Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանը մեկ ոսկե մեդալ եւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի երկու վարկանիշ նվաճեց: 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն եւ 2016 թ. Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացավ: Օլիմպիական ուղեգիր նվաճեց նաեւ 66 կգ քաշային, վերջերս Բաքվում կայացած Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը:
Այս գիշեր մրցագորգ մտնելու են մեր ազգային հավաքականի եւս չորս ըմբիշներ՝ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, 71 կգ Վարշամ Բորանյանը, 80 կգ Էդուարդ Սարգսյանը եւ 130 կգ Էդգար Խաչատրյանը: Ընդորում, Էդգարի առաջին մրցակիցը լինելու է բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ