Հանրապետությունում կենդանիների համարակալման հարցը քննարկելու նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 8-ին ընդունեց Շվեյցարական համագործակցության գրասենյակի փորձագետ Ռոնալդ Ռուիսին:
Ծառայության պետը ներկայացրեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և նույնականացում՝ ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների ամրացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել կենդանիների տեղաշարժը և առավել արդյունավետ՝ հիվանդությունների հսկողությունն ու հակաանասնահամաճարակային միջոցառումները՝ միաժամանակ ստեղծելով տվյալների ամբողջական բազա:
Հաշվի առնելով, որ հանրապետությունում առաջին անգամ է իրականացվելու համարակալման լայնածավալ գործընթաց՝ հանդիպման ընթացքում Ծառայության պետը կարևորեց միջազգային փորձն ու համագործակցությունը փորձագետների և մասնագիտական կառույցների հետ, ինչը հնարավորություն կընձեռի, նկատի ունենալով նաև Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները, ծրագիրն իրականացնել հաջողությամբ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, ով տեղեկացրեց, որ նախկինում Վայոց Ձորի մարզում իրականացվել է կենդանիների համարակալման պիլոտային ծրագիր՝ ընդգրկելով շուրջ 23 հազար խոշոր եղջերավոր կենդանիներ, ինչի շնորհիվ այսօր արդեն հնարավոր է խուսափել համարակալման գործընթացում հնարավոր խոչընդոտներից ու թերություններից:
Փորձագետ Ռոնալդ Ռուիսը, կիսվելով այս ոլորտում իր ունեցած փորձով, կարևոր նախապայման համարեց գործընթացում ֆերմերների ներգրավվածությունն ու մասնագետների համապատասխան վերապատրաստում անցնելու հարցը:
Շվեյցարացի փորձագետը համակարգը ներդնելու հարցում աջակցելու իր պատրաստակամությունը հայտնեց: Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ ձեռքբերվեցին հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ:
Ծառայությունը շարունակում է աշխատանքները դոնոր կառույցների ներգրավման և կենդանիների համարակալման ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու ուղղությամբ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
էտ համարները ձեր ու ձեր երեխեքի ականջներին կախեք:
գոնե անասուններին հանգիստ թողեք այդ գենդեռապաշտներ