Aravot.am-հետ զրույցում Շիրակի մարզպետարանի սպորտի ու մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանն անկեղծացավ, որ Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնությանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոն, գյումրեցի Արթուր Ալեքսանյանի՝ Սպիտակ արջի մրցամարտերին հետեւել է լարված, չկարողանալով մի վայրկյան անգամ նստել, իսկ հաղթանակը տեսնելիս՝ սկսել է լաց լինել:
«Ամբողջ գիշեր ինտերնետով նայել ու հերթով վերլուծել եմ մրցամարտերը: Արթուրը եզրափակիչ դուրս եկավ Օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզաիի հետ: Մենք լավատեսորեն էինք տրամադրված, որ Արթուրը ամեն ինչ անելու է, որովհետեւ օլիմպիական խաղերից հետո մեկ անգամ էլ էր հաղթել Ռեզաին, հույս ունեինք, որ նորից հաղթելու է, եւ Փառք Աստծո, Արթուրը 3:0 հաշվով հաղթեց: Շատ հուզված էի, անընդհատ քայլում էի սենյակում, աչքի պոչով էի նայում, նույնիսկ կարող եմ ասել, որ աչքերս լցվեցին հաղթանակից հետո: Ես հիմա Ծաղկաձորում եմ, սենյակից դուրս եկա, մտա մյուս սենյակը, որտեղ Լավագույն մարզական ընտանիքի թիմի մարզիչներն էին, նրանք էլ հետեւում էին, ասացի՝ շատ հուզված եմ, մեր տղաներից մեկն ասաց՝ նոր ես լվացվեցի, որ արցունքներս չերեւան:
Մեր՝ շիրակցիներիս համար Ծաղկաձորում ավելի շատ ոգեւորող է այն, որ առավոտից շնորհավորանքներ ենք ստանում, տա Աստված յուրաքանչյուր մարզաձեւում ունենաք Արթուր պես առաջնորդ մարզիկ: Թիմը Ամերիկայից վերադառնում է ուրբաթ օրը երեկոյան 8-ին Զվարթնոց օդանավակայանում, մենք Ծաղկաձորից մեր մարզիչներով գնալու ենք: Իհարկե, Գյումրիից էլ շատ մարդիկ կլինեն, մեծ հանդիսավորությամբ կդիմավորենք աշխարհի կրկնակի չեմպիոնին», -ասաց Վաչիկ Վարդանյանը:
Մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ Արթուրին երկրպագելու էին գնացել Կալիֆորնիայի ու Լաս Վեգասի մեծ թվով հայեր: «Իհարկե, մենք չէինք էլ կասկածում, որ Արթուրը կհաղթի, բայց դե սպորտ է, ամեն ինչ կարող է պատահի. Աստված ոչ անի վնասվածք, անցյալ աշխարհի առաջնությանը Արթուրը մասնակցում էր կողոսկրի վնասվածքով, այդ մասին շատ քչերը գիտեին, որոնցից մեկը ես էի»:
Կարդացեք նաև
Ըստ Վաչիկ Վարդանյանի, այսօր հայ 5 ըմբիշ եւս ելույթ են ունենալու Լաս Վեգասում, երկուսը Շիրակի մարզից են՝ 71 քաշային կարգում Վարշամ Մուրազյանը՝ Ախուրյանից, իսկ ծանր քաշային կարգում գյումրեցի էդգար Խաչատրյանը: Շիրակի մարզպետարանի պաշտոնյան հաղթանակի հույսեր է փայփայում: Նա անհամբեր սպասում է, որ եզրափակչում կունենանք մասնակիցներ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ