Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հունիսի 13-ին Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի կազմակերպած ակցիայի պատճառով Հայաստանը տուգանվել է 25 հազար եվրոյով: Այս մասին Aravot.am-ին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Շահեն Հարությունյանը Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ անակնկալ ձեւով ներխուժել էր մարզադաշտ եւ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիա անցկացրել:
Ռուբեն Հայրապետյանը չցանկացավ անդրադառնալ երեկ Հայաստան-Դանիա խաղի ժամանակ ոստիկանների եւ Շահեն Հարությունյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, չցանկացավ խոսել նաեւ Շահենի հետ ունեցած իր զրույցի մասին, միայն ասաց, որ երկրորդ-երրորդ այսպիսի ակցիայի դեպքում մարզադաշտին կզրկեն խաղեր անցկացնելու իրավունքից:
«Մենք արդեն իսկ իրավունք չենք ունենա խաղալ այս մարզադաշտում, բայց քանի որ ՖԻՖԱ-ի կողմից ընդունված մեր մարզադաշտը Հանրապետականն է, նշանակում է մեր հավաքականը 2-3 խաղ Հայաստանում չէր խաղա»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանները Շահեն Հարությունյանին թույլ չեն տվել Հանրապետական մարզադաշտում հետեւել ֆուտբոլային խաղին:
Շահեն Հարությունյանի պատմելով՝ իր նկատմամբ բռնություններ կիրառելուց հետո դուրս են շպրտել մարզադաշտից, ինչի արդյունքում նա ստացել է ոտքի թաթի սալջարդ, տեղափոխվել հիվանդանոց:
Նշենք նաեւ, որ ֆեյսբուքյան իր էջում Շահեն Հարությունյանը միջադեպի առնչությամբ մասնավորապես գրել է. «Միանշանակ սա սադրանք էր, որի հրամանը իմ համար անհայտ է։ Եթե ոչ Վովա Գասպարյանն է այդ հրամանը տվել, և ոչ Ռուբեն Հայրապետյանը, ապա թող իրենք պարզեն թե ով է եղել այդ հրաման տվողը, որը նաև հերթական անգամ սևացնում է իրենց»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ