Սեպտեմբերի 12-ին Լոռու մարզում միաժամանակ երկու փառատոն է տեղի ունենալու: Դրանցից մեկն Օձունում անցկացվող «Օձունի գանձեր» չորրորդ միջհամայնքային փառատոնն է, մյուսը՝ «Խորովածի, արվեստի ու երաժշտության» փառատոնը, որը կանցկացվի Ախթալայում։
«Օձունի գանձերը» փառատոնի կազմակերպիչ, Հայաստանում G2IA-ի ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ փառատոնին մասնակցող 15 համայնքները կներկայացնեն իրենց բնամթերքը ցուցահանդես-վաճառքում, կցուցադրեն տնական օղու և տեղական անուշաբույր խոտաբույսերից ու հատապտուղներից ստացվող ըմպելիքների պատրաստման եղանակը: Նախատեսված են նաև մի շարք մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, լարախաղացների ելույթներ և այլն:
«Փառատոնի նպատակն է վերարժևորել Օձունի և հարևան գյուղերի տեղական արտադրության մթերքներն ու պատմամշակութային ժառանգությունը»,- ասաց Զ. Մինասյանը։
Դառնալով «Խորովածի, արվեստի ու երաժշտության» փառատոնին՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ սեպտեմբերի երկրորդ շաբաթն իրենք հայտարարում են խորովածի օր, քանի որ բազմաթիվ կերակրատեսակների համաշխարհային օրեր կան, իսկ խորովածի՝ չկա։ Ախթալան էլ հայտարարել են խորովածի մայրաքաղաք. «Ով կընդունի՝ լավ, ով չի ընդունի՝ իր գործն է»,- ասում է Մամուլյանը։
Կարդացեք նաև
Նրա փոխանցմամբ՝ Խորովածի փառատոնին լինելու են 20-ից ավելի տաղավարներ՝ ներկայացնելով Երևանն ու Հայաստանի տարբեր մարզերը: Ներկա են լինելու նաև ռուս, վրացի խոհարարներ, որոնք ընդգրկված կլինեն ժյուրիի կազմում, ինչպես նաև ֆրանսահայ խոհարար Ալեն Ալեքսանյանը, որը մեծ հեղինակություն ունի խոհարարության ասպարեզում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի բնորոշմամբ՝ այս երկու փառատոները ակտիվ համագործակցության օրինակ են. «Համախմբվել են ինչպես երկու փառատոների կազմակերպիչները, այնպես էլ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները»,- նշեց նա:
Մ. Ապրեսյանի գնահատմամբ՝ այս փառատոներն իրենց արդյունքը տալիս են արդեն. «Տարիներ առաջ, երբ գործընթացը նոր էր սկսվում, նպատակ էր դրվում, որ դառնան ավանդական փառատոներ ու լինեն զբոսաշրջությունը խթանող տարբերակ։ Եվ այդպես էլ եղավ. գնալով հետաքրքրությունը մեծանում է դրանց նկատմամբ. այնքան, որ այսօր հենց այս փառատոներին մասնակցելու համար վաճառվում են հատուկ զբոսաշրջային փաթեթներ»,- ասաց նա։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ