձեւավորելու էին նրա հոգեկան կերտվածքը»: Հավելեց նաեւ, որ խտասալիկում ընդգրկված են դարերի խորքից եկող մեր ժողովրդական օրորոցայինները՝ Կոմիտասի եւ հայ մշակույթի մյուս երախտավորների գրառմամբ: Իսկ օրորները ներկայացնում են Պատմական Հայաստանի տարբեր վայրերը, այդ թվում՝ Սասունը, Տարոնը, Վանը, Շատախը, Ակնը: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ թվով 21 օրորները հանրամատչելի եւ կիրառական դարձնելու նպատակով ներկայացված են առանց նվագակցության՝ a capella, սոպրանո Անահիտ Պապայանի մեկնաբանմամբ, որը «Գեղարդ» երգեցիկ խմբի ղեկավարն է եւ հայ հոգեւոր երաժշտության կենտրոնի տնօրենը:

Սաբեթ Հովհաննիսյանը հայտնեց, որ խտասալիկի թողարկման գործում իրեն օգնել է ընտանիքը, ամուսինը՝ ռեժիսոր եւ պրոդյուսեր Հրանտ Վարդանյանը, մայրը՝ դաշնակահար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյանը եւ հայրը՝ «Արեւիկ» հրատարակչության խորհրդի նախագահ, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը:

Հարցին, թե կոնկրետ ո՞ւմ մտահղացումն էր օրորոցայինների թողարկումը, Հրանտ Վարդանյանը պատասխանեց. «Ըստ էության մտահղացումը մեր ընտանիքինն է, բայց պետք է լինեմ անկեղծ ու ասեմ, որ ամենամեծ օգնությունը ցուցաբերեց զոքանչս՝ տիկին Համասփյուռը, որին էլ իր հերթին իսկապես անգնահատելի օգնություն է ցուցաբերել Երեւանի կոնսերվատորիան՝ հանձին երաժշտագետ, ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանի»: Մեր զրուցակցի հավաստմամբ, այս նախագծի իրականացման գլխավոր առիթը դստեր՝ Արեւի ծնունդն էր. «Դա 4 տարի առաջ էր… մտածում էինք՝ լույս աշխարհ գալով՝ այս երեխան ի՞նչ երաժշտություն է լսելու, եթե ոչ հենց մանկահասակների համար նախատեսված մեր օրորոցայինները: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա արդեն դուստրս իր տիկնիկների համար է երգում կոմիտասյան օրորները»:
Հրանտ Վարդանյանը ոգեւորված է այս ձայնասկավառակով, որը կարելի է ձեռք բերել ընդամենը 1-2 օրից: «Իմ մտերիմները, ընկերները նույնպես մեծ ոգեւորություն են ապրում: Օրինակ, Դանիել Երաժիշտն ինձ ասաց, թե՝ պատկերացնո՞ւմ եք ինչ գործ եք կատարել, այսօր ներկայացվող խրթին երգարվեստում, սկսած մանկականից, դուք անտիվիրուս եք ստեղծել: Եվ որ ամենակարեւորն է՝ նորածնի գեղարվեստական ճաշակը մոր գրկում կամ օրորոցում կսկսվի մեր գոհարներից: Ի վերջո, այս ձեռնարկը օգնություն է երիտասարդ մայրերին՝ կենցաղ վերադարձնելու հայկական ու հայեցի անկրկնելի օրորները»,- հայտնեց Հրանտ Վարդանյանը:

Մեր զրուցակիցների ձեւակերպմամբ՝ դեռեւս խտասալիկի շնորհանդեսը չկայացած, մանկական երեք բրենդային խանութները՝ «Chicco», «Prenatal», «Mothercare» եւ Alfa Parm դեղատների ցանցը խնդրել են հրատարակչությունից առաջինը իրենց տրամադրել խտասալիկները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930