Նա ափսոսում է, որ Արամ Մանուկյանը մեր ժամանակի հերոսը չէ
Aravot.am-ը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանից մեկնաբանություն խնդրեց Արամ Մանուկյանի՝ Արամի փողոցում գտնվող տան ոդիսականի վերաբերյալ:
Տիկին Գալստյանը նշեց, որ այդ տունը մշակութային ժառանգությունից անդին է, քանի որ հոգեւոր ու պատմական արժեք է, հիշատակ, մինչդեռ այսօր այն մարդիկ, որոնք իշխանություն են իրականացնում, չունեն այդ գիտակցումը: «Տվյալ պարագայում մենք գործ ունենք Հայաստանի վերածնյալ անկախ պետության հետ, Արամ Մանուկյանն ուղղակի հասարակական քաղաքական գործիչ չէ, պետության երեւելի ճարտարապետներից մեկն է, եւ Արամ Մանուկյանի հանդեպ հարգանքը, պետության նկատմամբ հարգանքն է: Արամ Մանուկյանի մեծարումը պետականության մեծարումն է: Ինքը համահայկական հարստություն է՝ իր ամբողջ խորհրդանիշով»,-ասում է Լիլիթ Գալստյանն ու փաստում, որ Հին Երեւանի ողջ մշակութային շերտը ավերել են, հողին հավասարեցրել Աֆրիկյանների տունն ու մյուս շինությունները, ու այլեւս բացակայում է Երեւանի 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի պատմության ժամանակահատվածը:
Ինչ վերաբերում է համապատասխան պաշտոնյաների այն պնդումներին, թե ի թիվս այլ շենքերի, Արամ Մանուկյանի տունն էլ վերականգնվելու է, Լիլիթ Գալստյանը բացասական վերաբերմունք ունի, ասում է. «Դա բուտաֆորիա կլիներ, տեսել ենք համարակալած ջարդոնները, որոնք հետո գուցե կհավաքվեն, կունենանք զուտ առեւտրային տարածք, որը այլեւս դեկորատիվ նշանակություն կունենա եւ ոչ թե պատմական եւ հոգեւոր…Ամբողջ Երեւանին եւ ընդհանրապես երկրին որպես բիզնես տարածքի են վերաբերվում, բիզնեսի հայացքով է նայում մեր հայրենիքին, բայց հողատարածքը միայն հողը չէ, այն հո կադաստրային արժեք չունի՞… Այդ տարածքը մեզ համար հոգեւոր, բարոյական, պատմական ու քաղաքական նշանակություն ունի…Իմ երեխան վաղը այդտեղով անցնելիս պետք է իմանար՝ ով է Արամ Մանուկյանը; Թե չէ շատերին թվում է, թե Արամ Մանուկյանին ոստիկանության առաջ կանգնեցրած մի խեղճ ու կրակ արձանով արժանին մատուցեցի՛ն՝ վերջ: Արամ Մանուկյանը մի ամբողջ ժամանակաշրջանի խորհրդանիշ է եւ ցավոք սրտի, ովքեր իշխանություն են իրականացնում, այդ գիտակցումը չունեն»:
Կարդացեք նաև
Տիկին Գալստյանի ձեւակերպմամբ, 90-ականներից է հարցը բարձրացվել է, սակայն ոչինչ չի փոխվել, որովհետեւ. «արժեքների կոտորած է գնացել է գնացել Հայաստանում, մենք կտրել ենք մեր հոգեւոր երակը, հետեւաբար կուտակված բացասական էներգիան չի դառնում կերտումի էներգիան»:
Մեր զրուցակիցը ցավով փաստում է. «Հերթական պաշտոնյաները ամեն անգամ գալիս են ու թոզ են փչում, թե այս ու այն կվերականգնենք, իրականում չենք պահպանում մեր մշակութային հուշարձանները՝ սկսած «ծածկած» շուկայից:
Լիլիթ Գալստյանը հիշեց իր՝ պատգամավորական տարիներին արած հայտարարությունը: Երբ 2009-ին ստեղծվել էր Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակը նշող կառավարական հանձնաժողով՝ վարչապետի ղեկավարությամբ, ինքը եւ շատերը գոհունակության զգացողություն էին ունեցել: «Ավաղ, գոհունակությունս սոսկ տեսական էր ու կարճատև, որովհետև նրանք, ովքեր ներկա էին փետրվարի 19-ին Օպերայում կազմակերպված, այսպես ասած, հոբելյանական հանդիսությանը, խորը հիասթափություն, եթե ոչ վիրավորանք ապրեցին… Կիսադատարկ ու մութ դահլիճում, խղճուկ ձևավորմամբ, խայտառակ ձայնային հնչողությամբ, գավառական, անճաշակ միջոցառում էր, որին ոչ մի պետական կարգավիճակ ունեցող համերգային կոլեկտիվ չէր մասնակցում: Ի՞նչ են տվել, որ ինչ անենք՝ եղավ մասնակիցներից մեկի արձագանքը ու ես հիշեցի, որ 2007-ին ընդամենը մեկ համերգային ձեռնարկի համար 235 000 դոլար էր ծախսվել պետբյուջեից ու այդ նույն դահլիճում օրերս կազմակերպած «Եվրատեսիլի» մրցույթը, որի արկածային ընթացքը, կարծես թե ուրիշ դարդ չունենք, գրավել է լրահոսը… Իսկ Արամ Մանուկյանը մեր ժամանակների հերոսը չէ»,- դեռեւս տարիներ առաջ իր ելույթում հնչեցրել էր տիկին Գալստյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Տարածք չեն վերաբերվում, այլ տարածքԻ են վերաբերվում: Հայերեն սովորեք, սիրելիներս:
Լիլիթ Գալստյան դու քո ասածները լսում ես?
Դե ասա տեսնեմ, ով է քո կուսակցական ընկեր Արա Նռանյանը, Կիմ Բալայանը, Հրայր Կարապետյանը: Քո կուսակցական ընկեր Աղվան Վարդանյանը մանկատան երեխաների փողերը կերավ, երբ նախարար էր: Մեծ աղմուկ եղավ չես լսել? Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը ծախեց, կողքին կանգնած էիք, չէիք տեսնում?
Հայաստանը ծախողներից մեկն էլ դուք եք, քանի որ իշխանության մեջ եք: Լռեք: Մեկ էլ Անահիտ Բախշյանն է իշխանությանը քննադատում, լինելով պետական պաշտոնյաՙ: Բայց նա մեկ մարդ է, դուք ողջ կուսակցությամբ եք: Գողը ամենաբարձր է գոռում բռնեք գողին տրամաբանությունն է աշխատում: Դաշնակների մասին են ասում՝ համ հաճույք են ստանում համ կույս մնում: