Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ Ռուսաստանն օգնելու է Հայաստանին». Վլադիմիր Եվսեեւ

Սեպտեմբեր 08,2015 17:53

«Հանդիպումը ոչ մի հեղաշրջում չի անի: Ժամացույցի սլաքներն էին համաձայնեցնում»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ խոսելով Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման մասին՝ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով՝ դա սովորական աշխատանքային հանդիպում էր, որտեղ քննարկվեցին հայ-ռուսական հարաբերություններում հիմնական հարցերը՝ էներգետիկա, գազի գին, զենքի վաճառք, վարկ:

Ըստ Իսկանդարյանի, արդեն Իրանով պայմանավորված՝ տարածաշրջանային իրավիճակը փոխվում է: Իրանն այլեւս տարածաշրջանում այլ տեղ ու դեր է զբաղեցնելու, Թուրքիայում անկանխատեսելի զարգացումներ են լինում, Արեւելքում պատերազմ է, Սիրիայում իրավիճակ է կարծես փոխվում: Եվ այս ամենի շուրջ Հայաստանի դիրքորոշումը հստակեցնելը ՌԴ-ի համար կարեւոր է:

Iskandaryan_Markarov-4

Ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեեւի, Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման արդյունքների մասին խոսելիս պետք է առաջին հերթին նշել գազի գնի շուրջ պայմանավորվածությունը: Ռուսական «Գազպրոմը» 24 դոլար զեղչված գներով է գազ մատակարարելու Հայաստանին. «Բայց ինձ դուր չի գալիս այն, որ Հայաստանի սպառողները շարունակելու են բարձր գներով վճարել: Եթե այդ զեղչն անդրադառնար ՀՀ սպառողների վրա՝ դա ուրիշ հարց, բայց այսպես ստացվում է, որ այդ զեղչը հնարավորություններ է տալիս կառավարությանը, ոչ թե սպառողին»:

Երկրորդ կարեւոր հանգամանքն, ըստ նրա, այն է, որ Ռուսաստանը վարկ է տրամադրում Հայաստանին զենքի գնման համար , ինչը առաջընթաց կապահովի Ղարաբաղյան հակամարտության գոտում: Հայաստանն արտոնյալ պայմաններով այնպիսի զինատեսակներ է գնում, որն ունի Ադրբեջանը, եւ այդ վարկը անհրաժեշտ էր՝ ուժային հավասարակշռությունը պահելու համար: Նա հայտարարեց. «Ադրբեջանը պետք է հասկանա, որ Ռուսաստանն օգնելու է Հայաստանին եւ ուժային հավասարակշռությունը պահելու է: Քանի դեռ կողմերից մեկն ունի առավելություն, բանակցային սեղանի շուրջ չի նստի: Բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը վտանգավոր է, այսօր շփման գծում օգտագործվում է խոշոր տրամաչափի զինտեխնիկա եւ տուժում է խաղաղ բնակչությունը: Ադրբեջանը չպետք է զգա իր առավելությունը, ՌԴ-ն կառուցողական քաղաքականություն է վարում՝ հավասարակշռելով կողմերին»:

Հարցին՝ ռուսական վարկի տրամադրումը զենք գնելու համար նշանակում է, որ այլեւս բանակցային ճանապարհով հնարավոր չէ՞ հարցի լուծումը, միայն զենքի միջոցո՞վ է դա հնարավոր՝ Վլադիմիր Եվսեեւը պատասխանեց, որ այն միայն հավասարակշռությունը պահելու համար էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930