«Ուսանողությունը պետք է սկսի իր իրավագիտակցության զարթոնքը»
«Ուսանողական ընդվզում» նախաձեռնությունը սեպտեմբերի 8-ին Ազատության հրապարակում քննարկում էր կազմակերպել: Նախաձեռնության անդամ Հովհաննես Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացում քննարկվել են ուսանողների խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները, ինչպես կարելի է պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման եւ սահմանադրական բարեփոխումների դեմ եւ ինչպես կարձագանքի ուսանողությունը:
«Ինձ հիմնականում ուսանողական խնդիրներն են մտահոգում: Ես գտնում եմ, որ ուսանողությունը այդպես պետք է սկսի իր զարթոնքը, իր իրավագիտակցության զարթոնքը: Քանի որ ուսանողին ճնշում են բուհի ներսում կոնկրետ Հանրապետական ուսխորհուրդները: Ես գտնում եմ, որ ուսանողները պետք է համախմբվեն եւ դրա դիմաց ելնեն, այդտեղից արդեն կսկսի ուսանողական մեծ համախմբում եւ այսպես ասած քաղաքացիական գիտակցության արթնացում»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Հովհաննես Ղազարյանը նշեց, որ իրենք քննարկման ընթացքում փորձել են հասկանալ, թե ուսանողությունը ինչ առնչություն ունի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրի շուրջ. «Հասկացանք՝ շատ ուղիղ է, քանի որ նրանք, լինելով ուսանողներ, շատերը նաեւ աշխատում են, եւ խնդիր է ավելի թանկացված սակագնով վճարել հոսանքի, գազի եւ այլ թանկացված սակագների վճարումը կատարել: Դրա համար ուսանողությունը նաեւ այդ հարցերով պետք է զբաղվի, եւ այսպիսի դիրքորոշում հայտնվեց, որ այսպիսի հարցերով պետք է զբաղվի նաեւ սահմանադրական բարեփոխումների դեմ ինքնակազմակերպենք եւ փորձենք լուծել՝ թեթեւացնելով ուսանողների կյանքը»:
Մեր հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում այդ գործընթացը, ուսանողները պետք է համախմբվե՞ն ինչ-որ շարժման շուրջ, նա պատասխանեց. «Երբ որ ուսանողությունը համախմբվում է ինչ-որ շարժման կամ կուսակցության շուրջ արդյունքում ցրվում է եւ ինչ-որ լուրջ արդյունքների չի հասնում: Դրա համար պետք է ուսանողությունը համախմբվի, դառնա անկախ ուժ ու այդպիսով ստեղծի իր շարժումը՝ չկախվելով որեւէ կուսակցությունից կամ քաղաքական ուժից»:
Հարցին, թե արդյոք առկա՞ են նման նախադրյալներ, Հովհաննես Ղազարյանը պատասխանեց. «Տեսնում եմ ուղղակի քաղաքացիներ, որոնք կարող են ուղղակի այդ հարցերը լուծեն»:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ուսանողները ուսխորհուրդների կողմից ճնշումների չեն ենթարկվի՞, նա պատասխանեց. «Ճնշումներ կարող են ունենալ, բայց մենք դրանց դեմն առնելու ձեւերը գիտենք եւ դրանով կզբաղվենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ