Այսօր Գյումրիում հիմնվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական կազմակերպության մասնաճյուղ, որին մասնակցել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց գյումրեցի ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, «Հայկական վերածնունդ» կազմակերպության ստեղծման գաղափարը Արթուր Բաղդասարյանինն է, այս կառույցին են միացել հանրապետության ավելի քան 120 Հ/Կ-ներ, մեկ տասնյակից ավելի կուսակցությունները: Գյումրիում, ըստ պատգամավորի, հենց կառույցի հիմնադրման օրը անդամագրվել են 30 Հ/Կ-ներ: Թե ո՞ր կուսակցություններ են միավորվել «Հայկական վերածննդի»-ի շուրջ ու ո՞րն է նման կառույց ստեղծելու իմաստը, պատգամավորն ասաց, որ նպատակը հասարակական-քաղաքական ուժերին միավորելն ու բոլոր կնճռոտ հարցերին միասնական ուժերով լուծում տալն է: Ըստ նրա, կառույցն ունի արդեն կանոնադրություն, մշակվում է ծրագիր, ձեւավորված է խորհուրդը, շուտով օրենքով սահմանված կարգով այն կգրանցի որպես քաղաքական ուժ ու այսուհետ ընտրություններին ՕԵԿ-ի փոխարեն կմասնակցի «Հայկական վերածնունդը»:
Ըստ պատգամավորի, այս կառույցին են միացել «Հայոց հայրենիք», «Միավորված հայեր», «Հայկանդուխտ», «Ազգի փրկություն» եւ այլ կուսակցություններ: Պատգամավորը նաեւ ասաց, որ բոլոր մարզերում հիմնելու են «Հայկական վերածննդի» կառույցներ, իսկ առաջին նման կառույցը հիմնեցին Գյումրիում:
Հովհաննես Մարգարյանը նաեւ փոխանցեց, որ Սահմանադրական փոփոխությունների շուրջ առաջարկությունների փաթեթը ոչ թե ՕԵԿ-ին է, այլ «Հայկական վերածննդինը»:
Կարդացեք նաև
Թե Գյումրիում կոնկրետ որտե՞ղ է լինելու «Հայկական վերածննդի» գրասենյակը, պատգամավորն ասաց՝ ՕԵԿ-ի գրասենյակում: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի գրասենյակը Գյումրու կենտրոնում է՝ Տեքստիլագործների թաղամասում, Հովհաննես Մարգարյանի հայրական տանը:
Նշենք, որ ըստ Արթուր Բաղդասարյանի Գյումրիում ունեցած ելույթի նման կառույց ստեղծելու ու հասարակական-քաղաքական ուժեր համախմբելու նպատակը «ժողովրդի մեջ հավատի վերականգնումն է առ այն, որ այս երկում պետք է ու հնարավոր է փոփոխություններ իրականացնել, եւ հայ ազգին ազատել այս ստրկական վիճակից, որի մեջ այսօր գտնվում է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ