«Ոչ ՀՀԿ սահմանադրությանը» նախաձեռնությունը սեպտեմբերի 8-ին Ազատության հրապարակում իր առաջին քննարկումը կազմակերպեց: Երբ Aravot.am-ը ներկա էր Ազատության հրապարակում հանդիպումն այդպես էլ չսկսեց եւ ներկա էին նախաձեռնության 3 անդամները:
«Ոչ ՀՀԿ սահմանադրության» անդամ 17-ամյա Էրիկ Իսրայելյանը Aravot.am-ի եւ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունն արդեն 15-20 անդամ ունի: Նա նշեց, որ իրենք քննարկելու են սահմանադրական փոփոխությունների նպատակները եւ դրանց դեմ պայքարելու միջոցները. «Հիմնականում փորձում ենք մարդկանց հետ խոսել, թե իրենց կարծիքով ինչո՞ւ է դա վնասակար եւ ոչ օգտակար փոփոխելու համար եւ ինչ ծրագրեր ունեն նախագծողները: Նաեւ փորձելու ենք գտնել ճանապարհներ դրանց դեմ պայքարելու համար, եւ նախաձեռնությունը հենց այդ պատճառով է ձեւավորվել, որ կարողանանք պայքար մղել դրա դեմ»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե Սահմանադրության փոփոխությունների նախագծի ո՞ր դրույթներն են վիճահարույց, նա առանձնացրեց Ազգային ժողովի մասին դրույթը. «Օրինակ՝ փոփոխությունների նպատակը մարդու իրավունքների դերի բարձրացումն է, սակայն իրականում, կարծում եմ՝ այդպես չէ, քանի որ գործող Սահմանադրությունով ժողովուրդը իրավունք ուներ քվեարկության միջոցով որոշել, թե Ազգային ժողովում ինչ տեսք կունենա կուսակցությունների քանակը, այսինքն՝ կարող է որոշել ասենք՝ 10 հատ մանր կուսակցություն եւ 3 խոշորը:
Բայց այս Սահմանադրությամբ, որոնք իրենք են ուզում բերել, չի լինի այդպես, քանի որ ըստ օրենքի, պետք է անպայման լինի մեծամասնություն խորհրդարանում, եւ այնքան կլինի քվեարկություն, նույնիսկ 2-րդ փուլ կարող են անել, որպեսզի ինչ-որ մի կուսակցություն այնքան ձայն հավաքի, որ բոլորից շատ լինի քանակը: Այսինքն՝ այս դեպքում դա մեր իրավունքների խախտումն է, որովհետեւ մենք իրավունք ունենք որոշելու, թե խորհրդարանում կլինի՞ մեծամասնություն, թե՞ ոչ: Սա այդ վիճելի դրույթներից մեկն է»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե արդյոք նպատակահարմա՞ր է մի խնդրի շուրջ մի քանի նախաձեռնություններ ստեղծել, Էրիկ Իսրայելյանը պատասխանեց. «Գտնում ենք, որ կան որոշակի քայլեր, որոնք պետք է ուղղված լինեն ընդհանուրի հաղթանակին, եւ այդ որոշ քայլերը, որոնք մենք տեսնում ենք, որ չեն անում փորձում ենք մենք անել, եւ մենք մեր միջոցով օգտակար լինենք այդ ոչ ճակատի ձեւավորմանը»:
Հետաքրքրվեցինք նաեւ առանձին-առանձին նախաձեռնությունները կարո՞ղ են հասնել իրենց նպատակին, նա պատասխանեց. «Իհարկե՛, առանձին-առանձին չենք կարող հասնել մեր նպատակին, եւ մենք չենք ասում, որ առանձին ենք գործելու, մենք կողմ ենք ցանկացած համագործակցության, որը կբխի երկու կողմերի շահերից էլ: Այսինքն՝ մենք, երբ հայտարարությունը տարածել ենք այնտեղ նշել ենք, որ պատրաստ ենք համագործակցել եւ այդ ուղղությամբ սկսել աշխատանքներ տանելը: Այսինքն՝ մենք մեր չափով աշխատելու ենք, բայց նպատակը ընդհանուր հաղթանակն է, որի համար պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ